Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի օր է`բուռն քննարկման նյութ է դարձել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու պատմությունը: Տարբեր վարկածներ են շրջանառվում` քաղաքական հետապնդումից, հաշվեհարդարից մինչև անձնական ու կենցաղային հողի վրա վրեժ: Ինքը`Սմբատ Հակոբյանը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ կատարված այս քայլը քաղաքական հետապնդում է, և ինքը որևէ մեկի հետ անձնական խնդիր չունի:
Yerkir.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը նշեց, որ, անկախ ամեն ինչից, ծեծը դատապարտելի է, բայց ամեն ինչ ավելի վատ կստացվի, եթե հաստատվի, որ Սմբատ Հակոբյանը խաբում է:
«Ես լավ գիտեմ Սմբատ Հակոբյանին, բայց անձամբ մտերիմ չեմ նրա հետ: Ընդամենը կարող եմ ասել, որ դատապարտում եմ ծեծը, բռնությունը, բայց պետք է հասկանալ` կոնկրետ ինչ է եղել: Եթե այդ մարդու վրա իրականում հարձակվել են նրա համար, որ իշխանություններին քննադատել է, շատ վատ է, իսկ եթե դա այդպես չէ, և ինքը ճիշտ չի ասել, դա կրկնակի վատ է: Ոչ միայն իր համար է վատ, այլ նաև` մեզ համար, տղերքի հեղինակության համար, այսինքն` ավելի լավ է ճիշտն ասել: Ինչքան գիտեմ` պարտք է, բայց կոնկրետ տեղյակ չեմ»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով`եթե, իրոք, պարզվի, որ քաղաքական հայացքները չեն եղել ծեծի պատճառը, Սմբատ Հակոբյանը պետք է որ չկարողանա նայել ընկերների աչքերին, քանի որ խաբել է: «Էլ Վստրեչի Ապեր, էլ Ռուբեն Հայրապետյան, էլ անձնական խնդիրներ… Չեմ կարող ասել, բայց լավ կլինի, որ նա խաբած չլինի: Եթե իրականություն է նրա ասածը, ես, իմ թևերը քշտած, պատրաստ եմ օգնել, բայց եթե այդպես չէ, սուտ խոսք կա այդտեղ, էլ ի՞նչ ասեմ: Ես որ Ազատամարտիկների դաշինքից դուրս եկա, իմ հայտարարության մեջ նշել եմ կոնկրետ մարդկանց հետ անհամաձայնությունների մասին: Սմբատ Հակոբյանի անունն էլ եմ նշել: Ես չեմ վստահում էդ մարդկանց, ես դուրս եմ եկել»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա բնորոշմամբ` փոխադարձ է անվստահությունը: «Նենց չի որ իրենք վատն են, ես` լավը: Ես ուրիշ ձև եմ տեսնում պայքարի տրամաբանությունը, իրենք` ուրիշ ձև»,- եզրափակեց ազատամարտիկը:
Երբ Սմբատ Հակոբյանի հետ նոր էր դեպքը պատահել, մի քանի ազատամարտիկներ հանդես էին եկել հայտարարությամբ և ասել` եթե պատկան մարմինները համապատասխան ձևով չարձագանքեն Հակոբյանի հետ տեղի ունեցածին, ապա իրենք կդիմեն ինքնադատաստանի: Այդ հայտարարությամբ հանդես եկող ազատամարտիկների թվում էր նաև Սուրեն Սարգսյանը: Երբ այդ մասին հիշեցրեցինք նրան, ասաց, որ ինքնադատաստանի կդիմեին միայն այն դեպքում, երբ հաստատվեր այն վարկածը, որ Սմբատ Հակոբյանին քաղաքական հայացքների համար են ծեծել: Սարգսյանի խոսքով` ստացվում է, որ Հակոբյանը խաբել է բոլորին, և ինքնադատաստանի անհրաժեշտություն այլևս չկա: