կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-16 10:20
Հասարակություն

«Դիրքերը հո չե՞ք տվել: Պահե՛ք, դիրքերը լա՛վ պահեք». Հրազդանի Աբոն այսօր կդառնար 54 տարեկան

Արցախյան ազատամարտի մասնակից, Հրազդանի Դաշնակցական ջոկատի հրամանատար, Շուշիի առանձնակի գումարտակի կազմում գրոհային մարտկոցի հրամանատար Ալբերտ Ալավերդյանը՝ Աբոն, այսօր կդառնար 54 տարեկան:

Ալբերտ Ալավերդյանը ծնվել է 1963թ-ի սեպտեմբերի 16-ին Քարհատի (թուրքերեն՝ Դաշքեսան) Զագլիկ (Փիպ) գյուղում:  3-4 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Հրազդան: 1981-1983 թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ–ում՝ ծառայությունն անցկացնելով Գերմանիայում։ 1990-1994 թթ․ մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է Հայաստանի անկախության բանակի անդամ, որի լուծարումից հետո Հրազդանի ՀՅԴ կամավորական ջոկատի, այնուհետև Շուշիի առանձնակի գումարտակի կազմում որպես գրոհային մարտկոցի հրամանատար մասնակցել է Երասխ, Վարդենիսի, Նոյեմբերյանի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գործողություններին։ Զոհվել է Կարախանբեյլի գյուղի մարտերում։

Ալբերտ Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ազատամարտիկի աճյունն ամփոփված է Հրազդան քաղաքում։

Դեռևս 1997թ-ին Հրազդանցի Աբոյի մասին գրել է Աշոտ Պետրոսյանը («ԱԼԻՔ», թիվ 265, 6 դեկտեմբերի, 1997):

«Ըստ կարգավիճակի Աբոն բարձր էր շատ, որովհետեւ կամ Պետոն էր դիրքի պատասխանատու լինում, կամ Աբոն, Հրազդանի Աբոն՝ Շուշիի առանձնակի գումարտակի վարչապետը:

Ռուբոն, Մհերը Սմբոյի հետ վերազարթոնքի շարժումներին են մասնակցել եւ զինվոր են դարձել ՀԱԲ-ում: Շուտով այդ կառույցը կազմալուծվում է, եւ տղաներն անդամագրվում են ՀՅԴ-ին: Բոլորի մեծը «աֆղանցի» Արարատն էր: Այդ ժամանակ կոմիտեները կռվելու պատրաստ դաշնակցականներ էին հավաքագրում, եւ տղաները ներկայացան Արարատին:

Երեքով գնացին՝ Արարատը, Աբոն, Ռուբոն: Պռոշյանից Կարոտն էր, Պետոն, Հրաչը, Վարդգեսը, Արմենը, Բաղրամյանից՝ Ռոմիկը, Թոթոսը, Մանվելը: Պավլիկն էր Ապարանից, քիչ անց Մուրադը եկավ: Թալինցիներն էին: 

Աբոն պարզորոշ գիտեր, թե ով է իր զինվորներից տվյալ օրն ի վիճակի կռվելու: Ասում էր. «Էսօր դու վատ կանխազգացում ունես, դու տեղ չես գնա»: Զինվորը վախի մասին չէր արտահայտվում, սակայն Աբոյի ներըմբռնումը, անմիջական իմացական կարողությունը մեծ էր: Աբոն զինվորի հոգին կարդում էր, ինչպես բաց գիրք:

Երասխավանից է իր կռիվների սկիզբը դրել: Բայց ինքն արդեն իր զենքը վաղուց ուներ, հմուտ մասնագետ էր եւ ինքն էր պատրաստել:

Աբոն միանգամից մարսվող կերպար չէր: Ռազմական գործի մեջ նա ընկեր չէր ճանաչում, ռազմական հմուտ մանկավարժ էր, աշխատում էր մարդկանց բնավորությունը կոփել, կամքը կռել եւ նրա ասածին առարկել կամ չհամաձայնել չէր լինում, որովհետեւ միաժամանակ անչափ հոգատար էր իր զինվորների նկատմամբ:

Հրազդանցի Անդրանիկ Ափոյանի խոսքով՝ Աբոն մարտադաշտը պատկերացնում էր այնպես, ինչպես մարզական մեկնաբանը՝ մարզադաշտը: Ամեն մի փամփուշտ գիտեր տեղին օգտագործել:

Տեղանքում կողմնորոշվում էր ինչպես իր տան մեջ: Ճանաչում էր բնությունը եւ սիրում էր իր այգու նման: Ռազմավարական առումով ուներ մեծ ձիրք:

Նա զոհվեց 1994 թվականի հունվարի 10-ին, Ֆիզուլիի մերձակա գյուղերից Կարախանբեյլիի մոտ: Ալեքսան Պողոսյանի վկայությամբ՝ Աբոն սկզբում վիրավորվեց, եւ ոտքերը կտրված վիճակում ասում էր. «Տղերք, մի՛ փախեք»: Ավտոմատը բռնած կրակում էր: Հետո զինբուժարանում, գրեթե արյունաքամ վիճակում նայեց, տեսավ վիրավորները շատ են, ասաց. «Դիրքերը հո չե՞ք տվել: Պահե՛ք, դիրքերը լա՛վ պահեք»: Սրանք էին Աբոյի վերջին խոսքերը եւ մեկ էլ. «Զենքս էսինչ մարդու մոտ է»:

Մեծ հեղինակություն էր, սիրված ընկեր, ազդեցիկ եւ առաքինի Ալբերտ Ալավերդյանը՝ Հրազդանի Աբոն: Հրազդանի Չարենցավանի, Աբովյանի, Սեւանի ավազանի ջոկատների պատասխանատուն, իդեալ զինվորի անուն շահած մարդը, զինվորական գործի գաղափարական, կազմակերպական եւ հոգեբանական կողմերի գիտակը»: