Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը:
Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ներկայացված մի շարք առաջարկությունների հիման վրա լրամշակել այն, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն, անդրադառնալով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի կատարման ընթացքին, տեղեկացրել է, որ դրա շրջանակներում հաստատվել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով: Ընդ որում, 491 վարկերը հաստատվել են Երևանում, իսկ 484-ը՝ ՀՀ մարզերում, ինչը բխում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից:
Նիստում համառոտ ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում 2012 թ. իրականացված ծրագրերը, ՀՀ խորհրդի կողմից հավանության արժանացած երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի գործունեությունը: Միաժամանակ, հաստատվել է նաև առցանց համակարգի նոր փորձագետների կազմը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդական քաղաքականությամբ զբաղվողի հաստիքի առանձնացման հնարավորության և ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձևավորման հարցերին, ինչպես նաև հանրապետությունում տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նպատակով աշխատանքային խմբի ձևավորմանը: