Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հաշվելու լինենք, թե ՀԱԿ-ից ով է ամենաշատն արտասանել «ավազակապետություն» բառը, ապա դժվար թե որևէ մեկն առաջ անցնի կամ հետ մնա Բագրատյանից: Բոլորն էլ, այսպես ասենք, ախպերափայ, միշտ էլ առաջին պլանում են եղել, գլուխ չեն պահել, ոչ էլ փորձել են առաջկտրուկ անել միմյանց: Ճիշտ է, առանձին պահերի ՀԱԿ որոշ գործիչներ փորձել են մի քիչ ավելի երևալ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն իրենով ստվերել է բոլորին, ու ցցուն բաներ չեն նկատվել: Ով էլ շատ ցցուն է եղել, այսօր արդեն ՀԱԿ-ում չէ, կամ մտել է ուրիշի թևի տակ:
ՀԱԿ-ում խմորումների ամենամեծ ալիքն սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից հետո, երբ նա փորձեց ՀՀԿ-ԲՀԿ տեսական հակասությունների ոլորտում ԲՀԿ-ին համարել ՀԱԿ պոտենցիալ դաշնակից: Հենց այդ պահից սկսած՝ ՀԱԿ-ը տվեց իր առաջին լուրջ ճաքերը: Անջատվող բեկորներն արդեն ոչ միայն անհատ գործիչներ էին, այլ ամբողջական կուսակցություններ: Այդ կապակցությամբ Տեր-Պետրոսյանն ասաց, որ ՀԱԿ-ը ինքնամաքրվում է: Բայց նա չարաչար սխալվում էր: ՀԱԿ-ը նոր էր սկսել լրջորեն պղտորվել:
Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ից որևէ այլ գործիչ չի կարող մամուլին մեղադրել, որ իրենց չեն զգուշացրել, թե ինչ կարող է տեղի ունենալ Կոնգրեսի հետ ԲՀԿ-ի կուլիսներում ճեմելու արդյունքում: Արջի և օձի ընկերության մասին հանրահայտ առակը չպետք է մոռանային ուլտրաընդդիմադիրները: Եվ հիմա ՀԱԿ-ը շիփ-շիտակ գնում է այնտեղ, ուր նրան ուղարկեց ԲՀԿ-ն՝ հրապարակելով առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու իր ձևաչափը: Դուրս եկավ, որ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը եղել է ընդամենը ձայն բարբառո հանապատի: ԲՀԿ-ում ո'չ լսել են, ո'չ էլ մանավանդ խորհել այդ ուղղությամբ: Այս ողջ իրարանցման մեջ, ափսոս, փչացան որոշ ԲՀԿ-ական կայքեր ու հեռուստալրագրողներ, ովքեր անկեղծորեն հավատացել էին Տեր-Պետրոսյանի քաղաքական թեզիսներին և իրենց կուսակցության ղեկավարի՝ չգիտես որ գրքում նկարագրված հեղափոխական կերպարին:
Այս ոլորտում ԲՀԿ-ի կորուստներն, ինչ ճիշտ է, ճիշտ, նկատելի են: Վերականգնվելու համար, մեր անձնական պատասխանատվությամբ, նրանց ենք փոխանցում մի այսպիսի դեղատոմս՝ Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսված խոսակցությունը որոշ ժամանակ անց կօգնի հասկանալ, թե որքան խելացի և մտածված որոշում կայացրեցին Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն՝ մեկը՝ չառաջադրվելով, իսկ մյուսը՝ ոչ մեկին չսատարելու իր «հաստատակամությամբ»:
Բայց գանք ՀԱԿ-ի ճակատագրին: Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ, իսկ որոշներն էլ օրերս հասցրեցին ավետել, որ ՀԱԿ-ը մեռավ: Պիտի մեռներ, բա ի՞նչ պիտի աներ: Եթե չկա ԲՀԿ-ի ընտրազանգվածն ու ֆինանսական աջակցությունը, ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի նոր ծաղի՞կ հաներ: Ո'չ առաջվա էնտուզիազմն է մնացել, ո'չ էլ ֆորումը, որ նրա մատի շարժումով, երբ պետք էր կանգնել, նստում էր, իսկ երբ պետք էր տուն չգնալ, տուն էր գնում: Զուրաբյանը ձայնագրության մեջ օգնություն է մուրում ԲՀԿ-ից, ԲՀԿ-ին սպառնում Նիկոլով և Բագրատյանով, բայց… Օրեր անց ԲՀԿ-ն հայտարարում է՝ ես այս գործում չկամ:
Ինչպե՞ս կվարվի Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ արդեն ՀԱԿ-ը, որպես կառույց, այլևս չկա: Շրջանառվող տարբերակներից ամենահավանական թվացողն այն է, որ կարող է առաջադրվել ՀՀՇ համագումարի կողմից դեկտեմբերի 24-ին: Իսկ անձամբ մեր կարծիքով՝ ազնիվ կլինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն այդ համագումարում արտասանի հեռացման մասին իր կյանքի երկրորդ ճառը՝ չմոռանալով նշել, որ ՀՀՇ-ի հետ ինքն ամեն ինչ արեց ավազակապետությունը վերացնելու համար, բայց, ավաղ, արտաքին ու ներքին ազդակներն իրենց համար բարենպաստ չեղան, իսկ ֆորումն էլ շուտ հիասթափվեց: Նույնիսկ անծայրածիր տիեզերքում, երբ խոշոր պայթյուն է լինում, երկնային հսկա մարմինը անհետ չի կորչում: Այն վերածվում է գազային ու բեկորային մանր կտորների, որոնք հետո շարունակում են իրենց երկնային գոյությունը՝ որը ասուպի, որը գազային գոյացության, որը սառչող լավայի և այլ տեսքերով: ՀԱԿ-ի պայթյունը նույն էֆեկտը կարող էր ունենալ, բայց ՀԱԿ-ը ոչ թե պայթեց, այլ փլուզվեց՝ փլատակների տակ թողնելով այն մանր-մունրներին, որ դեռ կարող էին կինետիկ էներգիայի շնորհիվ պոկվել մայր մարմնից ու ինքնուրույն կյանք վարել: Անուններ չհնչեցնենք, բայց քանի-քանի կուսակցություն անհետ կորավ ՀԱԿ փլատակների տակ, կամ մի՞թե շատ տարբեր է մյուսների ճակատագիրը, ովքեր ավելի վաղ հեռացան ՀԱԿ-ից:
Ահա այս մռայլ ֆոնին ի՞նչ գույն կարող է հաղորդել առաջադրվելու մասին Բագրատյանի հայտարարությունը: Նկատենք, որ հենց նրա հայտարարությունը հիմք դարձավ, որ նույնիսկ ամենապահպանողական ԶԼՄ-ները խոսեն ՀԱԿ-ի վախճանից: Բագրատյանը գիտի՞ արդեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Պայմանավորվա՞ծ են գործում: Իսկ գուցե փրկում են պապիի՞ն՝ ապահովելով երգով` նրա նահանջը: Առաջացող հարցականները բավականին շատ են: Բագրատյանն ասում է՝ ես կառաջադրվեմ, իսկ եթե Տեր-Պետրոսյանն էլ առաջադրվի, ես կհանեմ թեկնածությունս: Բագրատյանը առաջադրվում է դեկտեմբերի 22-ին, իսկ դեկտեմբերի 24-ին ՀՀՇ համագումարը պաշտպանում է նրա թեկնածությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով կամ առանց հորդորի: Հետո էլի` համագումարիկներ փլատակների տակ, նոր սատարումներ, նոր խլրտումներ, նիկոլփաշինյանական դիֆիրամբներ՝ նվիրված Բագրատյան գործչին: Հեռանկարը վատը չի, կարծես, մանավանդ, որ դրանից շուխուրը բավականին մեծ կլինի՝ պապիին աննկատ ու անվնաս դուրս տանելու համար:
Էդիկ ԱՆԴԵԱՍՅԱՆ