Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ապարանի կառույցի ակտիվիստները ակցիա են իրականացրել: Նրանց պահանջն է եղել, որ ՔՊ-ն մարզի ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուների անունները համաձայնեցնի կառույցի ակտիվի հետ:
Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը` նշելով, որ կուսակցության համակիրներն են ակցիա իրականացրել, ոչ թե կուսակցականները:
Նա հավաստիացրեց` որևէ խնդիր չկա կուսակցության և Ապարանի կառույցի միջև: «Խնդիր չկա, բնական է, որ այս պրոցեսում կարող են լինել տարաձայնություններ, անհանգստություններ մարդկանց փոքր խմբի կողմից: Մենք հայտնել ենք, որ փակ դռների հետևում ամեն ինչ չենք որոշում, պրոցեսը բաց է, և մարդիկ ազատ են իրենց կարծիքն ու անհամաձայնությունը հայտնելու հարցում»,- ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով` անկախ նրանից` բողոքի ակցիա կիրականացնե՞ն կառույցի ներկայացուցիչները, թե՞ ոչ, իրենք պարտադիր կերպով հաշվի են նստում տարբեր քաղաքներում իրենց գրասենյակների կազմի, համակիրների կարծիքի հետ:
Մեր հարցին` արդեն որոշվա՞ծ է, թե ովքեր են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու Արագածոտնի մարզից, Կոստանյանը բացասական պատասխան տվեց:
Նշենք, որ ՔՊ բողոքող համակիրների հետ հանդիպել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը: Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Ապարանի համակիրների մի մասի մոտ դժգոհություններ կային: «Կոնկրետ պահանջ կար կոնկրետ մարդկանց ցուցակում ընդգրկելու հարցում, նաև որոշ մարդկանց մոտ հարցեր կային, թե ինչ սկզբունքով են ընտրվում առաջադրվող թեկնածուները, ինչ սկզբունքներով են ներկայացվում թեկնածուները, ովքեր են թեկնածուներն` առհասարակ»,- նշեց նա:
Գևորգյանը դա պայմանավորեց որոշակի բամբասանքներով: «Որոշակի բամբասանքներ են տարածվել, որոնց հետ կապված էլ մարդիկ պարզաբանումներ էին ուզում` ինչ-որ մարդու ինչ-որ մեկը կուսակցությունից հովանավորո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞ն նման դրսևորումներ կուսակցությունում, թե՞ ոչ: Մի քանի մարդ էլ ուղղակի ապատեղեկատվություն էր տարածել կուսակցությանն անդամագրվելու հետ կապված»,- տեղեկացրեց մարզպետը:
Նրա խոսքով` անդամագրության հետ կապված դժգոհությունն այն էր, որ իբր Ապարանի տարածաշրջանում մարդկանց չեն ընդունում կուսակցություն: Այնինչ, ըստ Գևորգյանի, իրականում ոչ թե Ապարանում, այլ բոլոր մարզերում առայժմ ՔՊ անդամագրության գործընթացը, մի քանի բացառություններով, սառեցված է: «Անդամագրվելու այդ դիմումներին պետք է դրական կամ բացասական պատասխան տա կուսակցության վարչությունը, բայց այս պահին դադարեցված է այդ գործընթացը` պայմանավորված ֆիլտրման որոշակի մեխանիզմներով»,- ասաց նա:
Մարզպետը հայտնեց, որ մարդկանց բացատրել է` ովքեր կլինեն կուսակցության ռեյտինգային ցուցակում, ովքեր չեն լինի` որոշելու է կուսակցության վարչությունը, և նշեց, որ, հավանաբար, ինքն էլ կլինի ռեյտինգային թեկնածու: «Կարող է իմ առաջադրվելու համար էլ գտնվի 10-15 հոգի կամ գուցե ավելի մարդ, որ կդժգոհի, բայց որոշում կայացնողը կուսակցության վարչությունն է լինելու»,- պարզաբանեց նա:
Մարզպետը տեղեկացրեց, որ բողոքի ակցիա իրականացնողները ներկայացրել են 4 անուն` որպես ռեյտինգային թեկնածու: «Ես նշեցի, որ նրանց նշած այդ 4 անունները` Հովհաննես Հովհաննիսյան, Ռազմիկ Պետրոսյան, Վարդան Ղազարյան, Գոռ Պետրոսյան, ներկայացրել եմ կուսակցության վարչությանը, որովհետև մարզի պատասխանատուները գործառույթ չունեն որոշելու մարզի ցուցակը, պետք է ընդամենը ներկայացնեն հավակնորդների անունները»,- ասաց նա:
Ըստ Գևորգյանի` բողոքողներն ասում էին, թե այդ անունները մերժվել են: «Մամուլն էլ էր գրել, սակայն այս պահի դրությամբ չկա ռեյտինգային ցուցակի վերջնական որոշում, ինչը նշանակում է, որ ինչ-որ անձի թեկնածությունը մերժելու մասին չենք կարող խոսել, պետք է հաստատված բան լինի, որ մերժումից էլ խոսենք»,- եզրափակեց մարզպետը: