կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 15:21
Քաղաքական

Հայրիկյանն աթոռակռիվ չի տալիս

Հայրիկյանն աթոռակռիվ չի տալիս

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԻՄ-ՀՀԿ համագործակցությունը: Ըստ նրա` դա լիովին տրամաբանական է, քանի որ «եթե ուզում ես իշխանության գալ, ապա պիտի ֆինանսական ու դրամատիրական դաշնակից փնտրես»:

 

Նրա խոսքով` ԱԻՄ-ի պես հաջողակ կազմակերպության հետ համագործակցելը Հանրապետականի համար պետք է շահեկան լինի, որովհետեւ ՀՀԿ-ն ինքնուրույն 51 տոկոս ձայն կարող է հավաքել միայն խախտումներ անելու դեպքում: Հայրիկյանի համար զարմանալի է, սակայն, որ մամուլի ուշադրության կենտրոնում հատկապես ԱԻՄ-ՀՀԿ հնարավոր համագործակցության հարցն է, չնայած համագործակցության կոչով ԱԻՄ-ը դիմել է նաեւ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Դաշնակցությանն ու Ժառանգությանը:

 

Ի դեպ, չի բացառվում, որ ԱԻՄ-ն ընդհանուր լեզու գտնի նաեւ ՀԱԿ-ի հետ, եթե, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի նախկինում թույլ տված սխալների համար եւ ընդունի ԱԻՄ-ի ծրագրերը:

 

Հայրիկյանը չբացառեց նաեւ համագործակցությունը, իր խոսքով, «անհայտությունից հետ վերադարձող» Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց այստեղ էլ նախապայման կա. Քոչարյանը պիտի կարողանա ապացուցել, որ Մարտի 1-ի հետ կապ չունի, ինչն, ըստ Հայրիկյանի, գրեթե հնարավոր չէ:

 

Բոլոր կուսակցություններին արդեն ուղարկվել է Հայաստանը կատարյալ ժողովրդավարական երկիր դարձնելու` ԱԻՄ-ի ծրագիրը, սակայն վերջնական պայմանավորվածություն ոչ մեկի հետ չկա:

 

Հիշեցնելով, որ նման տիպի բանակցությունների հիմքում միշտ լինում է «մեզնից քանի հոգի, ձեզնից քանի հոգի, առաջինը` ով, երկրորդը` ով» սցենարը, նա նշեց, որ իր հետ որեւէ մեկը նման խնդիր չի ունենա, քանի որ իր համար ոչ թե աթոռն է կարեւորը, այլ գաղափարը:

 

«Ինձ հետ շփվելը շատ հեշտ է, որովհետեւ ես հենց սկզբից ասում եմ, որ որեւէ հավակնություն չունեմ: Ես կարող եմ պատգամավոր չառաջադրվել, որովհետեւ այդ բոլոր աթոռները ժամանակին տեսել եմ»,- ասաց նա: