Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» նախագծով նախատեսվում է բնակարանի ձեռք բերման կանխավճարը նվազեցնել` դարձնել 10%, եթե գրավադրվում է երկրորդ բնակարան: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ այս կետը լրացուցիչ խոչընդոտ է երիտասարդների համար:
««Բնակարան երիտասարդ ընտանիքներին» նախագծով նախատեսվում է երիտասարդ ընտանիքի անդամների տարիքի հանրագումարը 65-ից դարձնել 70 տարեկան, ինչպես նաև եթե նախկինում նախատեսված էր 30 տոկոս կանխավճար, հիմա սահմանվում է 10 տոկոս, սակայն եթե երկրորդ բնակարան է գրավադրվում: Այս մոտեցումը շատ քիչ հավանական, նույնիսկ` անտրամաբանական է, քանի որ այդ նույն ընտանիքը եթե ունենար բնակարան, կշարունակեր ապրել այդտեղ: Դա լրացուցիչ դժվարություն, լրացուցիչ խոչընդոտ է երիտասարդ ընտանիքների համար բնակարան կամ բնակարանի վարկ ձեռք բերելիս»,- ասաց նա:
Պարսյանը նշեց, որ ողջունելի է երիտասարդ ընտանիքների համար իջեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը` սահմանելով այն 5.5-6 տոկոս: «Վարկի տոկոսադրույքի իջեցումը կարևոր է հիփոթեքային վարկերի ծավալն ավելացնելու համար, սակայն սա բավարար չէ, որ հիփոթեքային վարկեր վերցնող երիտասարդների թիվն ավելանա: Հայաստանում բնակարանի կարիք ունեցող երիտասարդները չեն վերցնում վարկ ոչ թե այն պատճառով, որ տոկոսադրույքներն են բարձր, այլ որ ամեն ամիս մարվող գումարն է մեծ»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով` եթե կառավարությունը ցանկանում է լուծել երիտասարդների բնակարանների հարցը, պետք է առաջնահերթ մտածի աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ Հայաստանում ունենք աշխատող աղքատներ: