Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները, հանրապետության Նախագահի ղեկավարությամբ, ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու և քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, և այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, և Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակությունը և շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, և հույս հայտնվեց, որ այն շուտով կվավերացվի և կմտնի ուժի մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Այնուհետ ԱԳՆ-ում մեկնարկել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որն իր ելույթով բացել է նախարար Նալբանդյանը: