կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 00:16
Քաղաքական

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը կընդլայնվի ու կդառնա ավելի մատչելի. Փաշինյան

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին»  ծրագիրը կընդլայնվի ու կդառնա ավելի մատչելի. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձավ քաղաքացիների հարցերին: Հարցին, թե ինչ նորություններ կան երիտասարդ ընտանիքներին  հիփոթեքով տրամադրվող բնակարանների ծրագրի վերաբերյալ, և արդյո՞ք միջին աշխատավարձ ստացող զույգը կարող է և՛ բնակարան ձեռք բերել, և՛ պահել գոնե 1 երեխա, Փաշինյանը պատասխանեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի հետ քննարկել են այդ թեման, ևս մեկ մեծ խորհրդակցություն նախատեսված է վաղը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս թեմայի հետ կապված կան լավ լուրեր, այն է`  կշարունակվի և նոր թափ կստանա «բնակարան երիտասարդ ընտանիքներին»  ծրագիրը, և կմեկնարկի «բնակարան զինծառայողներին» ծրագիրը: Լավ  նորությունն այն է, որ կունենանք հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս, մեծ է հավանականությունը, որ ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր:

Ըստ Փաշինյանի,  20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել հարյուր հազար դրամ: Եվ եթե ընտանիքում գոնե երկու անձ միջին աշխատավարձ ստանան, յուրաքանչյուրը` 200 հազար դրամով, ապա հնարավոր կլինի մարել վարկը:

 Ինչ վերաբերում է  կանխավճարներին, ապա վարչապետն ասաց, որ զինվորականների դեպքում նախատեսվում է  տասը տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ հավանականությամբ` 30 տոկոսից կիջնի 20 տոկոս: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ծրագիրը կընդլայնվի այնպես, որ հիպոթեքով բնակարանները վերաբերեն ոչ միայն Երևանում կառուցվող բնակարաններին, այլ նաև մարզերին: