Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մահիր Օզքան
Անցյալ ամիս Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ․) ավտոբուսում տեղի ունեցած դեպքը բուռն քննարկումներ հարուցեց: Ավտոբուսում չերքեզերեն խոսող ուղևորների վրա հարձակված մի ֆաշիստ բղավելով ասել է. «Այս երկիրը թուրքերի երկիրն է, թու՛րք: Ամեն ինչ թուրքական է, չերքեզական չէ։ Այս երկրում երկրորդ լեզու չկա. լինի քուրդ, լինի չերքեզ… Ով էլ որ լինի։ Այս երկիրը թուրքական է»։ Ուղևորների մեջ ծիծաղ է լսվել։ Մեկ այլ ուղևոր մինչև իսկ աջակցել է հարձակվողին՝ ասելով. «Երկու լեզվով խոսելիս երկիրը խառնվում է»: Չերքեզերեն խոսող երիտասարդներն էլ ասել են՝ «Լա՛վ, եղբայրս, շնորհակալություն»։
Ո՛չ լավ է, ո՛չ էլ՝ շնորհակալություն
Անշուշտ, ավտոբուսում ռասիստական ատելության ենթարկված այդ երիտասարդներին «Լա՛վ, եղբայրս, շնորհակալություն» ասելու համար չենք պատրաստվում քննադատել։ Այս միջավայրում, թերևս, հասկանալի են չծավալվելու, հանգիստ մնալու նրանց փորձերը։ Սակայն հարկավոր է, որ ժողովուրդը այս ռասիզմին ասի՝ «Ո՛չ լավ, եղբայրս» է, ո՛չ էլ «շնորհակալություն»։ Մարդիկ չպետք է վճարեն այն բանի համար, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը ազգայնականության և այլատյացության մրցավազքի թատերաբեմ է դարձել։ Երբեք չպետք է մոռանալ, որ չերքեզ երիտասարդների դեմ այս հարձակումը բոլոր ժողովուրդների դեմ է ուղղված։ Այդ պատճառով նման հարձակումներին պետք է միշտ արձագանքել հնարավորինս լայնամասշտաբ համերաշխությամբ։
Այս իրադարձությունը նաև ցույց տվեց, թե որքան կարևոր է պայքարել փախստականների, հատկապես սիրիացիների և աֆղանների դեմ ուղղված թշնամանքի դեմ, որը կարող է արմատավորվել նաև մեր ժողովուրդների մեջ։ Պետք չէ մոռանալ, որ այն կլիմայում, որտեղ աճում է այլատյացությունը, թուրքերենից բացի այլ լեզուներով խոսող ժողովուրդների օտարելը ժամանակի խնդիր է դարձել: Թուրքիայում փախստականների խնդիրը և ժողովուրդների լեզվի ու ինքնության հարցերը, իհարկե, տարբեր դինամիկայի և պատմական ծագման խնդիրներ են։ Սակայն աճող ազգայնականությունը և ատելության խոսքը ստիպում են, որ այս խնդիրները մեկը մյուսին մեծացնեն: Այսինքն ասում եմ, որ չպետք է զարմանաք, եթե այն մարդիկ, որոնք ատելության խոսքով հարձակվել են սիրիացիների վրա, վաղը նույն խոսքերով հարձակվեն ձեզ վրա: Մարդիկ չպետք է ընկնեն այս ծուղակը։ Ոչ քաղաքականապես է ճիշտ, ոչ էլ արդարացի, որ փախստականների խնդիրը ստեղծողներին, Մերձավոր Արևելքը արյան լճի վերածողներին, պետությունների ռեժիմները փոխելու համար քաղաքացիական պատերազմի կողմնակիցներին ուղղված զայրույթը ուղղված լինի այս քաղաքականության զոհերի վրա: Ավելին, երբ այնքան ակնհայտ է, որ նրանց նկատմամբ արձագանքները կգան ու կհարվածեն մեզ։
Լեզվի վերք
Այս վերջին իրադարձությունն իրականում նախապատմություն և մեր պատմության մեջ բազմաթիվ օրինակներ ունեցող դեպք է: Տարրական դպրոցում ես իմ մաշկի վրա եմ զգացել դպրոցում համշեներեն խոսելու արգելքը և գրել դրա մասին։ Չգիտեմ, արդյոք հիմա էլ է այդպես, բայց մի ժամանակ դասարանների ավագները գրատախտակին գրում էին դասամիջոցի ժամանակ չարաճճիություն արած աշակերտների անունները: Տարրական դպրոցում իմ անունը ևս գրված էր գրատախտակին, քանի որ ես համշեներեն էի խոսում: Ինչպես տեսնում եք, համշեներեն խոսելը նշանակում էր՝ «չարաճճիություն անել»։
Այս արգելքների հայտնի օրինակներից է «Cumhuriyet» թերթում 21.05.1936 ամսաթվին տպագրված հոդվածը։ «Գյոնենում թուրքերենից բացի այլ լեզվով խոսելն արգելված է Գյոնենի համայնքապետարանի որոշմամբ։ Հանրությանը ազդարարվել է, որ չերքեզերեն, վրացերեն, ալբաներեն և պոմակերեն ու նման օտար լեզուներով խոսողները կպատժվեն։ Շուկայում, սրճարաններում օտար լեզվով խոսողներն այսուհետ Գյոնենի համայնքապետարանի համապատասխան որոշմամբ կխոսեն թուրքերեն։ Գյոնենի բնակչությունը շատ գոհ էր այս որոշումից»։
1936 թ․ վերաբերյալ «այն ժամանակվա պայմաններն էին այդպիսին» ասողներին 2018 թ․ մի լուր․ «2018 թ․ դեկտեմբերի 16-ին Սաքարիայի Հենդեք գավառում, Յենիմահալլե թազամասի Բեշթեփելեր պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Քադիր Սաքչըն և նրա որդին՝ Բուրհան Սաքչըն, սրճարանի դիմաց կոտորվել են Հիքմեթ Ուսթայի և նրա կողմնակիցների կողմից։ Հիքմեթ Ուսթան քրդախոս հորն ու որդուն հարցրել է՝ «Քո՞ւրդ եք, թե՞ սիրիացի», և երբ հայրն ու որդին ասել են՝ «Քուրդ ենք», «Հենց ձեզ էլ չեմ սիրում» ասելով՝ նա գոտկատեղից հանել է ատրճանակը և կրակել։ Քադիր Սաքչըն մահացել է, որդին՝ Բուրհան Սաքչընը ծանր վիրավորվել»։
Լեզուները սահմանադրական պաշտպանության կարիք ունեն։
Մեր երկրում խոսվող լեզուները 1921, 1924, 1961 թթ․ սահմանադրություններով արգելված չեն եղել։ Այս շրջանում փաստացի գործնականում և օրենքով արգելքները շարունակվել են։ 1982 թ․ Սահմանադրության 3-րդ հոդվածում «Պետության լեզուն թուրքերենն է» արտահայտության փոխարեն «Թուրքերենը պետության պաշտոնական լեզուն է» արտահայտությունը սկզբում դրեց արգելող տեսակետը։ «Մտքի արտահայտման և տարածման ազատություն» բաժնի 26-րդ հոդվածը վերաբերում է լեզվի արգելման մասին օրենքներին. «Օրենքով արգելված ցանկացած լեզու չի կարող օգտագործվել մտքերի արտահայտման և տարածման ժամանակ»։
1991 թ․ ապրիլի 12-ի թիվ 3713 օրենքը, որը նախատեսում է լեզվի արգելքը, 2001 թ․ հոկտեմբերի 3-ի թիվ 4709 սահմանադրական փոփոխությամբ սահմանադրության 26-րդ և 28-րդ հոդվածները, որոնք ներառում էին «օրենքով արգելված լեզու» արտահայտությունները, վերացվել են։ Սակայն, ինչպես տեսանք, լեզուների՝ որպես ընտրովի դասընթացների դասավանդման վերաբերյալ արգելքների վերացումը կամ կանոնակարգերի ընդունումը չի վերացնում առաջացած խնդիրները։ Մեր երկրում կրթությունը կարող է իրականացվել օտար լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, կամ Լոզանի պայմանագրով փոքրամասնության կարգավիճակ ստացած հայերեն ու հունարեն։ Սակայն մահմեդական ժողովուրդների համար հնարավոր չէ կրթություն ստանալ իրենց լեզվով։ Չգիտես ինչու, «Երկրի միակ լեզուն լինելու» մասին հայտարարությունները արևմտյան լեզուներին չեն վերաբերում։ Բացի այդ, այսօր ամբողջ աշխարհում միալեզու կրթության փոխարեն ի հայտ է գալիս բազմալեզու կրթությունը։ Այսինքն մեր երեխաներն իրենց դպրոցներում չերքեզերեն, համշեներեն, լազերեն և քրդերեն կրթություն ստանալով հեշտությամբ կարող են սովորել թուրքերեն և մեկ արտասահմանյան լեզու։
Մեր լեզուներով խոսելուն ռասիստական արձագանքներին տրված լավագույն պատասխանը չպետք է սահմանափակվի «Ամենուր իմ լեզվով եմ խոսում»: Քանի որ կյանքի բնականոն ընթացքը, բազմաթիվ սոցիալ-տնտեսական պատճառները ստիպում են մեր լեզուներով ավելի քիչ խոսել: Անհետացումը կանխելու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն խոսել, այլև այդ լեզուները դարձնել կրթության լեզու և լինել սահմանադրորեն պաշտպանված։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net