Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նարեկացի» արվեստի միությունը տոնական և մշակութային տրամադրությամբ նշեց իր 12-րդ տարեդարձը՝ տոնը նվիրելով հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Միության դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը` ջերմ, իսկ հանդիսատեսը` հետաքրքրված և հիացմունքով լի: «Սայաթ-Նովայի հետ» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացրեց աշուղ-բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձած մշակութային գործիչների, գիտնականների, երաժշտագետների աշխատանքները:
Տոնական միջոցառումը սկսվեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով բարի գալուստ մաղթեց հյուրերին և խոսքը փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: «Ըստ «Նարեկացի» արվեստի միության ավանդույթի՝ կարևոր միջոցառուները սկսվում են Տիրոջ օրհնությամբ»,- նշեց Նարեկ Հարությունյանը:
Միության 12-րդ տարեդարձի բացումը շարունակվեց տերունական աղոթքով, որից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: «Նարեկ Հարությունյանի մոտ տարիներ առաջ հղացավ այս միտքը, և նա համարձակություն ու խիզախություն ունեցավ, որպեսզի կյանքի կոչի այն: ՆԱՄ-ը Տիրոջ առաքյալների թվով՝ 12-ով է նշում իր այս տարեդարձը. թող 12-րդ տարին դառնա 72 և բազմապատկվի: Ես այստեղ եմ` որպես բարեկամ, և ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Նարեկ Հարությունյանին ու նրա գործընկերներին: Վերջերս միության անդամները Բերդում էին և խիզախեցին 4 անգամ համերգ տալ, այդ թվում՝ զորամասերում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, իսկ ձեր ծավալած գործունեությունը մնա ոչ միայն Երևանի ներսում, այլև հասնի և տարածվի մարզերում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ»,- նշեց եպիսկոպոսը:
Տավուշի թեմի առաջնորդը «Նարեկացի» արվեստի միությանը նվիրեց խաչ, որը բերել էր Երուսաղեմից:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ միջոցառման հյուրերին ներկայացրեց ՆԱՄ-ի անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, որն իրականացվել էր տարիների ընթացքում:
«Այսօր մեր տոնն է, որը պետք է նշենք երգով ու պարով: Մեր ծնունդն իր մեջ ունի շատ կարևոր խորհուրդ, այն ամեն տարի մեզ է հիշեցնում մեր ուխտի մասին: Մենք առաքելություն ունենք` անշահախնդիր, վեհությամբ և հավատով ծառայելու մեր մշակույթին, մեր ազգին: Այդ պատճառով էլ միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը, որ Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի: Ամեն հայ մեր ուխտի մի մասն է կազմում, քանի որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն: Մեր փոքրիկ օջախը կոմպոզիտոր Մանսուրյանն անվանում է «հոգևոր տուն», որն արդեն 12 տարի է, ինչ հավատարիմ է իր գործունեությանը: Այս տարիների ընթացքում մեք շատ գործեր ենք իրականացրել, բայց շատ գործեր էլ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Նարեկ Հարությունյանը:
Ծննդյան օրվա միջոցառումներին հանգուցվեց նաև «Նարեկացի» արվեստի միության նոր կայքի բացումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան), «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և այլն:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունները» գրքի հրատարակումն իրականացնելու համար: Գրքում Հենրիկ Բախչինյանը ներկայացրել է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև աշուղ-բանաստեղծին նվիրված ցուցահանդեսի բացում, որտեղ ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար» ձեռագիր մատյաններից մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:
«Նարեկացի» արվեստի միության լրատվության և PR բաժին