կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 16:44
Քաղաքական

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա. Հունան Պողոսյան

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա. Հունան Պողոսյան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց  նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: 

Փաշինյանը նախ լսեց հանդիպմանը ներկա համայնքների ներկայացուցիչներին, ապա նշեց, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք խնդիրներ իրենց լուծումն են ստացել: «Մեր վերջին հանդիպմանը մենք մի քանի հարցեր ենք քննարկել: Պետք է նշեմ, որ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար  ֆինանսավորումն արդեն առկա է ամբողջությամբ»,- տեղեկացրեց նա:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը բարձր վստահության համար: «Ես ասել եմ և այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածն  արդեն կյանքը ցույց կտա: Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք: Ինձնից ուզում եմ, որ ակնկալեք նորմալ աշխատանք»,- ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեց այն ընթացիկ ծրագրերը, որոնք առաջիկայում իրականացվել կամ իրականացվելու են մարզում: Նա նշեց, որ միայն Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման  համար կառավարության կողմից հատկացվել է 253 միլիոն դրամ գումար: «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ ավարտական փուլում են, մնացել են փաստաթղթավորման խնդիրները: Կապանի կամրջի հիմնանորոգման համար  24 միլիոն դրամ է հատկացվել»,- ընդգծեց նախարարը:

Ըստ նրա` ֆինանսավորման  հիմնական շեշտը դրվել էր Կապան խոշորացված համայնքի վրա, քանի որ մնացած բազմաբնակավայր համայնքներն հիմնականում իրենց տարածքներում ունեն հանքավայրեր, որոնք փոքրիշատե օգնում են համայնքներին: