Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 12:57
Հասարակություն

Տնօրենների մեծ մասը հավաստիացնում է, թե դպրոցներում բռնություն չկա

Տնօրենների մեծ մասը հավաստիացնում է, թե դպրոցներում բռնություն չկա

Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում  հասարակական դիտորդների կողմից մշտադիտարկում է իրականացվում: Այս տարվա մշտադիտարկման արդյունքների ամփոփման ժամանակ Արմեն Աշոտյանը նշեց, որ բարձրացված հարցերը հաջորդ տարի լուծվելիք առաջին խնդիրներից մեկը կլինեն:

 

«Խումբն արձանագրել է որոշակի խնդիրներ, սակայն բոլոր խնդիրները պետությունը միանգամից լուծել չի կարող, բայց պետք է անեն ամեն ինչ՝ լուծելու ֆինանսական, հատուկ հաստատություններում ոչ թիրախային երեխաների ընդգրկվածության, գիշերելու, թե չգիշերելու խնդիրները»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ յուրաքանչյուր երեխա առանձին ճակատագիր է, եւ պետության պարտավորությունն է ապագայում նրան բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի հնարավորություն տալ:

 

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան կենտրոնի տնօրեն Լարիսա Մինասյանն էլ նշեց, որ իրենք միացել են մշտադիտարկման խմբին՝ փակ հաստատություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը խթանելու համար: «Մենք աջակցել ենք խմբին՝ տրամադրելով սկզբից 85 000 դոլար, իսկ հետո հավելյալ 10 800 դոլար: Խումբը պետք է կարողանա վերհանել իրավունքի եւ կրթության հարցերը՝ շեշտը դնելով հենց այստեղ առկա խնդիրների վրա»,- ասաց նա:

 

Մշտադիտարկման խմբի նախագահ Արտակ Կիրակոսյանը հայտնեց, որ դպրոցների ֆինանսական պայմանները չեն բավարարում երեխաների համար անգամ լիարժեք սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելուն: Նա նշեց, որ պետք է կարգավորել ֆինանսների կառավարման հարցը եւ, ամենակարեւորը, ըստ աշակերտի ֆինանսավորմանը պետք է փոխարինի մեկ այլ մեթոդ`ֆինանսավորում ըստ ծառայությունների:

 

«Երկրորդ խնդիրը բռնության հարցն էր. չնայած այն հանգամանքին, որ երեխաները խոսում են բռնության տարբեր ձեւերի մասին, որոնց առնչվում են, բայց, մեկ է, տնօրենները չեն ընդունում դրանք: Կարեւոր է ոչ թե մերժողական կեցվածք ընդունել, այլ բարձրաձայնել բռնությունների մասին եւ լուծումներ փնտրել»,- ասաց Կիրակոսյանը: