կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 17:36
Քաղաքական

Եղբորս վերարկուն ինձ համար փոքրացրեցին. Գալուստ Սահակյանի ամենահիշարժան նվերը

Եղբորս վերարկուն ինձ համար փոքրացրեցին. Գալուստ Սահակյանի ամենահիշարժան նվերը

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ նրա ընտանիքն անհամբերությամբ են սպասում Նոր տարվան: Այս մասին Սահակյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

«Ընտանիքով հավաքվում ենք` որդիներով, հարսներով, թոռներով, եւ հաճելի պահեր ենք ապրում այդ երկու օրերին»,- պատմեց նա:

 

Ամանորն արտասահմանում չեն նշում, սովորաբար նշում են կա'մ Երեւանում, կա'մ Դիլիջանում, կա'մ Ջերմուկում: «Իհարկե, այստեղ ավելի թանկ է նստում, քան արտասահման գնալը, բայց հակում չունեմ արտասահման գնալու: Նախախնամություն ունեմ, որ մեր հողի վրա մեր մոտեցումներով նշենք տոնը: Պահպանողական բնավորություն ունեմ այդ առումով»,- հայտարարեց Սահակյանը:

 

ՀՀԿ փոխնախագահը խոստովանում է, որ Հայաստանում Ամանոր նշելը բավականին թանկ է նստում, հատկապես այդ օրերին ամեն ինչ թանկանում է: Այն, որ, օրինակ, մարդիկ կան, ովքեր տոնական սեղան գցելու համար վարկ են վերցնում, Գալուստ Սահակյանը ե'ւ դրական է համարում, ե'ւ բացասական:

 

«Բոլորն ապավինում են, որ հաջորդ տարին ավելի լավը պետք է լինի, եւ դա կապում են սեղանի առատության հետ, ինչը ե'ւ ճիշտ է, ե'ւ սխալ: Ճիշտ է այն առումով, որ բոլորը միասին նստում են ընթրիքի, կենացներ են խմում, բարեմաղթանքներ ասում: Սխալ է այն առումով, որ ժողովրդի զգալի մասն այդ հնարավորությունը չունի: Ես միշտ խոհեր եմ ունենում այդ ամբողջ ընթացքում, երբեմն մտորում եմ, թե ով է ամենաերջանիկը, եւ գտնում եմ, որ ՀՀ-ում երջանիկ մարդ չի կարող լինել, որովհետեւ եթե կողքդ գեթ մի փոքր թշվառություն կա, արդեն երջանիկ չես»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը թեեւ խոստովանում է, որ Նոր տարուց հետո 15-20 օր առեւտուրը կանգնում է, քանի որ մարդիկ ծախսած են լինում իրենց վերջին գումարները, բայց, մյուս կողմից, ուրախությամբ արձանագրում է, որ մենք` հայերս, ավանդույթները պաշտպանում ենք:

 

Ձմեռ պապի գոյությանը ՀՀԿ փոխնախագահը մինչ օրս էլ հավատում է: «Դա մարդու ներաշխարհի ամբողջության մի մասն է կազմում: Իհարկե, դա այն մարդկանց մասին է, ովքեր այս կամ այն կերպ հավատավոր են, հավատում են նախախնամությանը, հավատում են տիեզերական ուժերին: Իսկ մարդն առանց նման հավատի չի կարող ապագայի նկատմամբ դրական վերաբերմունք ունենալ»,- նշեց Սահակյանը:

 

Նա պատմեց նաեւ, թե որն է եղել Ամանորին ստացած իր ամենահիշարժան նվերը: «50-կաններին, մի ձմռան, երբ մարդիկ ոչ թե վատ էին ապրում, այլ սարսափելի, հինգ երեխա էինք, ես տան փոքրն էի, հիշում եմ, որ մեծ եղբորս վերարկուն փոքրացրեցին, եւ այդ ձմեռ ես այդ վերարկուով անցկացրեցի: Դա մեծ հպարտություն էր, որովհետեւ ոչ բոլորը վերարկու ունեին, մարդիկ ընդամենը կարողանում էին ինչ-որ բանով փաթաթվել, որ չմրսեն: Իսկ երբ արդեն դպրոց հաճախեցի, զինվորական համազգեստին նման դպրոցական հագուստ կար, դպրոցում պահանջում էին, որ այդ հագուստով ներկայանաինք, եւ երբ այդ համազգեստը ստացա, մտածում էի, թե ինչ մեծ նվեր է»,- հիշեց Գալուստ Սահակյանը:

 

Այս տարի Ձմեռ պապից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նորմալ քաղաքական դաշտ է ցանկանում: