կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 16:50
Տնտեսական

Ձեզ պահե’ք ձեր թվերը, մեզ իրականությունն է հետաքրքրում

Ձեզ պահե’ք ձեր թվերը, մեզ իրականությունն է հետաքրքրում

Այս տարի կառավարությունում չալարեցին, կավճապատ գունավոր թղթերով մի քանի հազար օրինակով տպագրեցին ու տարածեցին «Արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը:

 

Այդ փաստաթղթում սեւով դեղինի վրա ամրագրված էր նաեւ «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն» կոչվող բաժինը: Այն հնարավորություն էր տալիս ենթադրելու, թե կառավարությունը, վերջիվերջո, վճռել է վարել արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականություն, ասել է թե` ոչ թե խրախուսել արտերկրից Հայաստան ապրանքների ու ծառայությունների ներմուծումը, այլ խթանել տեղում ապրանքների ու ծառայությունների արտադրումն ու նույնիսկ հնարավորություններ, գործիքներ ու միջոցներ ստեղծում դրանք արտահանելու ուղղությամբ:

 

Բայց բոլորովին այլ պատկեր է ստացվում, երբ տարեվերջյան ամփոփումների ժամանակ երկրի մկրոտնտեսական ցուցանիշների շարքում ծանոթանում ենք մի շարք ցուցանիշների: Մասնավորապես` եթե երկրի տնտեսության համար պատասխանատուները գրանցում են ցուցանիշ, ըստ որի` Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է 12.7 տոկոսանոց աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքը` 30.1 տոկոս աճ, դա արդեն լավ է: Բայց երբ երկրի արտաքին 5 միլիարդ 672.7 միլիոն դոլարի առեւտրաշրջանառության մեջ առյուծի բաժինը` 4 միլիարդ 249 միլիոն դոլարի չափով, բաժին է հասնում ներմուծմանը, իսկ արտահանման ծավալն ընդամենը 1 միլիարդ 423.7 միլիոն դոլարին է համապատասխանում, սա արդեն խոսում է բոլորովին այլ բանի մասին:

 

Սա նշանակում է, որ դեռեւս անհասանելի են եւս մի ռազմավարություն ու նրա մեջ նշված նպատակներ: Ու այդպես կշարունակվի, քանի դեռ տարին տարվա վրա թվեր նկարելուց այն կողմ չենք անցել: Իսկ երբ մեր հայրենի կառավարությունն այնքան խիզախություն ունենա, որ նախ ինքն իրեն չխաբի իր ներկայացրած թվերով, իսկ հետո` իր որոշումներին ու գործերին ապավինած քաղաքացիներին, ու գեղեցիկ բառերով շարադրված ծրագրերին, հայեցակարգերին, ռազմավարություններին փոխարինելու գան իրատեսական ծրագրեր եւ դրանց կատարման համար անհրաժեշտ կամքը, արդեն իրականությունն էլ կսկսի կամաց-կամաց համապատասխանել հաշվետվություններում ներկայացված թվերին:

 

Թե չէ սուտ ու նկարված թվերը, լավագույն դեպքում, ոչինչ չեն տա, իսկ իրականում` միայն բացասական հետեւանքների կհանգեցնեն: Որովհետեւ անիրական թվերով մշակված ցանկացած քաղաքականություն միշտ էլ սխալ է լինում ու, եթե անգամ չի խանգարում, ապա գոնե չի ծառայում հայտարարված նպատակին:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ