Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանը շտապ վիրահատության կարիք ունի: Ամիրջանյանը կռվել է Ղարաբաղի Հադրութի շրջանում, եղել դասակի հրամանատար: 1994թ. կռվի դաշտում թշնամու արկի բեկորը մտել է Ամիրջանյանի աջ ոտնաթաթի մեջ, սակայն, ինչպես նշում է վերջինս, չի ցանկացել զինվորներին մենակ թողնել եւ պառկել հոսպիտալում. ոտքը վիրակապելուց հետո անմիջապես կռվի դաշտ է վերադարձել:
«Արդեն մեկ տարի է, որ ուժեղ ցավեր են սկսվել: Մինչ այդ Ստեփանակերտի հիվանդանոցում եղունգներս քաշեցին, քանի որ դրանց տակ թարախ էր հավաքվում: Հետո սխալ բուժում նշանակեցին. մտածում էին ցրտահարությունից է: Հիմա արդեն երակներս խցանվել են, վերջույթներս թարախակալվել ու գանգրենա է սկսվում»,-ասում է Ամիրջանյանը:
Վերջինս ստուգվել է մի շարք հիվանդանոցներում, սակայն բուժում առաջարկել են միայն Շենգավիթ բժշկական կենտրոնում /իսկ մյուս տեղերում, ինչպես Ամիրջանյանն է պնդում, ասում են, որ անհրաժեշտ է ոտքը ծնկից ներքեւ հեռացնել/:
«Ու քանի որ ո՛չ ի վիճակի եմ աշխատել, որ գումար վաստակեմ եւ ո՛չ էլ օգնող ունեմ, որոշեցի հրատապ դիմում գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Անցել է երեք ամիս եւ նոր միայն իմացա, որ մերժել են ինձ գումար տրամադրել, բայց թե ինչու՝ չգիտեմ»,-ասում է Ամիրջանյանը:
Ամիրջանյանին Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկ Արա Թադեւոսյանն ասել է, որ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատել, որը զեղչերով կարժենա 500 000 դրամ: Ամիջանյանը պաշտպանության նախարարին ՀՐԱՏԱՊ նամակ է գրել 02.08.2012-ին, որի պատասխանը «ստացել» է նույնքան հրատապ ժամկետում՝ երեք ամիս անց.«Հարգելի պարոն Ամիրջանյան, ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր դիմումի առնչությամբ հայտնում եմ, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունը կանոնակարգող ՀՀ կառավարության 04.03.2004թ. N-318-Ն որոշման համաձայն՝ այն իրականացնող մարմիններ են սահմանված ՀՀ առողջապահության եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները: Գործող իրավական ակտերով, Ձեր խնդրանքի առումով, ՀՀ Պաշտպանության նախարարությանն որեւէ լիազորություն չի վերապահված»:
«Ի՞նչ է ստացվում՝ ես երեք ամիսն իզուր ժամանակ եմ անցկացրել: Է, եթե դուք իրավասու չեք, շուտ պատասխանեիք, որ գլխիս ճարը տեսնեի. սա էն դեպքում, երբ հրատապ դիմում են ներկայացրել ու ասել, որ գանգրենա է մոտս սկսվում. հասկանո՞ւմ եք՝ դա ի՞նչ ա նշանակում: Ո՞ւմ կամ ինչի՞ համար եմ կռվել. ժամանակին մենք իրենց պետք էինք՝ եկան-գտան, հիմա էլ իրենք են ինձ պետք, բա ինչի՞ են արհամարհում»,-հուսահատ ասում է Ամիրջանյանը:
Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդովասկույլար եւ անոթային վիրաբուժական ծառայությունների ղեկավար Արա Թադեւոսյանը նշեց, որ Ամիրջանյանի մոտ առկա է ստորին վերջույթների զարկերակների խցանող էնդարտերիտ, սրունքի զարկերակների խիստ նեղացում, ոտնաթաթի փտախտ:
«Անհրաժեշտ է ստորին վերջույթների սրունքների զարկերակների էնդովասկուլյար ռեւասկուլյարիզացիոն ստենդավորում, այսինքն՝ պետք է ստենդ տեղադրվի, որպեսզի անոթները լայնանան եւ արյան շրջանառությունը կարգավորվի: Պետք է արյան հոսքն արագացվի՝ հակառակ դեպքում, եթե ժամանակ կորցնենք, ոտքը պետք է հեռացվի: Միայն ստենդն արժե 1500 դոլար՝ վիրահատական ծախսերը չհաշված, իսկ մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ազատամարտիկ է, առաջարկել ենք նրան վիրահատել 500 000 դրամ»,-ասում է Թադեւոսյանը:
Ի դեպ, ազատամարտիկը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մայրական երախտագիտություն» եւ «Արիության համար» մեդալներով, որը ցանկանում էր հանձնել պաշտպանության նախարարությանը.«Մեդալները ցավս չեն մեղմացնում»…
Կ. Հ.