Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ժնեւում հանդիպում է ունեցել «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչը որակապես այլ ազդեցություն կունենա ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Նա հանդիպում է ունեցել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ։ Այնուհետեւ այցելել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Նույն օրը Բակո Սահակյանը Ժնեւի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա անդրադարձել է ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը ղարաբաղյան պետականության ամենակարեւոր հիմքերից մեկն է: