Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես իրավաբան չեմ, բայց, կարծում եմ, ընդհանրապես իմ կարդացածները հասկանում եմ։ Բայց վերջին օրերին մեր իրականությունում գոնե մի բան կա` չեմ հասկացել։
Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնի ու անօրեն ձայնագրման ու տարածման մասին դատախազությունը մինչ այժմ քրեական գործ չի հարուցել՝ մեկնաբանելով, որ բողոք չի ներկայացվել։ Բայց, երկուսուկես ամիս առաջ, ճիշտ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում, անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին, թե գործում չկա բողոք, չկա տուժող, եւ թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաեւ բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը»:
Այստեղից էլ իմ չհասկանալու պատճառը. ՀՀ դատախազությունը, երբ ուզենա՝ առանց բողոքի գործ կհարուցի, երբ ուզենա՝ ոչ...
Իմ չար բախտից, երեկ էլի կարդացել էի ՀՀ Սահմանադրությունը, ուր ասված է. «Հոդված 23. [...] Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։ [...] Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»։
Հիմա արի ու հասկացի...