կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 10:49
Առանց Կատեգորիա

Հայրիկյանն առաջ է անցնում կամ` քարոզարշավ` օր հինգերորդ

Հայրիկյանն առաջ է անցնում կամ` քարոզարշավ` օր հինգերորդ

Խայտառակ վիճակ է ստեղծվում նախագահական մրցավազքում: Այսպես որ գնա՝ հացադուլ հայտարարելու հերթը Սերժ Սարգսյանին էլ կհասնի: Մանավանդ, երբ նայում ես, թե ինչպիսի գործիչ է հացադուլ անելու երեք օր, սիրտդ կտոր-կտոր է լինում: Պարույր Հայրիկյան՝ բերանով ասելն է հեշտ: Մեր վերանկախության ու ինքնորոշման արշալույսի երգիչը, ներողություն՝ գործիչը: Ասենք՝ ի՞նչ ներողություն: Մեր նորօրյա Նալբանդյանն` այնտեղ դրած: Ու Հայրիկյանը պիտի սոված մնա: Նա իր հացադուլով կմիանա Անդրիաս Ղուկասյանին, միայն թե ինքը կդառնա բոլոր ժամանակների միակ քայլող հացադուլավորը: Այսինքն՝ ձեռքի հետ էլ արշավն է շարունակելու: Ոմանք ասում են՝ Հայրիկյանը Անդրիասին առաջարկել է իր հետ քայլահացադուլ անել, միանալ իրեն, բայց վերջինս չի համաձայնել: Անմիաբան ազգ ենք, հո զոռով չի:

 

Արման Մելիքյանն իր այսօրվա հայտարարություններով հեռուստատեսության յոթն ու քառսունքն է մի տեղ արել: Անհավասար են լուսաբանում՝ ասում է: Եվ մարդը ճիշտ է ասում: Էս ի՞նչ բան է, չենք հասկանում: Հայտնի է դարձել, որ այս օրերին վարսավիրանոց են գնացել մեր թեկնածուներից գրեթե բոլորը՝ Անդրիաս Ղուկասյանից բացի: Բայց ահա հեռուստաալիքներով միայն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ գեղեցկության սրահ կատարած այցն են ցուցադրել:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իբր ինքը չէր վարսավիրանոցից ուղիղ եթեր կազմակերպողը, անցել է Սերժ Սարգսյանի քննադատությանը: Բայց, քանի որ մի քիչ անհարմար է առաջին տեղը գրաված թեկնածուին քննադատություն ուղղելը, դա արել է չերեզ Աշոտյանի «Ֆեյսբուք»: Հարմար է այդպես: Ինքն ի՞նչ էր արել որ՝ մի գիրք էր տարել` նվիրելու ԵՊՀ գրադարանին, և մարդիկ, ովքեր պատահել են նրան լեփ-լեցուն համալսարանում, ձեռքով բարևել են իրեն: Աշոտյանը դրանից համարյա երրորդ համաշխարհային պատերազմ էր սկսել «Ֆեյսբուքում», թե ուսումնական հաստատություններում քարոզչություն անելն արգելված է օրենքով: Դե, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ` որպես ՀՀ բոլոր ժամանակների նախագահներին ընդդիմադիր, տակ չի մնացել: Վերցրել ու հիշել է, որ Սերժ Սարգսյանը լիքը այլ պաշտոններ ունի, այդ թվում` նաև ԵՊՀ ղեկավար խորհրդի նախագահի պաշտոնը:

 

Մյուս թեկնածուներն առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել, եթե չհաշվենք, որ Մեծ էպոսագետի որդին՝ Փոքր էպոսագետն է այսօր առկայծել ու խոսել իր հոր ապագա հաղթանակի մասին: Քարոզարշավի զարդն, անշուշտ, գեղեցկուհի Նազենին է՝ Youtube գցած իր հոլովակով, որտեղ ՀՀԿ-ի մանկապատանեկան թևին նախապատրաստում է՝ Սերժ Սարգսյանին մուտքը դահլիճ ծաղկեցնելու:

 

Ավարտելով՝ ասենք, որ իրենց թեկնածուների ծրագրերն այսօր ծաղկեցրել են Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչներ, համապատասխանաբար՝ Հովհաննես Սահակյանը, Արմեն Մարտիրոսյանը և Սոս Գիմիշյանը: Վերջիններիս բանավեճը ծեծկռտուքի չի վերածվել միայն այն պատճառով, որ ներկայացվող ծրագրերում ուղղակի բանավիճելու բան չի եղել:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ