կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 13:09
Տնտեսական

Ո՞վ է հաշվել միջին աշխատավարձը…

Ո՞վ է հաշվել միջին աշխատավարձը…

Անցնող` 2012 թվականն ամփոփող հաշվետվության մեջ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է միջին անվանական աշխատավարձերին վերաբերող թվեր, որոնք, մեղմ ասած, խելքին մոտ չեն:

 

Մասնավորապես` միջին ամսական անվանական պետական աշխատավարձը 2012 թվականի համար համարվում է 94 հազար 880 դրամը, իսկ ոչ պետական միջին անվանական աշխատավարձը` 145 հազար 601 դրամ: Այսինքն` 2012 թվականին պետական աշխատավարձ ստացողները միջինում ստացել են  ամսական մոտ 95 հազար դրամ, իսկ ոչ պետական` մոտ 145 հազար դրամ աշխատավարձեր:

 

Այս ցուցանիշը չի կարող հավատ ներշնչել մի քանի պատճառներով: Նախ` պաշտոնական վիճակագրություն կազմելիս Հայաստանում միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվում են երկու հիմնական մեծություններ` Հայաստանում բոլոր աշխատողների հայտնի թվաքանակը եւ նրանց ստացած աշխատավարձերի չափը: Ըստ այդմ` բոլոր աշխատողների աշխատավարձերը գումարվում են իրար ու ստացված թիվը բաժանվում է աշխատողների թվաքանակի վրա: Այսինքն` միջին աշխատավարձը հաշվարկվում է թվաբանական միջինի սկզբունքով:

 

Ինչու այս թիվը չի կարող հավաստի լինել. նախ, որովհետեւ Հայաստանում ոչ բոլոր աշխատողերի թիվն է հայտնի ազգային վիճակագրական ծառայությանը, ինչպես նաեւ մեր երկրում, արդեն բազմիցս խոսվել է սրա մասին,  ընկերություններն ու անհատ գործատուները երկու հաշվապահություն են վարում: Աշխատողների թվի եւ նրանց աշխատավարձերին վերաբերող տվյալներն էլ են այս տիրույթում գտնվում: Բացի այդ, թող յուրաքանչյուր մարդ իր  ծանոթ-բարեկամներին նայի, ու պարզ կդառնա, որ Հայաստանում 145 հազար դրամ աշխատավարձը համարվում է բարձր աշխատավարձ: Մարդիկ հիմնականում ավելի քիչ են վարձատրվում:

 

Սա հենց թվաբանական միջինով աշխատավարձ հաշվարկելու արդյունքն է: Այս մեթոդով հաշվարկված աշխատավարձերը կոչվում են margian աշխատավարձեր: Միջին անվանական աշխատավարձի այս մեծությունը ակտիվորեն կիրառվում է մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրության եւ վերլուծությունների ժամանակ, բայց կատարյալ անգործունակ է դառնում ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրելու առումով:

 

Իսկ աշխարհի զարգացած երկրները այդ բացը լրացնելու համար ստեղծել են միջին անվանական աշխատավարձի հաշվարկման եւս մեկ տարբերակ, որը կոչվում է median: Այս եղանակով հաշվարկներ կատարելիս իրար կողքի` աճման կարգով, դասավորվում են բոլոր աշխատավարձ եւ աշխատավարձերին հավասարեցված վճարներ ստացողների ստացած գումարների թվերը: Այնուհետեւ ընտրվում է այն թիվը, որից ավելի մեծ եւ ավելի փոքր մեծության աշխատավարձ ստացողների թիվը հավասար է: Այս կերպ աշխատավարձի հաշվարկումն արդեն անհամեմատ ավելի դիպուկ է բնութագրում աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարներ ստացողների սոցիալ-տնտեսական վիճակը:

 

Օրինակ` ենթադրենք, թե մի ընկերություն կամ գրասենյակ ունի 20 աշխատակից, որոնցից 16-ը ստանում են ամսական 70 հազար դրամ աշխատավարձ, 3-ը` 150 հազար դրամ և տնօրենը` 1 միլիոն դրամ, ապա Հայաստանում ընդունված մեթոդաբանությամբ հաշվելով` տվյալ ընկերությունում միջին աշխատավարձը կկազմի 128 հազար 500 դրամ: Բայց իրականում այդ թվին մոտ չափով աշխատավարձ ստանում են 20-ից միայն 3-ը, մեկն անհամեմատ ավելի բարձր է ստանում, իսկ մնացած 16-ը ստանում են համարյա կիսով չափ քիչ աշխատավարձ: Իսկ եթե այդ նույն հիմնարկի համար միջին աշխատավարձի արժեքը հաշվարկվեր մեր նշած` median-ի սկզբունքով, այդ դեպքում միջին աշխատավարձը կկազմեր 70 հազար դրամ:

 

Ուստի, երբ Հայաստանում, օրինակ, գյուղական գրադարանավարի աշխատավարձը, որը ամսական մոտ 45-50 հազար դրամ է, գումարվում է պատգամավորի աշխատավարձին, որը ամսական 275 հազար դրամ է, ու բաժանվում երկուսի, ապա այդ երկուսի միջինը կլինի մոտ 160 հազար դրամ, ինչը 3 անգամ ավելի շատ է գրադարանավարի աշխատավարձից ու համարյա կիսով չափ պակաս` պատգամավորի աշխատավարձից եւ չի բնորոշում ո’չ առաջինի, ո’չ էլ երկրորդի սոցիալական կարգավիճակը:

 

Դրա համար էլ մարդիկ, թեկուզ` պետական շարքային աշխատանք կատարողները, մի օր  արթնանում են ու հայտնաբերում, որ իրենց ամսական միջին աշխատավարձը 95 հազար դրամ է, եւ չեն հասկանում, թե ինչպես է այդ թիվը ստացվել, ու սկսում են չհավատալ ո’չ կառավարությանը, ո’չ վիճակագրությանը, ո’չ էլ որեւէ մեկին: Նրանց մոտ առաջանում է անարդարության զգացում:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ