կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-11 11:04
Առանց Կատեգորիա

Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի դերը իմ հաղթանակում շատ մեծ էր. Ռոբերտ Սարգսյան

Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի դերը իմ հաղթանակում շատ մեծ էր. Ռոբերտ Սարգսյան

Այսօր առաջին անգամ ԱԺ էր եկել թիվ 1 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում հաղթած ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը: Նա համաձայնեց պատասխանել Yerkir.am-ի հարցերին:

 

-Պարո'ն Սարգսյան, ողջ քարոզարշավի ընթացքում տպավորություն էր, որ թաքնվում եք լրագրողներից:

-Ես չեմ թաքնվել լրագրողներից, պարզապես իմ հեռախոսն ինձ մոտ չեմ պահել, որովհետեւ խանգարում էր իմ քարոզարշավն իրականացնելու գործին: Քարոզարշավից հետո բոլորի հեռախոսազանգերին պատասխանել եմ:

 

-Պարոն Գալուստ Սահակյանն անգամ Ձեր պահվածքով մտահոգ լրագրողներին կատակով ասում էր, որ իբր կգաք ԱԺ եւ կսովորեք լրագրողների հետ աշխատել:

-Ես լրագրողների հետ շփվելու որեւէ խնդիր չունեմ:

 

-Ձեզ նաեւ մեղադրում էին քարոզարշավ չանելու մեջ, ի դեպ, դրա ականատեսը լրագրողները չեղան:

-Իսկ ինչի՞, լրագրողները պարտադիր տեղյա՞կ պետք է լինեին իմ քարոզարշավից: Ես քարոզարշավ արել եմ ՀՀԿ գրասենյակներում, շտաբներում, կենտրոնական գրասենյակներում. 6 հազար կուսակից ունենք, 6 հազար հոգու հետ հանդիպելը բավարար չէ՞:

 

-Ստացվում է` այդքան էլ անհայտ չէի՞ք:

-Միանշանակ` ոչ: Ձայները ցույց տվեցին:

 

-Ձեր ընդդիմախոսները Ձեզ մեղադրեցին նաեւ կեղծիքների, ընտրակաշառք բաժանելու մեջ:

-Ընդդիմախոսները միշտ էլ դա են ասում, դրա համար էլ իրենց թվերը դա է լինում:


-Մարդկանց էլ չե՞ք ահաբեկել, որ աշխատանքից կհեռացվեն, եթե Ձեզ չընտրեն:

-Միանշանակ` ոչ: Ինչպե՞ս, եթե մարդուն սպառնում են, նման մարդ կա՞, որ հայտարարում է դրա մասին: Դա ընդդիմախոսների մարտավարությունն է:

 

-Ուզեք, թե չուզեք, Դուք բոլորիս հայտնի դարձաք Տարոն Մարգարյանի աներորդի լինելու հանգամանքով: Որքա՞ն էր Տարոն Մարգարյանի դերը Ձեր հաղթանակում:

-Իմ հաղթանակի մեջ թե' Տարոն Մարգարյանի դեր, թե' իմ կուսակցության դերը շատ մեծ է եղել: Ես այդ համայնքում 33 տարի ապրում եմ, ես այնտեղ մանկություն եմ անցկացնել, եւ երբ ասում են, որ ինձ չեն ճանաչում, այո, 64 հազար ընտրող չի ճանաչում, բայց մեր Ավան համայնքի մեծամասնությունը, միանշանակ, ինձ ճանաչում է: Որպես քաղաքական գործիչ` չեն ճանաչում, բայց, որպես Ռոբերտ Սարգսյան, որպես Ռոբերտ, որպես մարդ եւ ընկեր, որպես հարեւան, իհարկե, ճանաչում են:

 

-Եվ Ձեր հաղթանակի քանի՞ տոկոսն է Ռոբերտ Սարգսյան անհատինը:

-Ես տոկոսներով չեմ կարող ասել:


-ՀՀԿ-ական մի շարք պատգամավորները հրապարակավ հայտարարում էին, որ Ձեր ձայների մեծ մասը ՀՀԿ-ի ձայներն են:

-Այո, միանշանակ այդպես է, ՀՀԿ-ի թիմային աշխատանքի արդյունքն է:

 

-Այսինքն` հաղթանակի համար կարեւոր նախապայմա՞ն է, որ թիկունքում ուժեղ կուսակցություն լինի:

-Կարող է նաեւ այդպես լինել, բայց եթե անգամ Ռոբերտ Սարգսյանի թիկունքին  ՀՀԿ-ն կանգնած չլիներ, ես Ստեփան Սաֆարյանին միանշանակ հաղթելու էի, հնարավոր է, որ ոչ ձայների նման մեծ տարբերությամբ, բայց միանշանակ հաղթելու էի:

 

-Պարո'ն Սարգսյան, իսկ խոսե՞լ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, ում մանդատն, ըստ էության հասավ Ձեզ:

-Իհարկե, խոսել ենք: Շնորհավորել է:

 

-Իսկ խոստանում եք, որ ակտի՞վ եք լինելու, ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի:

-Խոստանում եմ, որ լինելու եմ ակտիվ եւ իմ աշխատանքը միշտ պարկեշտ եմ կատարելու: Իմ ընտրողներին խոստացել եմ, որ լինելու եմ իրենց հետ, իրենց կողքին:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ