Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչու՞ է մանկատանը մեծացած աղջիկը սպանում իր երեխաներին: Հնարավո՞ր է, որ մայրն իր երեխաներին չի ներել այն մանկությունը, որն ինքն է ունեցել: Այսինքն` չի ներել այն սերը, որն ինքը չի տեսել:
Մայրը մի աղջիկ էր, որի աչքի առաջ ամուսինը կացնահարել է մորը: Մի աղջիկ, որը տեղյակ էր, որ եղբայրը` նույնպես մանկատանը նախկին սան, կախվել է մեկուսարանում: Հնարավո՞ր է մայր սպանել` ի բարօրություն երեխաների: Այսինքն` կարո՞ղ էր ամուսինն այսպես մտածել կացնահարելիս: Պարզ է, որ` ոչ: Բայց երեխան արդեն կրում է այդ «լուծումը»: Նշանակում է` երեխան մեծանալու է ըստ այդմ, եթե այլ լուծում չի առաջարկվում:
Մանկատանը, տվյալ դեպքում Գավառի մանկատանը, քանի որ Ռոզա Ալոյանն այնտեղ է մեծացել, ապրում է մինչեւ 100-120 երեխա: Դա մեխանիկական հիմնարկ է: Ինչպես ցանկացած մանկատուն: Այնտեղ սեր գտնելը պարապ զբաղմունք է: Փնտրելը` ոչ: Ծայրահեղ դեպքում առանձին վերցրած մի երեխան կարող է սեր գտնել հանձինս մանկատան մի աշխատողի, բայց դա սեր է մյուս երեխաների դեմ, որոնց չի բացատրվելու, թե ինչու իրենք չեն սիրվողը: Երեխան կարիք ունի, որ ինքն էլ սիրի:
Ինչո՞ւ է սերն անհրաժեշտ: Անհրաժեշտ է, որպեսզի մարդու սիրտն աշխատի, այսինքն` մայրը երեխային եւ երեխան մորը առանձին-առանձին, «տետ ա տետ», առերես չեն սիրում, նրանք սիրտ են աշխատեցնում, նրանք լիցքավորվում են եւ կյանք են լիցքավորում, նրանք բացվում են աշխարհի առջեւ, որտեղ սիրո բացակայությունը խաղի կանոններ է թելադրում:
Ռոզան գուցե փնտրել է այդ սերը, որովհետեւ չկա մանկատան մի երեխա, որը դադարեցնի այդ փնտրտուքը: Ըստ իս` իր սոցիալական հնարավորություններով Գավառի մանկատունը հանրապետության լավագույն մանկատունն է, բայց ոչ մի մանկատուն երեխային չի կարող սոցիալիզացնել, այսինքն` մեծացնել մեկին, որը պատրաստ լինի ապրել մանկատնից դուրս: Մանկատանը երեխան անցյալ չունի, այսինքն` ծնողների կերպարով չեն ընդունում նրան, ծնողների հետ հարաբերությունների որակով ու դրանց բացակայությամբ չեն ընդունում, այնտեղ կերպար են թելադրում, որն ապրելու տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: Եվ դա պետական մակարդակով: Գեներով, գուցե, նա մտնում է մանկատուն, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր:
Մանկատան երեխան տեւական հասկացություն է, հաճախ այնտեղից դուրս եկածը ողջ կյանքում մնում է մանկատան երեխա, այսինքն` այդպես էլ չսոցիալիզացված անձ: Սոցիալիզացիան հասունացման յուրաքանչյուր օրն է: Սոցիալիզացված անձը միջին վիճակագրական քաղաքացին է, մարդը, որը ցանկացած հարաբերության մեջ դրսեւորվում է վնաս չհասցնելու սկզբունքով: Եվ կարեւոր չէ` այդ վնասն իրեն կհասցնի, թե` ուրիշին: Վնաս չհասցնելու սկզբունքը փորձությունների միջավայր է սիրում, մի միջավայր, որում հնարավոր է խնդիր ունենալ եւ կարողանալ հաղթահարել: Եթե այդ փորձությունները շարունակվում են մանկատանը գտնվելու ողջ ընթացքում, այսինքն, եթե դրանք միշտ նույն փորձություններն են, ուրեմն դա ջունգլի է: Որովհետեւ միշտ նույն փորձությունները բազմասերիանոց ֆիլմի միշտ նույն սերիան է: Իսկ եթե քո խնդիրները միշտ հաղթահարում է մեկը, որը ոչ մի վայրկյան չի գրկել քեզ, որի ջանքերի մեջ չկա երեխայի եւ խնդիրներ հաղթահարողի սրտի աշխատանքի իդենտիֆիկացիան, երեխան ոչինչ չի յուրացնում: Այսինքն` իրեն վերաբերող փորձությունների մեջ երեխան հանդիսատես է, հաղթահարողը` խաղացող:
Իսկ ո՞վ է հաղթահարողը` պետությունը, որի աչքերի մեջ ոչ ոք չի նայում: Երկու տարբեր սրտեր, որտեղ մեկը միշտ հայացք փնտրողն է: Ուրեմն` մանկատան երեխան նա է, որը դիմացինի մեջ փնտրում է իր սրտի շարունակությունը: Այսպիսով, նա մանկատանը չգտավ այդ շարունակությունը: Երբեւէ շարունակություն չգտնող անձը խոցելի է ցանկացած գաղափարախոսության առջեւ, նա մանիպուլացվող է: Այս խնդիրն իրականում լուծում չունի, որովհետեւ լուծումը մանկատունը բացառելն է:
Բայց Ռոզա Ալոյանը բացառել է մանկատունը, երբ սպանել է իր երեխաներին: Կարող էր, չէ՞, սպանելու փոխարեն երեխաներին հանձնել մանկատուն: Ուրեմն ի՞նչ գիտեր նա մանկատան մասին, որ չի հանձնել: Ըստ իս` ոչինչ: Ոչինչ չգիտեր, եթե երեխաներին սպանելը գերադասել է մոլորակի ինչ-որ մասում երեխաներին ապրել «թույլ տալու՚» գիտակցությունից: Ոչինչ չգիտեր, որովհետեւ խնդիրը մանկատուն հանձնել կամ չհանձնելը չէ, այլ մանկատնից ազատագրվելը: Որովհետեւ երեխաների բնավորություններն ու ընդունակությունները տարբեր են, այո, բայց նրանք երեխա են, գրողը տանի, նրանց սիրել սովորեցրեք:
Ռոզա Ալոյանն ավարտել է մանկատունն առանց հետագա կյանքին պատրաստ լինելու նշաններ ցույց տալու: Բայց սա սոսկ մանկատան խնդիրը չէ, հիմա գրեթե բոլորն են այդպես կյանք մտնում: Սակայն առաջին խնդիրն այն է, որ սիրտը դադարում է լինել աշխարհայացք կազմակերպող օրգան: Սիրտը ոչինչ չի թելադրում: Եվ ահա պետությունը, որը խնամել է Ռոզա Ալոյանին, նրան կյանք է ընդունում առանց իրեն հաշիվ տալու, թե ով է գալիս: Ռոզան իր հերթին պատկերացում չունի, թե ուր է գնում: Բայց նա գնում է, եւ նրա կյանքի ամենատպավորիչ փորձությունը կացնահարված մայրն է, նա բանտարկված է այդ իրադարձության մեջ: Ոչ ոք մոր փոխարեն ոչինչ չի առաջարկել Ռոզային: Ոչ ոք ըստ այդմ չի ընդունել Ռոզային: Եվ հիմա նրան դատելու են իբրեւ հրեշի: Որովհետեւ հրեշը խնամք չի ուզում, որովհետեւ համակեցությունը գոյության բարձրագույն ձեւը չէ, որովհետեւ միայնակ հրեշը հրեշ չէ, իսկ համակեցության մեջ նա չի կարող մեն մենակ լինել հրեշ: Ուրեմն, Ռոզային, այնուամենայնիվ, «խնամել» են:
Սեյրան Հանոյան