կարևոր
3085 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 10:30
Քաղաքական

Զիջման քաղաքականությունը տանելու է ինքնասպանության

Մայիսի 9-ին «Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում էր ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը:

Նա ներկայացրել է հայրենիքի պաշտպանության հարցով կամավորական շարժման վերակազմակերպման եւ դրան համահայկականության բնույթ տալու գաղափարը: Որպես այդ նպատակին հասնելու առաջին քայլ՝ Հրանտ Մարգարյանը կարեւորել է դեռեւս Արցախյան ազատամարտի ժամանակ ձեւավորված կամավորական խմբերի ակտիվացումը եւ նրանց հայրենիքի պաշտպանության գործին ուղղորդելը:

«Այլապես այն քաղաքականությունը, որ վարում են ՀՀ իշխանությունները մեզ չի կարող խաղաղություն ու ապահովություն բերել: Թշնամին չի կարող առաջ գալ միայն այն դեպքում, երբ իմանա, որ կամ կջախջախվի , կամ մեծ գին կվճարի իր այդ քայլի համար: Այս իմաստով, մենք պետք է կարողանանք համախմբել մեր ուժերը եւ թշնամուն ցույց տալ, որ չենք պատրաստվում զիջել: Զիջման այս քաղաքականությունը մեզ տանում է ինքնասպանության»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Նա անդրադարձել է նաեւ առաջիկայում Կամավորական շարժում հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կոռնիձորում կայանալիք ակցիային՝ նշելով, որ կամավորական շարժման եւ ժողովրդի լայն մասնակցությունն այդ խաղաղ ակցիային արդեն իսկ կվկայի, որ մենք, անկախ ամեն ինչից, պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը:

Հրանտ Մարգարյանը խոսել է նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակի մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին: Նա ընդգծել է, որ ընդդիմության այս պահի խեղճությունը իրականում հետեւանք է հայրենիքի ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության: Հակառակ պարագայում, նշել է նա, ներքաղաքական իրավիճակն այնքան է լարված, այնպես են հատվել բոլոր գծերը, որ ընդդիմության անպատասխանատվության դեպքում Երեւանը մեկ օրում կվերածվի վերջին օրերի Փարիզին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր փրկությունը հայրենիքի փրկության մեջ է: Եթե նա ցանկանում է, որ սերունդները իրեն չհիշեն որպես դավաճանի, ամեն ինչ պետք է անի, որ համախմբում առաջանա: Ինքը պետք է մտածի՝ որպեսզի ինքը փրկվի, պետք է երկիրը փրկել: Իսկ դրա համար, երկու բան է անհրաժեշտ՝ միասնական նպատակ եւ ազգային միասնականություն»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում