Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին առնչվող, ինչպես նաեւ՝ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում բաց մնացած հարցերը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երրորդ փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին:
Հաշվի առնելով բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը` կողմերը վերահաստատել են մինչեւ 2013 թ. Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մտադրությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2013 թ. սկզբին մեկնարկել աշխատանքները Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ: Ասոցացման օրակարգը կհանդիսանա Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ քաղաքական բնույթի փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. փետրվարին Երեւանում: