կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 09:27
Քաղաքական

Արամ Մանուկյանին հարվածողը հավաստիացնում է, որ եթե պետք լինի՝ կնստի, դա թասիբի հարց էր. «Հայկական ժամանակ»

Արամ Մանուկյանին հարվածողը հավաստիացնում է, որ եթե պետք լինի՝ կնստի, դա թասիբի հարց էր. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Մեզ հաջողվեց կապ հաստատել Արամ Մանուկյանին հարվածող Արշակ Սվազյանի հետ, ով ասել է. «Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց:

 

Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իմացել Արամ Մանուկյանի բնակության հասցեն, Սվազյանը ասաց, թե մանրամասն այդ մասին ցուցմունք է տվել եւ ոչինչ չունի ավելացնելու:


Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արշակ Սվազյանը եղել է  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդը: Անդրադառնալով վերը նշվածին՝ գործով կասկածյալն արձագանքեց.

 

«Ինչի՞ց են որոշել, որ ես եղել եմ իր վարորդը, չարաչար սխալվում են: Ես ինքս Մոսկվայում վարորդ ունեմ, ինչի՞ պետք է վարորդ աշխատեմ, հլը մի հատ իմ տունը նայեք (բնակարանը վերանորոգված էր, կահավորված թանկարժեք կահույքով - հեղ.), վարորդ աշխատողի տուն ա՞: Ես Առաքել Մովսիսյանին պատերազմի տարիներից գիտեմ՝ որպես ազատամարտիկ, դա չի նշանակում, որ ես իր վարորդն եմ եղել կամ էլ չգիտեմ ով»: Մեր մյուս հարցին, թե ի՞նչ կապ ունի իշխանությունների հետ, Արշակ Սվազյանն ասաց, որ զբաղվածության պատճառով այլեւս հարցերին պատասխանել չի կարող, եւ անջատեց լսափողը:

 

Նշենք, որ գործով կասկածյալը դեկտեմբերի 14-ին տարվել է դեպքի վայր՝ մասնակցել քննչական փորձարարության: Մեր տեղեկություններով, նա վարույթ իրականացնող մարմնին ցույց է տվել նաեւ մի ճամպրուկ, որտեղ դեպքից հետո պահել էր այն հագուստը, որը կրել էր Մանուկյանին հարվածելիս»: