Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարելիք այցի նախօրեին կրկին անդրադառնանք Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախքի հայահոծ շրջաններում ապրող հայության կրթական խնդրին:
Փաստենք՝ վերջին տարիներին, Վրաստանի վարած քաղաքականությամբ պայմանավորված, մեծ դժվարություններ առաջացան դեպի Վրաստան (Ջավախք) հայատառ գիրք-գրականություն, այդ թվում՝ դասագրքեր, անցկացնելու գործում: Օրինակ, 2013/2014 թթ. ուսումնական տարվանից սկսած մինչ 2017/2018 թթ. ուսումնական տարին (շուրջ 5 տարի) Ջավախքի հայկական դպրոցներին գրականությամբ չի կարողացել օժանդակել Հայաստանի Հանրապետությունը: Պատճառը կրկին սահմանային-պետական արգելքներն էին և ՀՀ-Վրաստան պետական մարմինների՝ այդ հողի վրա իրականացվող անվերջ և անպտուղ նամակագրությունը: Ցավոք՝ այժմ վիճակը կրկին նույնն է:
Քանի որ սեպտեմբերից սպասվող դասագրքերի ճակատագիրը ջավախահայության շրջանում անհայտ է, ավելին, առկա է արդեն տխրահռչակ ավանդույթի վերածված սպասողական վիճակը՝ Yerkir.am-ը փորձել է որոշակի հստակություն մտցնել այս խնդրում, և, քանի որ բարձրաստիճան այցերը լի են բաժակաճառերով և գունավոր խոստումներով, ստորև հանրությանը կներկայացնենք իրերի իրական պատկերն արտացոլող տեղեկատվություն:
Ելնելով այն իրողությունից, որ ՀՀ սփյուռքի նախարարության վերակազմավորումից հետո սփյուռքի (այդ թվում՝ Վրաստանի) դպրոցներին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման և տրամադրման ծրագրի համակարգումը ստանձնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ն, փետրվարի 21-ին Yerkir.am-ը նամակով դիմել էր նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե տպագրվե՞լ են, արդյոք, 2019/2020 թթ. ուսումնական տարվա համար Վրաստանի հայկական դպրոցներին նախարարության միջոցով տրամադրվելիք հայոց լեզվի, հայ գրականության դասագրքերը և որոշ այլ ուսումնամեթոդական ձեռնարկներ: Խնդրել էինք՝ հայտնել նաև այն ընկերության անունը, որը տպագրել է նշված գրքերը, ինչպես նաև տրամադրել այն պայմանագրերը և առնչվող այլ փաստաթղթերը (գրքերի քանակի, տեսակի և այլնի մասին), որոնք կնքվել են ԿԳՄՍՆ-ի և տվյալ ընկերության միջև: ԿԳՄՍՆ-ից խնդրել էինք հստակ պարզաբանել նաև, թե Վրաստանի հայկական դպրոցները մինչև 2020 թ. մայիս ամիսը գոնե կստանա՞ն արդեն անցնող ուս. տարվա (2019/2020 թթ.) դասագրքերը:
Ստացված գրավոր պատասխանում նշված է, որ Վրաստանի հայկական դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովվելու հարցը բարձրացվել է 2019 թ. հուլիսի 17-ին կայացած ՀՀ-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում, ինչի արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ճանապարհային քարտեզի մշակման համար:
Պատասխանում նշված է նաև ձեռքբերված պայմանավորվածության մասին, ըստ որի՝ մինչ հարցի հիմնավոր լուծումը, որպես ժամանակավոր լուծում՝ Վրաստանի հայկական դպրոցների համար հայոց լեզվի և գրականության դասագրքերը կտրամադրի Հայաստանը: Արդյունքում՝ վրացական կողմը ներկայացրել է դասագրքերի պահանջարկը՝ 1-12-րդ դասարանների համար ընդհանուր թվով շուրջ 13.000 կտոր:
ԿԳՄՍՆ-ի՝ այս ուղղությամբ կատարած հետագա գործողություների մասով նշված է, որ նախարարությունը 2019 թ. դեկտեմբերին (կից ներկայացված է «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, որը կնքվել է 12.12.2019 թ.) մեկ աղբյուրից գնման միջոցով ձեռք է բերել 1-3 դասարանների համար թվով 8410 կտոր դասագրքեր և աշխատանքային տետրեր: Պատասխան նամակում նշված է, որ 2020 թ. պետբյուջեի շրջանակում նախատեսված է Վրաստանի հայկական դպրոցների համար ձեռք բերել ևս շուրջ 6.000 կտոր գրականություն՝ հետագա 2-3 տարիներին շարունակելով մատակարարումը:
Գրքերի առաքման մասով նշվում է, որ 2019 և 2020 թվականներին ձեռքբերված գրականության առաքումը պետք է իրականացվի երրորդ եռամսյակում՝ Վրաստանի ԿԳՄՍ նախարարության՝ Վրաստանի սահմանն անցկացնելու և բաշխման կենտրոններում հանձնելու գործընթացը կարգավորելու գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե ընդունենք, որ հիշյալ 8410 և 6.000 կտոր գրականությունը միայն 2019/2020 թվականների ուսումնական տարվա համար է (չանայած՝ նամակում 6.000 կտորի գնումը բացատրվում է հետագա 2-3 տարիների մատակարարման անհրաժեշտությամբ), ապա անհասկանալի է և անտրամաբանական՝ գրականությունը ուսումնական տարվա երրորդ կամ վերջին եռամսյակում առաքելու փաստը:
Պարզորոշ է՝ կա՛մ վրացական կողմն է ինչպես միշտ ձգձգել, և 2019 թ. սեպտեմբերից Վրաստանի հայկական դպրոցներին գրքերի մատակարարման պարտավորությունը ստանձնած ՀՀ ԿԳՄՍՆ-ն ի կրկին ի զորու չի եղել պատշաճ ժամկետներում կատարել գնման և առաքման գործընթացը, կա՛մ, եթե վրացական կողմը հենց ուսումնական տարվա սկզբին է ներկայացրել 13.000-ի պահանջարկը (նամակում չկա հստակություն այս մասով), ՀՀ ԿԳՄՍՆ-ն ուղղակի հանցավոր անգործություն է ցուցաբերել և գրքերի գնման պայմանագիրը կնքել է ուսումնական տարվա կեսին՝ 2019 թ. դեկտեմբերի 12-ին:
Ծայրահեղ դատապարտելի է նաև այն իրողությունը, որ ուշացումով (Ամանորի նախաշեմին) և կիսատ – պռատ ձեռք բերված դասագրքերի քանակությունը Վրաստանի հայկական դպրոցներին են հասնելու ուսումնական տարվա ավարտին, այն էլ՝ լավագույն դեպքում, քանի որ, որպես կանոն, Վրաստանի ԿԳՄՍՆ-ն հավերժական նամակագրությամբ մշտապես ձախողել է կանոնավոր առաքման գործընթացը:
Պարզորոշ է՝ 2019/2020 թթ. ուսումնական տարում Ջավախքի հայկական դպրոցները ՀՀ-ից գիրք-գրականություն ակնկալել այլևս չեն կարող, մշուշոտ է նաև այս հարցի հետագա ճակատագիրը:
Ստացվում է, որ լոզունգներ են կամ «ծաղկած» բաժակաճառեր՝ բոլոր այն հայտարարությունները, թե ՀՀ նոր իշխանությունների օրոք լուծվել են կամ լուծման ճանապարհին են Վրաստանի (Ջավախքի) հայությանը հուզող մի շարք խնդիրները: Գոնե դասագրքերի մատակարարման մասով ՀՀ նոր իշխանությունները, ի դեմս պատկան գերատեսչությունների, որևէ կերպ ի զորու չեն եղել դրական տեղաշարժեր ի ցույց դնել, և խնդիրները նույնքան անորոշ ու պարտվողական են, ինչպես նախկինում էր:
Սա հստակ ուղերձ է նաև ՀՀ իշխանությունների դուդուկի տակ պարող քաղաքագետներին և փորձագետներին՝ առ այն, որ, հանուն մի կտոր օրապահիկի, բարոյական չէ «դիվանագիտության» քողի տակ հիմնահարցը սքողելը դրական ելևէջումներով կամ մանր և անպտուղ, հաճախ՝ ողորմելի կամ զավեշտալի խորամանկություններով: Արդյո՞ք նման ինքնախաբեությունը չէ այսպիսի գորդյան հանգույցի առկայության պատճառը: Նման դատապարտելի վարքագծով ոչ միայն արջի ծառայություն ենք մատուցում ՀՀ իշխանություններին, այլև ջավախահայության հանդեպ որդեգրում հանցավոր կեցվածք:
Հ.Գ. «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի հետ 12.12.2019 թ. կնքված պայմանագրով մեկ աղբյուրից գնման միջոցով 1-3 դասարանների համար ձեռք բերված թվով 8410 կտոր դասագրքերի և աշխատանքային տետրերի համար պետբյուջեից վճարվել է 30.859.400 դրամ կամ շուրջ 64.700 ԱՄՆ դոլար: Yerkir.am-ի՝ ՀՀ շուրջ 70 պետական կազմակերպություններից ստացած պարգևավճարների շարքի ամենափոքր թվերն անգամ մի քանի անգամից մինչև մի քանի տասնյակ և ավելի անգամներ գերազանցում են նշված թիվը:
Համեմատության համար նշենք, որ, ըստ նշյալ պայմանագրի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվելիք դասագրքերի համար ծախսված 64.700 ԱՄՆ դոլար գումարը հավասարազոր է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած գրասենյակի ընդամենը երկուսուկես ամսվա պարգևավճարների թվին:
Վ. Սարգսյան