Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետը խոստովանել է, թե ամենաշատն ինչից է վախենում: Նա վախենում է «Դեմ եմ» շարժման քաղաքականացումից: Այսինքն` ուզում է ասել` ինչ ուզում եք` պահանջեք, միայն հրաժարական մի պահանջեք: Գիտի, որ եթե հրաժարականի պահանջ չեղավ, հանգիստ կարող են անցկացնել ոչ միայն պարտադիր կուտակայինը, այլեւ, հարկ եղած դեպքում, Հայաստանն Ադրբեջանի մարզ դարձնելը: Միայն թե հրաժարական չպահանջեն:
Այս խայծը ժամանակին կուլ տվեցին նաեւ իրենց պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկները: Այսօր նրանց առաջնորդ Վոլոդյա Ավետիսյանը դատվում է:
Իսկ վարչապետը գիտի, որ եթե «Դեմ եմ» շարժումը չքաղաքականացվի, հաջորդ պահից հնարավոր կլինի խոսել քաղաքական ուժերի զրոյականացման մասին: Իսկ շարժումը հենց քաղաքական է, գիտակցում է դա «Դեմ եմ»-ը, թե` ոչ: Եթե չի գիտակցում, ավելի վատ իր համար: Բայց ոչ մի կասկած, որ գիտակցում է:
Իսկ ինչո՞ւ չպիտի քաղաքականացվի պարտադիր կուտակայինի դեմ շարժումը, եթե կառավարության կառուցվածքն ինքնին քաղաքական է: ԱԳ նախարարը զուտ քաղաքական անձ է, նախարարները, ՊՆ-ից բացի, հանրապետականներ են, եւ նրանցից միայն Հրայր Թովմասյանն է, որ տեղյակ չէ իր քաղաքական անձ լինելուն: Որովհետեւ միայն իշխանության կառուցվածքից չհասկացողը հրաժարական պահանջողին կասի` ղալաթ է անում: Եվ, ամեն ինչից զատ, պարտադիր կուտակայինից դժգոհ մարդիկ հո Մաշտոցի պողոտայի կրպակների ապամոնտաժո՞ւմ չեն պահանջում կամ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման չեղյալ համարում: Նրանք պահանջում են պարտադիր կուտակային ներառելու քաղաքական որոշման չեղարկում: Քաղաքական որոշում նշանակում է` քաղաքական անձինք որոշել են կատարել քաղաքական քայլ: Եթե սրան գումարում ենք, որ հիշյալ քաղաքական անձինք բացարձակապես չունեն քաղաքական վստահություն, ավելին` գիտակցում են, որ քաղաքական վստահության սանդղակը զրոյական է, ուրեմն պետք է պատրաստ լինեն հատկապես քաղաքական հակադարձման:
Վարչապետն իրականում մատնում է, որ գոհ ու շնորհակալ է, որ քաղաքական ուժերը ամբողջական ներգրավվածություն չունեն «Դեմ եմ» շարժման մեջ: Վարչապետն իր երկխոսության կոչի մեջ գրում է. «Այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, որոնք մեզ դիմել են նամակներով… զգացվում է, որ իրենց բառերով սիրում են իրենց երկիրը»: Սրանք բոլոր ընթերցողների համար գրված տողեր չեն: Վարչապետն ուզում է ասել, որ արձագանքում է երիտասարդների բողոքներին, քանի որ սիրում են իրենց երկիրը: Այսինքն` բոլոր արտագաղթողները պետք է մոռանան Հայաստանի մասին, նրանք վարչապետի հաշիվներում եւ ծրագրերում չկան, կառավարությունը նրանց վրա խաչ է քաշում: Եվ այնպես չէ, որ «Դեմ եմ»-ի երիտասարդները երկու օր առաջ, 5 օր առաջ կամ երկու շաբաթ առաջ են նամակներ գրել վարչապետին: Գրել են ավելի վաղ: Եվ վարչապետն էլ հաստատ փորձած կլինի նրանց հետ խոսել, թե ինչպես է պատկերացնում պարտադիր կուտակայինի կիրառումը: Եվ տղաներն էլ, անկասկած, ասած չեն լինի` ընկե'ր, քանի՞ ընտրություն կեղծելուց հետո ես ինձ փորձում ներկայացնել քո օրենքի առաքինությունը: Երիտասարդներն, իմ տեղեկություններով, ասել են` մենք ձեզ չենք վստահում: Ահա, թե ինչ պետք է ասեն բոլորը, ում վարչապետը կհրավիրի երկխոսության:
Մենք ձեզ չենք վստահում, որովհետեւ դանակը հասցրել եք ոսկորին միանձնյա ու երկխոսության եք հրավիրում` ոչ թե պատասխանատվություն կիսելու, սեփական սխալները հասկանալու համար, այլ ձեր իրավացիությունը մեր վզին փաթաթելու: Վարչապետի ցանկացած նախաձեռնություն տապալված է, որովհետեւ նրա կառավարությունը «կամունիկաբելնի» չէ, նրանց մենթալիտետի մեջ շփման կուլտուրա չկա, նրանցը վերջնագրերն են: Եվ հիմա հստակ հասկանում են, որ հողն իրենց ոտքի տակ երերում է: Երերում է, որովհետեւ քաղաքական ծանրակշիռ ուժեր են միացել այս պայքարին: Եվ վարչապետի սիրտը դող է ընկել: Ինչո՞ւ է դողում: Որովհետեւ գիտի` մինչեւ հիմա գողությամբ են զբաղվել եւ, բնականաբար, հաշիվ չեն տվել, կարմիր գծեր են քաշել, տեսախցիկներ ու արագաչափեր են դրել ճանապարհներին ու չեն պատճառաբանել, թե ինչու է դրանց գումարը մտնում անհատի գրպանը: Չեն ասել, թե ինչո՞ւ է «Նաիրիտ»-ի հոսքային գծերից մեկը գնացել Չինաստան, որտեղ դեսպան է Տիգրան Սարգսյանի եղբայրը: Ոչ մի բանի համար հաշիվ չեն տվել եւ ուզում են մի քանի երիտասարդի համոզել պարտադիր կուտակայինի կարեւորության մեջ: Դասականները նման դեպքերում ասում են` ախորժակներիդ քացախ: «Մուտիլովշչիկներ»,- կասեին հակադասականները: Դե հիմա կերեք ձեր եփած բորշչը: Եվ եթե քաղաքական համաձայնություն չլինի` իշխանությունը զիջելու, վարչապետն այդ բորշչը պիտի ուտի իր իսկ չորացրած հացով:
Սեյրան ՀԱՆՈՅԱՆ