կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 12:36
Առանց Կատեգորիա

Ինչի մասին ուզեմ՝ կգրեմ

Ինչի մասին ուզեմ՝ կգրեմ

Ֆրանսերենի նախկին դասախոս, իսկ հիմա իրավաբանական գրասենյակի խոսնակ Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆՆ արդեն 3 տարի է՝ բլոգ է վարում. iza1976 կամ Բելկա՝ ինքն է. «Երբ հաշվիչ ունեի դրած, օրական հազարից անցնում էին այցելությունները: Հետո հաշվիչը հանեցի, խանգարում էր»:

 

Ամուսինը կարդում է բլոգը, դպրոցահասակ դուստրն ու որդին՝ ոչ, բայց նախաձեռնություններին, օրինակ՝ ծառատունկերին, մասնակցել են: Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարան է կազմել ու հրատարակել. «Ցավոք, այդպես էլ մնաց իմ տանը: Ֆրանսերեն իրավաբանություն անցնող բուհի ղեկավարությանը չհետաքրքրեց, չնայած ես հրատարակչության գնով էի առաջարկում: Նպատակս դրամ վաստակելը չէր, դա իմ թեկնածուական աշխատանքն էր»:

 

2004թ. Ռուսաստանի գրական «Ոսկե գրիչ» մրցանակ է շահել. «Ռուսերենն իմ մեջ» անվանակարգի հաղթողն էր. «Մասնակցում էին ռուսալեզու գրողներ ամբողջ աշխարհից: Պատմվածքս իմ ինտերնետային շփումների վրա հիմնված իրական պատմություն էր, որում որոշ անուններ փոխել էի: Հայաստանից գնացած մի ադրբեջանցի էր ինձ խնդրել գտնել իր նախկին նշանածին: Ես գտա աղջկա մորն ու իմացա, որ աղջիկը Ռուսաստան է տեղափոխվել: Նրանք հետո հանդիպել էին»:

 

Իզաբելլայի եւս մեկ մտահղացում է բոլորովին վերջերս իրականություն դարձել՝ «Ֆեյսբուքում» «Մայրենի լեզվի դասեր» խմբի ստեղծումը. «Մտածում էի, մի տեղ լիներ ինտերնետում, մտնեիր, հայերենի մասնագետը պատասխաներ քեզ հուզող հարցերին ու ոչ թե կողքիդ նստած աշխատողը, որը քո չափ գիտի: Ու այդպես, մի շարք մասնագետներ հավանեցին գաղափարը, միացան: Առանց դրա չէր կայանա մեր խումբը: Այս մեկ շաբաթվա ընթացքում հասկացա, որ հայերենը շատ հետաքրքիր հանելուկներ ունի, որոնք քննարկելիս մեծ հաճույք ես ստանում, կարծես դետեկտիվ ես կարդում: Հատկապես գրաբարյան արմատների, ածանցների հետ մի նոր աշխարհ եմ ինձ համար բացել, ես հիմա այդ աշխարհում եմ»:

 

- Բլոգդ՝ ռուսերեն, մրցանակ շահած պատմվածքդ՝ ռուսերեն, պայքարդ՝ հայերենի համար: Սա՞ ինչ հանելուկ է:

- Ես «Ֆեյսբուքում» հայերեն եմ գրում, որովհետեւ դա իմ հայ ընկերների համար է, իսկ բլոգս ուղղված է նաեւ միջազգային հանրությանը: Այդտեղ կա հակաադրբեջանական քարոզչություն, որը հայերեն վարելն անիմաստ է: UNESCO-ի հետ կապված հարց կար, որը ֆրանսերեն գրեցի: Որքան լեզու գիտես՝ այդքան շատ մարդու կարող ես լսելի լինել. դրա համար էլ բլոգս ռուսալեզու է:


- Օտարալեզու դպրոցների խնդրին ո՞նց ես վերաբերվում:

- Այդ շարժման ժամանակ բլոգերները երկու մասին կիսվեցին` կողմ եւ դեմ: Ինքս միշտ նշում էի, որ մինչեւ չհասկանամ կոնցեպտը, չեմ ասի՝ կո՞ղմ եմ, թե՞ դեմ: Ինձ համար կարեւոր է, որ երեխան տիրապետի հայերենին:

 

- Տարբերություն կա՝ հայերենին տիրապետի որպես մայրենի՞ լեզվի:

- Բնականաբար, որպես մայրենի լեզվի: Եթե մայրենին չի տուժելու, ու խորացված օտար լեզու են անցնելու՝ երկու ձեռքով կողմ եմ: Եվ այսօր մենք դեռ չունենք օտարալեզու դպրոցներ ավարտած աշակերտներ, որ տեսնենք՝ ինչպես է: Բայց մենք ունենք հայկական դպրոցներ ու խայտառակ մակարդակի հայերեն: Այսօրվա ուսանողները «Ֆեյսբուքում» սխալներով են գրում կամ էլ լատինատառ, որ սխալները չերեւան: Այստեղ հարց կուղղեի կրթության նախարարին` ինչպե՞ս են այդ ուսանողները հայտնվել բուհերի նստարաններին, չէ՞ որ նրանք քննություն են հանձնել: Այստեղ կա՛մ կոռուպցիայի հետ գործ ունենք, կա՛մ հայերենի քննության ձեւաչափը արդյունավետ չէ, թույլ չի տալիս պարզել աշակերտի՝ լեզվին տիրապետելու մակարդակը:

 

- Եվ այսօրվա ուսանողները վաղն ուսուցիչ են դառնալու:

- Եթե մենք այսօր տեսնում ենք սխալներով գրող ուսանողների, այո, նշանակում է, որ կադրերի խնդիր կունենանք: Մյուս կողմից, շատ ծնողներ երեխաներին փոքր տարիքից տալիս են անգլերեն պարապելու: Դա նշանակում է, որ երեխային հիմիկվանից ասում են` հույսդ մի կապիր հայրենիքիդ հետ: Իմ երեխաներին արգելված է ասել՝ «երկիրը երկիր չէ», «ոչինչ չի ստացվում», «ամեն ինչ հարուստներինն է»:

 

- Բայց իրենք չե՞ն տեսնում, թե տանից դուրս ինչ է կատարվում:

- Ուշադրություն չեն դարձնում: Նրանք ասում են` մամ, դու ասում ես, որ լավ սովորեմ՝ ամեն ինչ կունենամ, բայց տես, դու լավ ես սովորել, համալսարանդ ավարտել ես, բայց այսինչ բանն ուզում ենք, ասում ես` փող չկա: Ես էլ բացատրում եմ, որ փող աշխատելու նպատակ չեմ դրել, ես ունեմ իմ կշիռը, ինձ հարգում են, ես կարող եմ իրենց հետ պարապել, իրենց հարցերին պատասխանել, դա քի՞չ է: Երեխաներին նյութապաշտ դարձնելը լավ բան չէ:

 

- Ո՞նց է ստացվում, որ իսկույն իմանում ես, թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել, ու արագ արձագանքում ես:

- Համալսարանում եմ սովորել դա. սինխրոն թարգմանության խմբում էի, դասախոսն ասում էր` ձեզ ցանկացած ոլորտի թարգմանության կարող է կանչեն, պետք է ամեն ինչից տեղյակ լինեք:

 

- Արծարծածդ բազմադեմ ու բազմասայր թեմաների մեջ քո սիրելին ունե՞ս:

- Չունեմ, բայց շատ եմ գնահատում, երբ սոցիալական նախաձեռնություններն են հաջողության հասնում, երբ հիվանդ երեխայի համար բլոգերները ոտքի են կանգնում, եւ ստացվում է օգնել, գումար հավաքել: Վերջերս էլ մի բազմազավակ, չքավոր ընտանիքի տեղափոխեցինք գյուղ:

 

- Քաղաքական նպատակներով երբեւէ օգտագործե՞լ ես բլոգդ:

- Երեւի շատերը չեն հասկանում, թե այս աղջիկը ո՞ր ուժին է հավանում, որին՝ չէ. բոլորին քննադատում է: Ես մասնակցում եմ ընդդիմության հանրահավաքներին: Շատ լավ հասկանում եմ, որ այնտեղ հավաքված բազմության մեջ յուրաքանչյուրն այդ պահին ոչ թե մտածում է, թե ով կլինի նախագահը, վարչապետը, այլ մտածում է, որ իր երեխան կրթություն ստանա, հագնված լինի, իսկ ես նրանցից մեկն եմ:

 

- Իսկ նման ուժ տեսնո՞ւմ ես, որի շնորհիվ քո երեխան կկրթվի ու կհագնվի:

- Ես դա չէի կապի որեւէ ուժի հետ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի՝ ինչ անեմ, որ լավ լինի: Իմ բլոգի կոնցեպցիան դա է, եթե գրում եմ, որ Երեւանն այսօր փոշու մեջ է, բահը վերցնում եմ ձեռքս, գնում, ծառ եմ տնկում: Շաբաթ-կիրակի օրերին գյուղում եմ ապրում, գյուղացիների խնդիրնեը մոտիկից եմ տեսնում:


- Գյուղերից կանանց ձայնը գրեթե չի լսվում: Ի՞նչ են անում:

- Գյուղում կինն այսօր շատ բարդ վիճակում է: Կան կանայք, որ չգիտեն` ո՞վ է մեր վարչապետը, ո՞վ է ԱԺ նախագահը: Ինչպես ամուսինն ասի, այնպես էլ կքվեարկի: Նրանք ասում են` մեզ մեկ է, ով կղեկավարի երկիրը: Կարեւորը, որ ես գործ ունենամ, տղաս գործ ունենա, գյուղը չթողնի, գնա: Պատմում են, որ գյուղում եղել է արտադրամաս` փակվել է, այ, դա խնդիր է: Ես իմ բլոգում գրում եմ` ինչո՞ւ մենք չենք կարող փոքրիկ կարի ֆաբրիկա բացել գյուղում, անկողնու սպիտակեղեն կարել, որ գյուղերը մարդաթափ չլինեն, բայց իմ ձայնը միայն քիչ է: Իսկ քաղաքական ուժերն ավելի շատ խոսում են գլոբալ խնդիրներից, քաղաքականությունից՝ մի քիչ կարծես հեռանալով ժողովրդի էական պահանջներից:

 

- Տեսակետ կա, որ բլոգները փոխարինելու են ավանդական լրատվամիջոցներին:

- Չեմ կարծում, որովհետեւ բլոգերը, բացի իր բլոգը վարելուց, հիմնական աշխատանք ունի: Օրինակ` ես չեմ հասցնի լրագրողների օպերատիվությունն ունենալ: Լրագրողը դրա համար ստանում է աշխատավարձ, նա ամբողջ օրն է զբաղվում տեղեկատվական գործով:

 

- Իսկ ազդեցությունը հավասա՞ր է:

- Դեռ հավասար չենք, որովհետեւ դեռ ոչ բոլոր պաշտոնյաներն են հասկանում, որ բլոգերի ասածը կշիռ ունի: Բլոգերի ասածը հասարակության ասածն է, իսկ լրատվականը կարող է սուբյեկտիվ լինել, նայած՝ ով է այդ լրատվականի տնօրենը, ֆինանսավորողը:

 

- Բլոգերն էլ կարող է սուբյեկտիվ լինել, ինչ-որ մեկից փող ստանալ:

- Ստացավ, գրեց՝ միանգամից բացասական մեկնաբանություններ, ամոթանք կստանա: Մեկ, երկու, երեք՝ նա այլեւս հայտնի բլոգեր չէ: Բլոգերի ամբողջ արժեքն անկախ լինելն է, ես այսօր կարող եմ ինձ թույլ տալ քննադատել բոլորին, որովհետեւ ես ոչ մեկին ոչ մի բանով պարտական չեմ, ես ունեմ իմ կտոր հացը՝ իմ աշխատանքով, իմ քրտինքով, ու ինչի մասին ուզեմ՝ կգրեմ:

 

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ