կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 11:49
Աշխարհ

Բնության գեղեցկուհին եւ ՀԷԿ-հրեշը (տեսանյութ)

Բնության գեղեցկուհին եւ ՀԷԿ-հրեշը (տեսանյութ)

Արդեն մի քանի ամիս է՝ բնապահպաններն ահազանգում են, որ վտանգված է Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանով հոսող Փամբակ գետի Չիչխան վտակի վրա գտնվող Թռչկանի ջրվեժը, որի վրա փոքր ՀԷԿ կառուցելու աշխատանքներ են տարվում: Անհանգստացողները մտավախություն են հայտնում, որ, գետի հունը փոխելով, կխաթարվի ջրվեժի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի էկոհամակարգը:

 

Փաստ է, որ մեր իշխանությունները գրեթե բոլոր բնական պաշարները փորձում են բաժանել տնտեսվարող սուբյկտներին, բայց որ հերթն արդեն հասել է բնության հուշարձան հանդիսացող ջրվեժներին, դա արդեն անընդունելի է: Հատկանշական է, որ ՀԷԿ-ի կառուցման մասին կառավարությունը որոշում է կայացրել դեռեւս 2004-ին: Չորս տարի անց Թռչկանը ներառվեց բնության հուշարձանների ցանկում, իսկ 2010թ. շինարարական ընկերությունը ստացավ լիցենզիա եւ նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացություն:

 

Երեք տարի առաջ, երբ գործադիրը հաստատեց «Հայաստանի բնության հուշարձանների ցանկը», դրա «Ջրագրական հուշարձաններ» ենթաբաժնում ընդգրկվեց նաեւ Թռչկանի` 25,5 մետր բարձրությամբ ջրվեժը: Բնապահպանության նախարարությունն էլ «շտապեց» հայտարարել, որ բնության հուշարձաններն անձեռնմխելի են, եւ որ ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կվտանգի այն:

 

Թռչկանի ջրվեժի մոտ նախատեսված է ՀԷԿ-ի շինարարություն, որն իրականացնում է «Ռոբշին» ՍՊԸ-ն, որի տնօրինությունը նախարար Արամ Հարությունյանին հավաստիացրել է, թե իր գործունեությունը ոչ մի կերպ չի ազդի բնության հուշարձանի վրա, սակայն բնապահպաններն անհանգստանում են, որ Թռչկանը կարժանանա այն ճակատագրին, որին տարիներ առաջ արժանացավ Շաքիի ջրվեժը:

 

«Թռչկանից ոչ հեռու արդեն իսկ մեկ փոքր ՀԷԿ կառուցված է: Պարզ երեւում է, թե ինչպես է պակասում ջրի ծավալն ամբողջ ջրաբաշխման հատվածում: Փաստացի, գետ արդեն չկա: Նույնիսկ տարվա այս եղանակին դա պարզապես առվակ է: Հիմա Թռչկանից 1 կմ հեռավորության վրա մտադիր են եւս մեկ ջրաբաշխիչ ստեղծել, ամբարտակ կառուցել: Արդեն իսկ կառուցվող նոր ՀԷԿ-ի տարածքում տեսանելի է, որ գետի ափին լցված թումբերը փոխել են նրա հունը»,- ասում է Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ շարունակում. «Կիրճի արեւելյան լանջին անտառ է ձգվում: Եթե մեկ ՀԷԿ էլ ավելանա, մի քանի տարի անց անտառը կարող է չորանալ: Մեր տվյալներով` այս տարածքում հանդիպում են այծյամներ եւ արջեր»:

 

Ըստ Մանվելյանի՝ շինարարներն արդեն սկսել են փչացնել էկոհամակարգը` անտեսելով հասարակության զանգվածային բողոքը: Բնապահպանության նախարարությունը հավաստիացնում է, որ կօգտագործվի ջրվեժի ավելորդ ջուրը: Հիշեցնենք, որ նույն գերատեսչությունը նմանատիպ խոստումներ էր տալիս նաեւ Շաքիի ջրվեժի վրա այսօր շահագործվող ՀԷԿ-ի շինարարությունից առաջ, որի սեփականատերը, ի դեպ, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Այսօր Շաքիի ջրվեժով կարելի է հիանալ միայն այն ժամանակ, երբ ՀԷԿ-ի տնօրինությանը որոշակի գումար է մուծվում, որից հետո միայն ջրվեժը «միացվում» է:

 

Նախարար Հարությունյանի նախաձեռնությամբ` օրեր առաջ անցկացվեց այդ խնդրի քննարկում, որը ծայրաստիճան սուր բնույթ է կրել: Հանդիպման մասնակից` փոքր ՀԷԿ-ը նախագծող «Հայէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչները չեն էլ պատկերացրել, որ նախագծում պետք է լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական` ՇՄԱԳ, այսինքն` փաստաթղթի այն հիմնական մասը, որի հիման վրա կայացվում է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Հետաքրքիր է, որ բնապահպանական փորձաքննությունը, փաստաթղթերն ուսումնասիրելիս, ՇՄԱԳ չի էլ պահանջել:

 

Թե ինչպես կարող է շինարարություն սկսվել առանց փաստաթղթերի ստուգման, նախարարը պատասխանել է. «Իրենք շինարարությունը սկսում են` ոչ թե իմ փաստաթղթերը ուսումնասիրելով, այլ համապատասխան ընթացակարգերով եւ շինթույլտվություններով: Քանի որ հարցը բարձրացել է, մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք շեղվել են, թե՞ ոչ: Ոչ մի ընթացակարգի խախտում, կարծում եմ, չկա»:

 

Իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նույնիսկ հրաժարվել է Թռչկանի ջրվեժն ընդունել որպես հատուկ պահպանվող տարածք` հայտարարելով, թե ջրվեժը ռեժիմ չունի: Առավել քան տարօրինակ է, որ այս մասին խոսում է մի մարդ, որ երկար տարիներ աշխատել է Ջրային ռեսուսների կառավարման գործակալությունում, եւ հենց իր կողմից է կազմվել ջրագրական հուշարձանների ցանկը:

 

«Բուրգ» ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանը, «Երկիր»-ի հետ զրույցում խոսելով հանդիպման արդյունքների մասին, հայտնեց, որ իրենք որեւէ կետի շուրջ համաձայնություն ձեռք չեն բերել եւ շարունակելու են իրենց պայքարը. «Արդեն իսկ մենք մեր բողոքները այն մասին, թե ինչ օրինախախտումներ են եղել, ներկայացրել ենք ՀՀ վարչապետին, բնապահպանության, քաղաքաշինության եւ տարածքային կառավարման նախարարություններին, իսկ արդեն օրեր շարունակ մեր ակտիվիստները հերթապահություն են իրականացնում ջրվեժի մոտ՝ շինարարական աշխատանքների շարունակումը թույլ չտալու համար»:

 

Կառուցվելիք ՀԷԿ-ը, կարծես, կարող է լինել տնտեսապես ոչ հաջող նախագիծ, քանի որ հայտնի է, որ հիշյալ ընկերության համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 կՎտ էլեկտրաէներգիայի գինը սահմանել է 19 դրամ: Սա այն դեպքում, երբ ջրվեժի էկոթողքը կլիներ 180-200 լիտր/վրկ, սակայն երբ փոխվում է նախագիծը, ապա նույն հանձնաժողովը կարող է բարձրացնել 1 կՎտ-ի գինը:

 

Այսօր նախարար Հարությունյանը հայտարարում է, որ ՀԷԿ-ն աշխատելու է տարվա ընթացքում 6 ամիս, իսկ էկոթողքը պետք է ջրվեժում լինի 400-500 լիտր/վրկ: Սակայն ծիծաղելին այն է, որ նույն նախարարը «պարզ ճակատով» հայտարարում է, որ ներկա պահին ջրվեժի հոսքը վայրկյանում այնքան է, ինչքան նախատեսված է էկոթողքի համար, այսինքն՝ 400-500 լիտր/վրկ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է ՀԷԿ-ն աշխատելու առանց ջրի:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ