կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 16:28
Իրավական

Հենց ուզեմ էլի անել, ձեռքերս կկապեմ. անչափահաս դատապարտյալը երկրորդ Ամանորն էլ «գլորեց»

Հենց ուզեմ էլի անել, ձեռքերս կկապեմ. անչափահաս դատապարտյալը երկրորդ Ամանորն էլ «գլորեց»

17-ամյա Ալեքսը (խմբ. անունը փոխված է, քանի որ հերոսն անչափահաս է) «Աբովյան» ՔԿՀ-ի երեք անչափահաս դատապարտյալներից ամենահնաբնակն է: Նա արդեն երկրորդ տարին է դիմավորում կալանավայրում:

«Հիմա որ բանակ գնացած լինեի, արդեն ծառայել, հետ էի եկել»,- կատակում է տղան ու երկու բառով ամփոփում երկու տարի առաջ տեղի ունեցածը: Բնակարանային գողություն, չորսուկես տարվա ազատազրկում, պատժաչափի վերանայում (երկուսուկես տարի), արդյունքում` ևս վեց ամիս, և Ալեքսը կլինի ազատության մեջ:

Ալեքսն 9-ամյա կրթություն ունի: Անկեղծանում է՝ սովորելու հետ այնքան էլ սեր չուներ, դպրոցից դուրս գալուց հետո դզող-փչող դարձավ: Հետո ինչ-որ բան այնպես չդասավորվեց, «ընտրեց» գողությունն ու հայտնվեց ճաղերի հետևում: Ալեքսը խոստովանում է ՝ գողության կարիքից դրդված չի դիմել. ընտանիքում բոլորն աշխատել են, այդ թվում՝ ինքը: Իսկ թե ի՞նչը դրդեց հանցագործության, ինքն էլ չգիտի:

«Ոնց որ հոբբի լինի, սովորություն է դարձել, ոնց-որ բնազդաբար ինչ-որ բան ա ստացվում, էլի, նենց չի, որ ուզենալով եմ անում, ուղղակի պահի տակ… ստացվում ա»,- արարքի դրդապատճառը մոտավորապես նկարագրում է տղան:

«Կալանավայրից դուրս գալուց հետո, որն է առաջին բանը, որ կանես» հարցին Ալեքսը պատասխանում է. «Հաստատ էլ գողություն չեմ անի, հենց ուզեմ էլի անել, ձեռքերս կկապեմ»:

Ժպտում է, հետո մի պահ կասկածում ինքն իր ասած «հաստատ» բառի վրա և անկեղծանում: «Ես վստահ չեմ, որ կկարողանամ ինձ պահել, բայց դե … Ամենաշատը 90 տոկոսն այնպես կանեմ, որ չկրկնեմ էդ ամենը»,- ասում է տղան:

Կալանավայրում անչափահասի համար զբաղմունք կա, ազատ ժամանակ շատ ունի, ձեռքի հետ ռուսերեն էլ է սովորում: Մի կերպ Ամանորը «գլորած» պատանին ապագայում անելիքների մասին չի շտապում խոսել: «Դուրս կգամ, կորոշեմ…»,- ասում է նա:

Ճաղերի հետևում անցկացրած երկու տարիներն Ալեքսին շատ չեն փոխել, մի քիչ բնավորությունն է փոխվել, առաջվա պես տաքարյուն չէ ու համարյա չի ժպտում: «Արդեն ամեն ինչին ավելի ծանր եմ նայում, ամեն ինչին ավելի լուրջ եմ մոտենում»,-անկեղծանում է լուրջ գործով դատապարտվածը:

Կրկին բացում եմ ծառայության թեման: «Հիմա էլ տանեն բանակ, կգնամ, միայն թե իմանամ, որ բանտից դուրս կգամ»,- ասում է նա:

Կյանքով լի, բայց չժպտացող պատանու աչքերում սառնություն կար, կորցրած տարիների դառնություն…

Ալեքսը կալանավայրից դուրս կգա արդեն չափահաս դարձած՝ անչափահասի թաքուն երազանքներով:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ