Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախանցած շաբաթ «Պետական գնումներ և անբարեխիղճ մրցակցություն» թեմայով երկօրյա սեմինար-քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել էր, որ հայկական շուկայում զանգվածային տարածում ունեն կեղծված ապրանքները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով են դիմել տնտեսվարողներ, հարուցվել են մի քանի վարույթներ: Մասնավորապես շուկայից առգրավվել են կեղծված «Էլբոր» փականներ: Այս առումով ՏՄՊՊՀ-ից yerkir.am-ին հայտնեցին`
«Տեղեկացնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողով է դիմել «Զավոդ Էլբոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձ «Վիմպա» ՍՊԸ նախագահ Արտակ Միքայելյանը` տեղեկացնելով, որ ընկերության արտադրած փականները շուրջ ութ տարի է վաճառվում են Հայաստանում: Ա. Միքայելյանը Հանձնաժողովի պահանջով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, որ «Էլբոր» ապրանքային նշանը միջազգային գրանցման ընթացակարգով իրավական պաշտպանություն է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում: Նշվել է նաև, որ «Էլբոր» ապրանքային նշանով փականները ներմուծվում են «Ներսես-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որը ՀՀ-ում «Զավոդ Էլբոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիստրիբյուտորն է: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ 2012 թվականի օգոստոսին շուկայում հայտնվել են «Էլբոր» ապրանքային նշանով կեղծ փականներ և վաճառվում են շուրջ հարյուր տնտեսվարողների մանրածախ վաճառքի կետերում»:
Սեմինարի ժամանակ ՏՄՊՊՀ մասնագետ Հայկ Վարդանյանը հայտնել էր, որ բնօրինակը կեղծվածից շատ դժվար է տարբերակել, միայն հատուկ նշումների միջոցով են տարբերվում: Հայկ Վարդանյանի տեղեկացմամբ`արդեն 2-3 տարի է՝ հայկական շուկայում հայտնվել են կեղծ «Էլբոր» փականներ` սպառողների մոտ մեծ պահանջարկ վայելող ռուսական արտադրության այս փականը կեղծվում է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ, ամենայն հավանականությամբ՝ Չինաստանում, որտեղից ներկրվում է:
Այ այստեղ, ինչպես ասում է ժողովուրդը, «տերտերի տղեն մատը կծեց»: Որովհետեւ «ներկրվում է» բառը արդեն իսկ նշանակում է, որ տվյալ ապրանքատեսակը պետք է անցնի ՀՀ մաքսատներով: «Էլբոր» ապրանքային նշանը գրանցվել է մաքսային մարմնում, որպեսզի կեղծիքը հայտնաբերվի հենց ներկրման ընթացքում, սակայն առայսօր ոչինչ չի հատնաբերվել:
Այստեղից հետեւում է երկու եզրակացություն, կա’մ ոչինչ չի հայտնաբերվել, քանի որ ոչ ոք չի ուզել հայտաբերել, կա’մ, ապրանքը Հայաստան է ներմուծվել մաքսանենգ ճանապարհով:
Երկրորդ տարբերակին ուզում ենք չհավատալ, քանի որ հակված ենք կարծելու, որ մեր ԱԱԾ-ն, որն այնքան օպերատիվ է գործում, որ կարող է բացահայտել անգամ Հանցմանների փողերի լվացումը հայ քաղաքական գործչի կողմից, կամ բացահայտել, որ Սիրիայից Հայաստան եկած փախստականները հանդիսանում են թուրք, եւ ցանկանում են Հայաստանն օգտագործել, որպես դեպի Եվրոպա ամենակարճ միջանցք, եւ արտաքսել սիրիահայ ընտանիքին հենց «Զվարթնոց» օդանավակայանից, չէր կարող երկու տարվա ընթացքում չգտնել ու «ցցի չհանել» մաքսանենգներին:
Ու նաեւ հակված ենք կարծելու, որ մեր մաքսային մարմինները աչալուրջ են աշխտում: Մնում է առաջին տարբերակը` չեն ուզել հայտնաբերել: Իսկ չուզելու պատճառներ, բնականաբար, կան:
Օրինակ` սեմինարի ժամանակ նշվել է նաեւ, որ խանութները ե’ւը կեղծն, ե’ւ իսկական «Էլբորները» վաճառում են նույն գնով (4-5 հազ. դրամ), սակայն կեղծը ձեռք են բերում ցածր գնով: Այսինքն` ստացվում է հետեւյալ պատկերը` ինչ-որ գործարար որոշում է, որ պետք է Հայաստանում զբաղվի այսինչ ապրանքանիշի ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով: Նա կապ է հաստատում այդ ապրանքն արտադրող ընկերության հետ, ճշտում պայմաններն ու մասնրամասները, ձեռք բերում համաձայնություն ու ամբողջությամբ օրինական հիմունքներով սկսում Հայաստան ներմուծել եւ այստեղ վաճառել այդ ընկերության արտադրանքը:
Մի քանի հոգի էլ, որ շատ լավ ուսումնասիրում են շուկան եւ տեսնում, որ այդ ապրանքները լավ վաճառվում են, անմիջապես վերցնում են տվյալ ապրանքից մեկ նմուշ ու արագ հասնում Չինաստան: Այնտեղ պատվիրում են տվյալ ապրանքատեսակից` մեկին-մեկ ճշգրտությամբ: Ու այդ ապրանքները, ամբողջ աշխարհը գիտի, Չինաստանում մի քանի անգամ ավելի էժան կարելի է պատվիրել` հաշվի չառնելով որակը: Ու եթե օրինական աշխատող գործարարը ապրանք արտադորղ գործարանից իր ապրանքը գնում է, ենթադրենք` 8 դոլարով, ապա Չինաստանում այն պատվիրողի վրա նույն ապրանքը կարող է նստել մոտ 2-3-4 դոլար: Այդ ` ե’ւ իսկական, ե’ւ կեղծ ապրանքների արժեքներին, գումարվում են նաեւ ապրանքի` մինչեւ Հայաստան տեղափոխման ծախսերի արժեքը:
Բայց ամեն դեպքում` կեղծ ապրանք ներկրողը, բնականաբար, արդեն նույնանուն ապրանքի ներմուծման համար ավելի քիչ գումար է ծախսում: Ու նա արդեն կարող է անհամեմատ ավելի ցածր գնով վաճառել շուկայում պահանջարկ վայելող ապրանքը, քան դրա պաշտոնական դիստիբյուտորը, որն այսպիսով, կրում է նյութական եւ բարոյական վնասներ:
Այստեղ մնում է միայն մեկ հարց` ինչպե՞ս կեղծ ապրանքը մտցնել Հայաստան, երբ, առավել եւս, դրա օրինական դիտիբյուտորը գրանցել է ապրանքանշանը: Հարցի լուծումները երկուսն են` մեկը, որ ամբողջ աշխարհին հուշել են հենց չինացիները` անվանման մեջ մի ինչ-որ տառ փոխելով, ստացվում է բոլորովին այլ անուն: Ու ինչքան էլ «փնտրող» մրմինները ուզեն, չեն կարող նույն անունով ապրանք գտնել:
Բայց կա նաեւ երկրորդ տարբերակը` լավ թափով ծանոթ ունենալ մաքսային մարմնում, եւ նրա միջոցով այդ կեղծ ապրանքը մաքսազերծել կա’մ որպես այլ ապրանք, օրինակ` փականները մաքսազերծել, որպես բրինձ, կա’մ Հայաստանի սահմաններից ներս «խցկել» խոտոր ճանապարհներով` առանց ձեւակերպելու:
Եթե առաջին տարբերակը` անվան մեջ ինչ-որ տառ փոխելու միջոցով ներկրելը ուղղակի հնարք է, ապա հաջորդ երկու տարբերակները քրեական հանցագործություն են, եւ չենք ուզում որեւէ մեկին մեղադրել այս հանցանքում` առավել եւս, որ նման դեպքի բացահայտման մասին ո’չ ՀՀ ԱԱԾ-ն, ո’չ Ոստիկանությունը եւ ո’չ էլ ՏՄՊՊՀ-ն չեն հայտարարել:
Դեռ ավելին` ներկայումս ՏՄՊՊՀ-ն աշխատանքներ է իրականացնում՝ կեղծ փականների սկզբնաղբյուրը բացահայտելու ուղղությամբ: Հանձնաժողովից yerkir.am-ին տեղեկացրեցին նաեւ, որ իրենց կողմից դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում դիտանցումներ են իրականացվել համապատասխան ապրանքները վաճառքում հայտնաբերելու նապատակով: Դիտանցումների արդյունքում նշված տեսակի փականները տարբեր վաճառակետերում հայտնաբերվել են: Դրանք իրացնող տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների ձեռքբերման վերաբերյալ: Վարույթը ընթացքի մեջ է, այն դեռեևս չի ավարտվել և համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո կպարզվի նաև տնտեսվարողին հասցված վնասի չափը:
Վարույթի ավարտին Հանձնաժողովը կտեղեկացնի արդյունքների մասին: Հուսանք եւ սպասենք:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ