Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, այլ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով պետական ֆինանսավորման նոր սխեմայի կիրառման հարցը, որը մշակվել է նախարարության կողմից:
«Պետության և մասնավոր հատվածի միջև հարկավոր է ստեղծել շղթայական կապ, որով մենք կկարողանանք առանց գյուղացու համար ցավագին հետևանքների կազմակերպել գյուղմթերքի ավելցուկի մթերման գործընթացը և խրախուսել արտահանումը: Այդ նոր սխեման մշակվել է, սակայն կան առանձին հարցեր, որոնք քննարկելու նպատակով այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել է այս հանդիպումը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հավելել է, որ ներկայում գործող «հումք հանձնող- վերամշակող/արտադրող- առևտրային կետ/ արտահանող» շղթան բավարար չէ մթերման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, քանի որ պարունակում է պատրաստի արտադրանքի իրացման պահանջարկի անկում կամ չվճարման ռիսկեր: Առաջարկվում է ներդնել գյուղմթերքի ֆինանսավորման նոր սխեմա, որով կկազմակերպվի արտադրված գյուղմթերքի ավելցուկի իրացումը: Նախարարը շեշտել է, որ ավելցուկի մթերումը կիրականացվի շուկայական գներով, որպեսզի արտադրողը` գյուղացին, չտուժի:
Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք կուսումնասիրեն ներկայացված սխեմայի ներդրման նպատակահարմարությունը և կտան համապատասխան եզրակացություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին