Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արևելագետ-միջազգայնագետ Մհեր Սահակյանն ընտանիքի հետ արդեն երրորդ Ամանորը նշում է Չինաստանում: Ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար Նանջինգ տեղափոխված Մհերը այնտեղ առաջին Նոր տարին դիմավորել է կնոջ ու երկու փոքրիկ դուստրերի հետ, շնորհավորել են իրար ու վայելել նախապես պատրաստված տոլման: Մյուս Ամանորներն արդեն նշել է հայ համայնքի հետ: Այս տարի նույնիսկ հայկական պատարագ է եղել: «Չինաստանի հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի մեծ ջանքերի շնորհիվ կազմակերպված պատարագը տրվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայկական թեմի առաջնորդ Հայկազուն Տ. Նաջարյանի առաջնորդությամբ: Երկու տարի չէի մասնակցել պատարագի ու կարոտել էի հայկական հոգևոր երաժշտությունն ու արարողությունները, որոնք վերանորոգում են մարդու հոգին»,- Yerkir.am-ի հետ զրույցոմ պատմեց Մհեր Սահակյանը:
-Չինաստանն իր ավանդույթներով առանձնահատուկ է, ինչպե՞ս են այդտեղ դիմավորում Նոր տարին, և ինչպե՞ս եք դուք` հայերը, դիմավորում:
- Դեկտեմբերի 20-ից սկսած քաղաքները զարդարում են եղևնիներով բազմագույն լույսերով, փողոցներում հայտնվում են մեծ պաստառներ, ձևավորումներ, որոնց վրա գրված է` «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Ասեմ, որ Չինաստանի հատկապես գյուղական շրջաններում տարածում է գտնում քրիստոնեությունը, քրիստոնյա չինացիներն էլ տոնում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին: Չինական ավանդական Նոր տարին կսկսվի փետրվարի 19-ին, որը կոչվում է Գարնանային տոնախմբություն: Տևում է երկար` մոտ 15-20 օր: Այդ օրերին միլիոնավոր երիտասարդներ ճանապարհ են ընկնում իրենց ծննդավայրերը` չինացիները պարտավոր են Նոր տարուն վերադառնալ ծնողների մոտ, որպեսզի միանան ծնողներին, պապիկներին ու տատիկներին, միասին նշեն Նոր տարին: Չինացիները շատ են սիրում ճայթռուկներ պայթեցնել, այդ օրերին քաղաքները կարծես վերածվում են «պատերազմի» դաշտերի: Պայթեցնում են բոլորը՝ մեծից փոքր: Բացատրում են, որ դրանով քշում են չար դևերին…
- Որո՞նք են չինացիների ու հայերի` տոները նշելու տարբերությունները, որ աչքի են ընկնում: Այդտե՞ղ էլ են սեղաններն ուտելիքներով բեռնում, թե՞ այլ կարևորություններ կան:
-Չինացիներն ու հայերը շատ նմանություններ ունեն հյուրասիրություն կազմակերպելու գործում: Նրանք էլ են սիրում ճոխ հյուրասիրություններ կազմակերպել, բազմազան ուտեստներ դնել սեղանին, առավոտից երեկո հյուր են գնում հեռու ու մոտիկ, ծանոթ ու անծանոթ բարեկամների տուն: Նրանց մոտ էլ ընդունված է, որ ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն ծնողների տանը: Սա երբեմն անհաշտությունների պատճառ է դառնում, քանի որ Չինաստանում մեծ մասամբ յուրաքանչյուր ընտանիք ունի մեկ երեխա: Տղայի կամ աղջկա ծնողները պահանջում են, որ նրանք այդ Նոր տարին իրենց մոտ անցկացնեն, այլ ոչ թե մյուսի ծնողների … Տարբերությունը, թերևս, ուտեստներն են, որ տարբեր են հայկականից:
-Ե՞րբ եք սկսում Ամանորի առևտուրը: Ավանդական հայկակա՞ն կերակուրներ են լինում սեղանին, թե՞ չինական: Եթե` այո, ապա ի՞նչ կերակուրներ են դրանք, ինչի՞ց, ինչպե՞ս են պատրաստված:
- Թե՛ առօրյայում, թե՛ տոների ժամանակ նախընտրում ենք հայկական ուտեստները: Չինաստանի պայմաններում հնարավոր է պատրաստել հայկական տոլմա: Սկզբում խաղողի տերևներ գտնելը շատ բարդ էր, խանութներում չեն վաճառվում: Մի օր քայլում էինք փողոցում, տեսա, որ փողոցում խաղող են վաճառում ու խաղողի վրա տերևներ կան, մոտեցա ու սկսեցի բանակցել, որ վաճառողը խաղողից կտրի տերևներն ու վաճառի: Վաճառողը երկար ժամանակ չէր հավատում, որ ուզում եմ «անպիտան խոտն» առնել, բայց երբ ուզած գումարը վճարեցի ու սկսեցի քաղել խաղողի տերևները, շրջվեց դեպի փողոցով անցնող մարդիկ ու սկսեց գոռալ, թե այս արտասահմանցին գիժ է` միրգը թողած, տեսե’ք, ինչ է գնում…
-Ամանորին օգնո՞ւմ եք Ձեր կնոջը: Կա՞ մի կերակուր, որ հենց Դուք եք պատրաստում:
-Կնոջս օգնում եմ ամեն օր, հայրենիքից հեռու ենք ապրում, երկուսս էլ սովորում ենք Նանջինգի համալսարանի միջազգային հարաբերությունների ասպիրանտուրայում, աշխատում ենք: Թե՛ տանը, թե՛ դրսում աշխատանքի հստակ բաժանում կա, փորձում ենք իրար օգնել ու լրացնել բոլոր հարցերում: Մի հայտնի խոսք կա, չէ՞` «Պատերազմում, ինչպես պատերազմում»: Մեծ հաճույքով օգնում եմ կնոջս՝ պատրաստել թփով տոլմա, որն իմ ամենասիրած ուտեստներից է:
-Երեխաներն ինչպե՞ս են դիմավորում տարին: Ավանդական նամակներ` Ձմեռ պապիկին…
-Սաթինեն ու Նանեն այս տարի շատ լավ սովորեցին մանկապարտեզում, ու Ձմեռ պապիկը կատարեց նրանց խնդրանքները: Սաթինեն արդեն խոսում է հայերեն, չինարեն, անգլերեն, իսկ Նանեն՝ հայերեն ու չինարեն: Ի դեպ, Նանեն սկզբում համառություն էր ցուցաբերում ու չինացի ուսուցիչներից պահանջում էր, որ իր հետ հայերեն խոսեն: Վերջերս մանկապարտեզի չինացի ուսուցիչը պատմեց, որ Նանեն իրեն խնդրել է հայերեն սովորել, որ կարողանա հյուր գալ Հայաստան:
-Ինչո՞վ էր առանձնահատուկ 2014 թվականը Ձեզ համար` կարիերայում, ընտանիքում: Խնդրում եմ խոսեք բացթողումների ու ձեռքբերումների մասին:
- Այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ Չինաստանում հայկական համայնքին հաջողվեց համախմբել Չինաստանում ու Հոնկոնգում ցրված բազմաթիվ հայերի, ստեղծել «Հոնկոնգում և Չինաստանում հայկական համայնք» կազմակերպությունը, համայնքի Գործադիր մարմինը, Չինաստանում Հայկական ուսանողական միությունը, իրականացնել Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների առաջին գիտաժողովը, Գուլբենկյան հիմնադրամի միջոցով ուսումնասիրություն կազմակերպել Չինաստանում հայկական ներկայությունն ուսումնասիրելու համար, Պեկինում համայնքի Գործադիր մարմնի անդամ Մերի Կնյազյանը սկսեց հայերեն դասավանդել… Տարին հաջողված էր նաև նրանով, որ խորացրեցի չինարենիս իմացությունը, միջազգային հարաբերությունների վերաբերյալ իմ մի քանի հոդվածները լույս տեսան, կինս, զավակներս նույնպես սովորեցին չինարեն լեզուն… Ամենամեծ բացթողումն այն էր, որ գերզբաղվածության պատճառով չկարողացա այցելել Հայաստան ու հանդիպել իմ սիրելի հարազատների ու ընկերների հետ…
-Հայաստանում 2014թ.-ի վերջին դրամ-դոլար արժույթի տատանումները մեծ ազդեցություն ունեցան մարդկանց գնողունակության և ավելին` տոնական տրամադրության վրա: Ձեզ մոտ ինչպե՞ս էր:
-Չինաստանում էլ դոլարի արժեքը մի թեթև բարձրացավ, բայց սննդամթերքի ու ծառայությունների գները չփոխվեցին: Ճիշտն ասած, ես կողմնակից եմ Նոր տարին ավելի համեստ տոնելուն: Բացարձակապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր վարկ կամ պարտք են վերցնում, որպեսզի մեծ ծախսերով տոնեն Նոր տարին: Կարծում եմ, որ շքեղ սեղանը կամ խոզի բդիկը չէ, որ տոնական տրամադրություն են ստեղծում: Եթե մարդը ցանկանում է ուրախանալ, ապա կարելի է ուղղակի բացել մի շիշ գինի, պատրաստել որևէ համեղ կերակուր և ուրախանալ, որ դիմավորում ենք ևս մի Նոր տարի` մեր զավակների կամ ծնողների հետ միասին: Իսկ գումարները կարելի է ծախսել ավելի կարևոր բաների վրա, օրինակ՝ կրթության, առողջության, ճամփորդելու և այլն…
-2015 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-2015 թվականը կլինի 2014-ի տրամաբանական շարունակությունը, կարծում եմ՝ 2015-ին հնարավոր կլինի հնձել 2014-ին ցանածը, իսկ 2015-ին պետք է նորից սերմեր ցանել, որպեսզի 2016-ին նորից բերք հավաքենք:
Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ