կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 16:25
Հասարակություն

Երբ ես եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ էին թողնում. Սերգո Կարապետյան

Երբ ես եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ էին թողնում. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր գերատեսչության գործունեությանը Հովիկ Աբրահամյանի կրճատումներին վերաբերող հայտարարությունից հետո:

«2011 թվականից, երբ ես սկսել եմ աշխատել, մեզ մոտ էդ ծախսերը կտրուկ նվազել են, գնումների առումով խնայողություններ ենք ունեցել: Շատ լուրջ խնայողություններ եղել են` հենց առաջին տարվանից սկսած: Տարիների ընթացքում մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ այդ գնումների հարցում ընդհանրապես իջեցնելու տեղ էլ չունենք: Դուք կարող եք հետաքրքվել բոլորից` կոռուպցիան մեզ մոտ նվազագույնի է հասցված, մեր համակարգից հետաքրքվեք, լրագրողական հետաքննություն անցկացրեք, ինքներդ էլ կարող եք համոզվել: Գործուղումների մասով ասեմ, որ դրանք մեզ մոտ շատ սահմանափակ են: Ես առաջին օրվանից, երբ ես սկել եմ աշխատել, միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործուղումների, և մեկ հոգի է ուղեկցել ինձ»,- ասաց նախարարը` հավելելով, որ իր ողջ կյանքում տնտեսություն է ղեկավարել:

«Պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի ծախսի դեմ, ամեն ինչի դեմ: Ես միշտ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ էին թողնում: Իմ էությամբ` ես այդպիսին եմ: Վերանորոգչական ծախսեր արել եմ իմ հաշվին. առաջին տարին, որ եկել եմ, տուալետները, ամբողջ միջանցքը, բանը, նկարներ կան, վերանորոգել եմ` իմ աշխատավարձի հաշվին, երբ նոր էի եկել, ընդամենը մեկ շաբաթ հետո, ես հլը նախարարի աշխատավարձ չէի ստացել»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ նույնիսկ այս պայմաններում էլ սեղմելու տեղ կա:

«Կրճատվելու են նաև աշխատողները: Հիմա, ենթադրենք, ունենք թափուր տեղեր, էլ չենք լրացնի էդ տեղը: Մենք ունենք նաև ՊՈԱԿ-ներ, ենթակա ձեռնարկություններ: «Հայ Անտառ» ՊՈԱԿ ունենք, որտեղ մենք ունենք վաթսուն հոգի կրճատում: «Հայ Անտառ»- ՊՈԱԿ-ում աշխատում է 950 մարդ»,- ասաց նա:

Հարցին` եթե աշխատողները կրճատվեն, անտառահատումների դեպքերը չե՞ն շատանա, Կարապետյանը պատասխանեց. «Ինչքան պահակներին շատ կրճատենք, էնքան կպակասի»: