Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀԻՇԱՐԺԱՆ ԱՄԱՆՈՐԸ
Չզարմանաք, եթե ասեմ, որ Ամանորն իմ կյանքի ամենահիշարժան օրն է։ Այդպես եղել է մանկուց, այդպես է նաև հիմա։
Այնուամենայնիվ, կա մեկ օր, որն իրապես տարբերվում է բոլորից ու դառնում առավել նշանակալի։ Դա այն օրն է, երբ որդիս՝ Աշոտը, մեր եղևնին զարդարելու յուրօրինակ միջոց գտավ՝ հերթական անգամ իմ գովեստին ու հիացումին արժանանալու համար։ Նա շատ էր սիրում իր յուրօրինակ արարքներով զարմացնել ու հիացնել ինձ ու մերձավորներին։
Այս անգամ նա որոշել էր իր պատրաստած խաղալիքներով զարդարել տոնածառը՝ համոզված, որ դրանք գովեստի արժանի խաղալիքներ կլինեն։
…Եվ չսխալվեց։
Այն, ինչը հայտնվեց մեր բնակարանում Ամանորի նախաշեմին, վեր էր բոլոր սպասելիքներից։
Մենք, անշուշտ, ունեինք տոնածառի անչափ գեղեցիկ խաղալիքներ՝ գույնզգույն, արծաթե փաթիլներով ու ժապավեններով զարդարված գերմանական խաղալիքներ, որոնք տարիներ շարունակ պահպանել ու իմ հայրական տնից բերել էի, քանզի դրանց պահապանը ես էի։ Դրանք և՛ փետրավոր թռչնակներ էին, և՛ ապակե գունագեղ գնդեր ու զանգակներ, որոնք ամեն դուռը բացողի հետ ուրախ զնգում էին օդի առաջացրած տատանումներից։ Զանգակների զնգոցից սկսում էին ծղրտոցի պես ճռվողել խաղալիք թռչնակները՝ դռների արանքում թողնելով Ամանորը շնորհավորելու եկած հյուրերին։ Կանգնում էին ապշահար՝ հասկանալու համար, թե ի՞նչ ուրախություն թևածեց մեր տանը իրենց այցելությունից։
Մի խոսքով՝ ուրա՜խ, ուրա՜խ էր մեր տանն Ամանորին, ու զարդարված եղևնին մեր տան մշտական զարդն էր։
…Եվ մի անգամ Աշոտը որոշեց անակնկալ պատրաստել բոլոր այն հյուրերի համար, որոնք մտնելու էին ու սպասեին զանգերի ու թռչունների ձայները լսելուն։
Նա կարող էր անակնկալի հեղինակ դառնալ, քանզի, մանկության տարիներից սկսյալ, ինձ հետ զարդարում էր տոնածառն ու շատ սիրով էր դա անում։ Անցավ ևս երկու-երեք տարի, ու տոնածառ զարդարելու մենաշնորհն իր ձեռքն առավ Աշոտը, և այլևս ոչ ոք չէր համարձակվում զրկել նրան այդ հաճույքից։
…Ահա և եկավ տոնածառը զարդարելու օրը…, և ես աշխատանքից տուն վերադարձա՝ մտածելով միայն տոնական սեղանի պատրաստության մասին։
Դռան զանգից հետո մեր դուռը բացվեց ու հյուրասենյակից հնչեց մի մեղեդի, որը Աշոտի համար երգել էր մայրիկս։ Երգը Կաղանդ պապիկի մասին էր, բայց այդ մեղեդին ծանոթ էր միայն մայրիկիս ու հիմա արդեն նաև մեզ, քանզի բոլորս ենք քնել այդ մեղեդու հնչյունների ներքո։ Ես կարկամած կանգ առա։
-Մա´մ, ներս արի,- ասաց Աշոտը, և ես առաջանալով՝ մնացի դռների արանքում կանգնած։
Իր մշտական տեղում կանգնած էր չքնաղ մի եղևնի՝ ինքնաշեն խաղալիքներով զարդարված։ Առաջին հայացքից դժվար էր կռահել, թե ինչ է կատարվել, քանզի ճյուղերի վրա բազմել էին բամբակե ճերմակ փաթիլներն, ու գագաթից սկսյալ՝ ցած էին սահում փայլաթիթեղե գույնզգույն անձրևները։
Մնացյալը Աշոտի ձեռքի գործն էր և տոնածառը լեցուն էր ձվի կեղևներից, ընկույզի կեղևների կիսագնդերից, լուցկու դատարկ տուփերից պատրաստված ու գունագեղ տեսք ստացած խաղալիքներով։ Իսկ տոնածառի տակ, ինչպես միշտ, տան բոլոր անդամների նվերներն էին՝ գույնզգույն թղթերով փաթեթավորված։
Չէ։ Դա մեկ օրում անելու բան չէր։ Իսկ թե ինչքա՞ն ժամանակ էր դրան տրամադրել Աշոտը, իմացա հետո։ Այդ պահին միայն ուզում էի նայել, աչքս չկտրել ու հիանալ այն տեսարանով, որը հայտնվել էր իմ առջև և որի համար անկարելի էր չգրկել ու չհամբուրել Աշոտիս։
Իմ Աշոտին, որը սիրում էր և՛ իր, և՛ շրջապատի օրը տոն դարձնել ու մշտապես գտնում էր պահը, ժամն ու օրը։
…Երբ առաջ գնացի, որ մոտիկից նայեմ նրա ձեռքի աշխատանքներին, ստվարաթղթի վրա նկարված ու ներկված թութակը, որի համար մարմին էր դարձել ընկույզի կեղևը՝ երկու կիսագնդերն իրար սոսնձված, սկսեց երգել Աշոտի ձայնով.
-Չի կարելի, չի կարելի… մոտ չգաս, մոտ չգաս…
…Ու ես ծիծաղից մարեցի…
…Անգամ խաղալիքների ձայնային մասն էր ապահովել։
…Իմ հրաշք Աշոտը։
Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆ
Ռադիոլրագրող, հրապարակախոս, 1994թ Քարվաճառի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր, «Ապրելու բանաձև» հաղորդաշարի և մատենաշարի հեղինակ
Հատուկ` yerkir.am-ի համար