կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-05 10:35
Տնտեսական

Երբ վարկավորվում, սակայն չի ապահովագրվում

Երբ վարկավորվում, սակայն չի ապահովագրվում

Կառավարությունն այս տարվա ապրիլից սկսեց սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը, այսպիսով, փորձելով մեղմել համընդհանուր դժգոհությունները, որոնք օրեցօր հասունանում էին գյուղացիական տնտեսություններում: Խնդիրն այն էր, որ գյուղացիական հազարավոր տնտեսություններ, որոնք նախընթաց տարիներին բավական բարձր տոկոսադրույքներով վարկեր էին վերցրել, այս կամ այն պատճառով կանգնել էին վարկերի մարման անկարողության փաստի առջեւ:

 

Իշխանություններն իրենց հերթին, պետական անդուլ քարոզչությամբ ոգեւորել ու խրախուսել էին գյուղացիներին, թե իբր, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու «ուղիղ» ճանապարհը 20-25 տոկոսով վարկերի ձեռքբերումն է: Նկատենք, որ պետությունը նախորդ տարիներին այնքան վարկեր էր հաջողեցրել միջազգային կառույցներից, որ եղավ մի պահ, երբ բանկերն իսկապես ունեցան վարկային միջոցների իրացվելության խնդիր. մանավանդ, որ թե՛ պետությունը, թե՛ առեւտրային բանկերն սկզբնապես չէին հաշտվում ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու և նվազ շահույթներ ստանալու մտքի հետ: Պետությունն իր հերթին էր արտոնյալ պայմաններով ձեռք բերած գումարները անտրամաբանական բարձր տոկոսադրյուքներով տրամադրում բանկերին, բանկերն էլ իրենց հերթին` այլընտրանք չունեցողներին:

 

Ինչեւէ, վարկային տոկոսադրույքները, ելնելով շուկայական պահանջարկից, աստիճանաբար նվազեցին` հասնելով մինչև 14-16 տոկոս: Մինչդեռ գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ճյուղ հռչակած իշխանություններն, իրենց պատկերացումներով, փորձում էին ելքեր գտնել: Եվ գտան` այս անգամ գյուղացիներին առաջարկելով նոր վարկեր` 4-6 տոկոս պետական սուբսիդավորմամբ: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունները, այսպես կոչված, վերավարկավորման հնարավորություն ստացան` նախկին վարկերը փակելու և համեմատաբար ցածր տոկոսադրույքներով նոր վարկերի բեռի տակ մտնելու: Քայլն իհարկե, թեկուզ ուշացումով, գնահատելի է, սակայն այստեղ առաջանում է մեկ ուրիշ հարց. եթե իսկապես հնարավոր էր վարկերի տոկոսադրույքները երկու տարվա մեջ 20-25-ից իջեցնել մինչև 14-16 տոկոս, ապա ինչո՞ւ էր սկզբում տոկոսադրույքը այդքան բարձր, և հետո` եթե պետությունը հնարավություն ուներ սուբսիդավորելու գյուղացիական վարկերը, ինչո՞ւ այն ավելի վաղ չէր անում:

 

Եվ արդյո՞ք նպատակը նաև նոր վարկերի իրացումը չէր: Ի վերջո, մեր շուկան իր ծավալներով, լինի դա գյուղատնտեսական, թե մեկ այլ, վարկային միջոցների ներգրավման սահմանափակ հնարավորություններ ունի: Դրանք առավել սահմանափակ են դառնում վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով. չէ՞ որ ներկայիս 14-16 տոկոսն էլ պակաս բարձր տոկոսադրույք չէ: Ահա նաև ինչու պետությունը գնաց վարկերի սուբսիդավորման քայլին: Ինչևէ, այս տարվա ապրիլից սկսվեց պետական ծրագրով նախատեսված վարկավորման գործընթացը, որի նպատակով կառավարությունը բյուջեում նախատեսեց 250 մլն դրամ:

 

Ծրագրում ներգրավված են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ», «Կոնվերս», «Արդշինինվեստ» և «Պրոկրեդիտ» բանկերը, որոնց վարկավորման տոկոսադրույքը չի անցնում 14 տոկոսը: Այսպիսով, գյուղացիական տնտեսություններն առաջին անգամ հնարավորություն ստացան վարկեր ստանալ 8-10 տոկոսով: Վարկերը տրամադրվեցին մինչև 3 մլն դրամի սահմաններում և մինչև 2 տարի մարման ժամկետով:

 

Ըստ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ-ի վարկային մասնագետ Անդրանիկ Մկրտչյանի` գյուղացիական տնտեսություններին այս տարվա ապրիլից մինչ հոկտեմբերը տրամադրվել է 9.605 մլն դրամի վարկ, որից պետության կողմից սուբսիդավորումը կազմել է 11 մլն 247 հազար դրամ: Սուբսիդավորման նման ցածր ցուցանիշն, ըստ մասնագետի, պայմանավորված է նրանով, որ վարկառուներին թույլատրվել է վարկերի մարումն իրականացնել 6 ամսից, և քչերն են, որ նախատեսվածից շուտ են սկսել մարումները:

 

Ընդհանուր առմամբ, վարկային այս ծրագրում ներգրավված են 770 համայնքներ, որոնցից 151-ում նախատեսվում է իրականացնել 6 տոկոսանոց սուբսիդավորում: Դրանք առավելապես աղքատ և սոցիալապես ծանր վիճակում գտնվող համայնքներն են: Մինչ հոկտեմբերն ունեցած տվյալներով` միայն այս ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկերի քանակը կազմում է 14 հազար 577: Թե որքան տնտեսություններ են ներգրավվել սեպտեմբերից սկսված վարկային երկրորդ տրանշով, դեռևս ամփոփված չէ: Ըստ Մկրտչյանի` կանխատեսվում է, որ 2011-2012 թվականներին սուբսիդավորումը կկազմի 408 մլն դրամի սահմաններում:

 

Ինչևէ, գյուղատնտեսության ոլորտում վարկավորման մի քանի այլ ծրագրեր էլ կան, այդ թվում` Համաշխարհային բանկի, որոնցում ևս որոշակի թվով գյուղացիական տնտեսություններ կան ներգրավված: Եվ այսքանից հետո, երբ գյուղացիական տասնյակհազարավոր տնտեսություններ ներքաշված են վարկային ծրագրերում, չփորձել պետական մակարդակով կազմակերպել նրանց ապահովագրությունը, առնվազն աններելի է:

 

Պետությունը, որը ջանք ու եռանդ չխնայեց ԱՊՊԱ կիրառելու խնդրում, հսկայական գերշահույթներ ապահովելով ապահովագրական ընկերությունների համար, թող բարի լինի նաև վերջիններից պահանջել` ապահովագրելու գերշահույթներ չերաշխավորող այս ոլորտը:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ