կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 14:43
Առանց Կատեգորիա

Տարվա համագումարը

Տարվա համագումարը

Եթե մինչև դեկտեմբերի 12-ը հայ ժողովուրդը չգիտեր՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելո՞ւն է սպասում, թե՞ չառաջադրվելուն, ապա այս երկու օրը նա վստահ սպասելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջադրմանը: Այստեղ ամեն ինչ հստակ է:

 

Բեմի վրա հավաքվում է ՀՀԿ ղեկավար կազմը, Սերժ Սարգսյանը մի տպավորիչ ելույթ է ունենում պարտիայի հեգեմոն դերի մասին, հնչում են բուռն և երկարատև ծափահարություններ, և պարտիան միաձայն նախագահի թեկնածու է առաջադրում նրան: Այստեղ կարդում են Մարտենսի ողջյունի հեռագիրը, որով Երևանում ջերմ ընդունելության արժանացած ԵԺԿ նախագահը վստահություն է հայտնում, որ առաջիկա փետրվարին Սերժ Սարգսյանը  «մի ուրիշ ձև է հաղթելու», եւ, միևնույն ժամանակ, ափսոսանք` որ ՀՀԿ համագումարի պատճառով Սերժ Սարգսյանը չի կարողացել մասնակցել ԵԺԿ-ի բրյուսելյան գագաթաժողովին:

 

Վայ, միամիտ Մարտենս: Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի հետևանքները տեսած Սարգսյանը պիտի դեռ Բրյուսել էլ գնա՞ր: Չէ, այս դեպքում՝ ինչքան հեռու, այնքան լավ: Ով Բրյուսելից վերադառնում է, անակնկալներ է մատուցում, իսկ Սարգսյանը որոշել է առաջադրվել:

 

Ասում են՝ համագումարը երկու ժամ է տևելու: Հրավիրյալների մեջ են շուրջ 60 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին ցուցակով նաև՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Հրավիրյալ քաղաքական ուժերի ցանկում մինչ այս պահը չկա ԲՀԿ-ի անունը, ինչի մասին հոգացել է խնամի Հովիկը, ով, ի դեպ, վարելու է համագումարը: Նա ՀՀԿ վերադասին համոզել է՝ երեք օրվա կտրվածքով երկրորդ անգամ հերոսության չդրդել Գագիկ Ծառուկյանին:

 

Ինչևէ, հզոր միջոցառում է լինելու: Լավ սկիզբը, ինչպես ասում են, գործի կեսն է: Բայց մյուս կողմից էլ՝ չկա չարիք, առանց բարիքի: Չլիներ այս համագումարը, մենք չէինք իմանա, որ ՀՀԿ-ն 1942 տարածքային կառույց ունի: Շշմելու թիվ է՝ համարյա այնքան, որքան ընտրատեղամաս կա Հայաստանում: Այսինքն` ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներից յուրաքանչյուրը ավտոմատ կարող է դառնալ մեկ ընտրատեղամասի պատասխանատու, որի գործառույթը ընտրողներ տանել-բերելն է, նրանց ուղղորդելը՝ բարոյապես և նյութապես: Այս ճակատում, ճիշտ է, մի թեթև ատկատի ռիսկ կա, բայց երբ խնդիրը վերաբերում է ազիզ նախագահի վերընտրությանը, ինչպես կասեր ռուսական դեմոկրատիայի հայր Կիսա Վորոբյանինովը՝   «Торг здесь не уместень»:

 

ՀՀԿ խոհանոց ազատ ելումուտ ունեցողները ասում են, որ մնացել է լուծել մի թեթև խնդիր՝ հանրապետության ԲՀԿ-ական քաղաքներ Գյումրիի և Իջևանի քվեարկության հարցը: Պետք է օր առաջ իմանալ հիշյալ քաղաքների ԲՀԿ-ական քաղաքապետերի` նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Տհաճություններից խուսափելու համար առաջարկվել է, օրինակ, Սամվել Բալասանյանին նշանակել Սերժ Սարգսյանի Գյումրու շտաբի պետ՝ հաշվի առնելով, որ նա այդ օրերին առանձնապես ծանրաբեռնված չի լինելու ԲՀԿ թեկնածուի քարոզչական աշխատանքներով: Ի՞նչ կա որ՝ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես: Բացի այդ էլ` Բալասանյանն արդեն ապացուցել է, որ եթե մտքին դնի, նույնիսկ չինացուն կարող է պատգամավոր դարձնել ավանդապաշտ Գյումրիում:

 

Եվ վերջում մի ուրախալի լուր լրագրողների համար: Համագումարից հետո լինելու է ֆուրշեթ, բայց ոչ թե բոլորի, այլ բացառապես լրագրողների համար: Ըստ երևույթին` փորձելու են նորառաջադրված Սերժ Սարգսյանին անցկացնել վերջիններիս կուռ շարքերի միջով և մի քանի հետհամագումարյա կուռ հարցերի պատասխաններ հնչեցնել նրա շուրթերով: Շուրջ հարյուր լրագրող է հրավիրվել, և զուտ անվտանգության նկատառումներով` ՀՀԿ մանկապատանեկան թևի առաջնորդ Կարեն Ավագյանին հանձնարարվել է ֆուրշեթի սկիզբն ու վերջն ազդարարող հրավառությունները կազմակերպել դրսում: Լրագրողներն, իհարկե, շնորհակալ են իրենց հանդեպ ցուցաբերված այդ մեծ ուշադրության համար, բայց էլ ի՞նչ լրագրողներ, եթե նրանց չի հետաքրքրելու, թե համագումարից հետո որտեղ են հաց ուտելու դադրած, բեզարած տղերքը: «Հարսնաքարը», կարծես, բացառվում է: Բանն այն է, որ այդ օրը Ռուբեն Հայրապետյանը տեղում չի լինելու, իսկ նրա բացակայության պայմաններում ռեստորանի անվտանգության աշխատակիցներին և մատուցողներին աննախադեպ լայն իրավասություններ են տրվում: Համ է` մարզահամերգային համալիրից «Փարվանան» ավելի մոտ է: Ցանկության դեպքում կարող են ոտքով էլ իջնել:

 

Էդիկ ԱՆԴԵԱՍՅԱՆ