Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։
Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը։ Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաև Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը։
Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Կոտնեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հայնրիխմանի, Անտոն Ֆրիզենի և Վալդեմար Հերդթի հետ։ Գերմանական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան։
Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում։
Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ և վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ դիրքորոշումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Խոսելով հակամարտության կարգավորման վեաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսևորումների նկատմամբ։ Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը։
Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։