Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ընտրությունների ոչ մրցակցային լինելու վերաբերյալ` լրագրողի հարցին, հայտարարեց, որ, բացի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանից, այդ մասին հայտարարում են «ՀՀԿ-ի ջահելիկները, ովքեր նման են կոմսոմոլների»:
Ուշագրավ է, որ երեկ` հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի նման հարցադրմանը, Հայրիկյանը գոհունակությամբ արձանագրել էր` բայց չէ՞ որ նախագահն ասել է, որ ընտրությունները մրցակցային են:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որում Սերժ Սարգսյանն ընդգծել էր, թե` ո՞վ է ասել, որ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Պարույր Հայրիկյանը շատ ավելի հեշտ մրցակիցներ են, սկսեցին տեսակետներ հնչել, որ Սերժ Սարգսյանն առավել շատ այդ երեք թեկնածուների քարոզարշավով է զբաղված` փորձելով արհեստականորեն բարձրացնել նրանց վարկանիշը:
Yerkir.am-ը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե որքանով է համամիտ այդ դիտարկման հետ, նաեւ խնդրեցինք անդրադառնալ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը, որ Հայրիկյան-Բագրատյան-Սարգսյան եռյակը գտնվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նրա կողմից է մտցված խաղի մեջ:
«Իմ մասին մարդիկ լսել են 1960-ականներից: Սերժ Սարգսյանի անունը լսել են 1990-ականներից: Իմ դեմ չի կարողացել պայքարել կոմունիստական բռնապետությունը, անգամ բանտերով չեն կարողացել հաղթել, վերջում ստիպված ինձ արտաքսել են: Ուրեմն` այդ էպոսագետին ասեք, որ ժամանակակից պատմությունն էլ մի քիչ ուսումնասիրի եւ կշահի»,- հայտարարեց Հայրիկյանը եւ ընդգծեց, որ երեք րոպե Հայրիկյանի մասին ճշմարտացի խոսելը ընկալվում է որպես Հայրիկյանի գովազդ:
Նախագահի թեկնածուն վստահ է, որ բոլոր խելացի հայերը պետք է զբաղվեն առողջ գործերը գնահատելով: