Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակելու նպատակով հանդիպումները:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազից, օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում: Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով նորընտիր նախագահին, համոզմունք է հայտնել, որ նրա ղեկավարությամբ ԱԺ-ում բազմաթիվ նոր մտահղացումներ կյանքի կկոչվեն: Խոսելով խորհրդարանում երկու մանդատով ներկայացված «ԱԺԿ» խմբակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ խմբակցության գործելաոճը խորհրդարանում լինելու է կառուցողական և ազատ համագործակցային:
Արթուր Թովմասյանը երախտիքի խոսք է ուղղել 6-րդ գումարման խորհրդարանի նախագահին և նշել, որ պահպանվելու են խորհրդարանական բարի ավանդույթները, և լավարկվելու է այն դրականը, որ մնացել է նախորդ գումարման խորհրդարանից:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, բարեկամական խմբերի և շրջանակների հետ նոր ծրագրերի մշակման ու անելիքների հստակեցման, արտախորհրդրարանական ուժերի հետ փոխգործակցության հարցեր:
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում էր, որտեղ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներին և կուսակցության անդամներին:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ողջունելով ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպելու նախաձեռնությունը, նշել է, որ այն լավ առիթ է հիմնախնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու առումով: Խոսելով խորհրդարանում իրենց քաղաքական ուժի գործունեության մասին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն բխելու է երկրի շահերից:
Արթուր Թովմասյանը, խոսելով Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ համահայկական հարցերը աշխարհում լսելի դարձնելու և դրանց լուծման նպատակով գործադրած հետևողական ջանքերի մասին, նշել է, որ անգնահատելի է համարում կառույցի դերը համայն հայության կյանքում: Խորհրդարանի ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել 7-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ ներկայացվածության համար և նշել, որ որպես ԱԺ նախագահ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման և անվտանգային հարցերում զգալու է «ՀՅԴ» խմբակցության աջակցության կարիքը՝ որպես կամուրջ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերում:
Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր:
Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահն ընդունել է 2020թ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բելլա Լալայանին:
Հանդիպմանն Արթուր Թովմասյանը կարևորել է կանանց և երիտասարդների դերը քաղաքականության մեջ և նշել, որ այլակարծությունը պետք է լսելի լինի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քննարկվի խորհրդարանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բելլա Լալայանը համոզմունք է հայտնել, որ 7-րդ գումարման խորհրդարանը կառանձնանա իր գործունեության թափանցիկությամբ ու հասանելիությամբ, ինչպես նաև ժողովրդի շահերից բխող հարցերի քննարկմամբ:
Օրվա վերջին հանդիպումը նախագահական ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Սերգեյ Ամիրյանի, Աշոտ Դադայանիև Մելսիկ Պողոսյանի հետ էր:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության հնարավոր հեռանկարներ քննարկելու պատրաստակամության համար: ԱԺ ղեկավարը նաև հնարավոր է համարել համապետական ընտրություններին մասնակցած թեկնածուների՝ ԱԺ բարեկամական խմբերում և շրջանակներում ընդգրկելու հարցը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները ևս պատրաստակամություն են հայտնել իրենց լուման ներդնել երկրի կայացման, արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու և անվտանգության հարցերի լուծման հարցերում: