կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 15:25
Քաղաքական

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հանդիպումները` Վրաստանում

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի  հանդիպումները` Վրաստանում

Պաշտոնական հանդիպումների նպատակով նոյեմբերի 10-12-ը հերթական անգամ Վրաստան էր այցելել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Թբիլիսի այցելության ժամանակ Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի արտաքին գործոց, հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Գիյա Ժորժորլիանիի հետ:

 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցին, որ գրեթե ողջ ջավախահայ բնակչությունը չի տիրապետում վրացերեն լեզվին: Նշվել է, որ պետական լեզվի չիմացության պատճառով բնակչության այս հատվածը պետության հետ հարաբերվելու, օրենքները հասկանալու ու իր իրավունքները պաշտպանելու դժվարություն ունի եւ, փաստորեն, մյուսների նկատմամբ հայտնվել է խտրական վիճակի մեջ: Այս կացության հաղթահարման նպատակով Գասպար Կարապետյանն առաջարկել է հայոց լեզուն տարածաշրջանում ընդունել որպես երկրորդ վարչական լեզու այն ժամանակամիջոցի համար, մինչեւ որ շրջանի հայությունը կտիրապետի վրացերենին:

 

Արծարծվել է նաեւ Վրաստան-Հայաստանի վիզային դրության հետ կապված իրավիճակը, ինչը մեծ դժվարություններ է ստեղծել այն ջավախահայերի համար, ովքեր Ռուսաստան մեկնելու նպատակով ստիպված են եղել ընդունել Հայաստանի քաղաքացիություն եւ այժմ դժվարություն ունեն վերադառնալու Ջավախք՝ իրենց հարազատ օջախներ: Վրացական կողմին առաջարկվել է այս հարցի լուծման հստակ մեխանիզմ:

 

Արված առաջարկի ուղղությամբ պատկան մարմինները այնուհետեւ նախաձեռնել են քննարկումներ: Հարց է բարձրացվել նաեւ այն մասին, որպեսզի գյուղատնտեսության ոլորտի եւ, ընդհանրապես, զարգացման նպատակով պետական բյուջեից եւ Եվրոպական Միության կողմից արվող հատկացումներից համամասնորեն բաժին հանվի նաեւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններին:

 

Այնուհետեւ Ջավախքում հանդիպումներ են կայացել Ախալքալաքի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավորի, Ախալքալաքի սակրեբուլոյի /տեղական խորհրդի/ նախագահի, ինչպես եւ շրջանային վարչության ղեկավարի հետ: Տեղում առավել մանրամասնորեն քննարկվել են Թբիլիսիում արծարծված հարցերը: Որոշվել է համատեղ աշխատել տվյալ հարցերի լուծման ուղղությամբ:

 

Վրաստանի կենտրոնական իշխանության պաշտոնյաների հետ նույնպես ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներում կրկին հանդիպելու եւ բարձրացված հարցերի լուծման ընթացքին անդրադառնալու վերաբերյալ: