կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 12:06
Քաղաքական

Հայրիկյանն ընտրություններին գնում է` արդեն իսկ հրաժարական տված

Հայրիկյանն ընտրություններին գնում է` արդեն իսկ հրաժարական տված

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն արդարացիորեն է նեղսրտել Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած հայտարարության կապակցությամբ, քանի որ երեք թեկնածուները մոռացել են նշել, որ դրա տակ ստորագրելու հնարավարությունը բաց է մյուս բոլոր թեկնածուների համար: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

 

Բացի Արման Մելիքյանի «նեղսրտելու» թեմայից, նա անդրադարձավ նաև իր առաջարկած այն դրույթին, ըստ որի` աղջիկները, կամավորության սկզբունքով, եւս պետք է ընդգրկվեն զինվորական ծառայության մեջ` վեց ամիս սովորելով վարորդների, կապավորների, բուժծառայողի և այլ դասընթացներում, ինչը հնարավորությւոն կտա այդ գործերով զբաղված տղամարդկանց տեղափոխել առաջին գիծ:

 

Այդ նախաձեռնությունը, ըստ Հայրիկյանի, նոր չէ, այլ երեք տարվա պատմություն ունի եւ ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քննարկվել պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանի եւ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի հետ: Ուստի այն նախընտրական բնույթ չունի:

 

Պարույր Հայրիկյանը ներկայացրեց նաեւ ժողովրդի հետ ունեցած հանդիպումներից ստացած տպավորությունները, ըստ որոնց` ժողովուրդը մեկ բան է ուզում, որ թեկնածուները միավորվեն եւ, միասնական ճակատ կազմած, լուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

 

Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի գաղափարին, ապա Հայրիկյանը նշեց, որ միասնական թեկնածու լինելու համար ինչ-որ այլ թեկնածուներ պետք է հրաժարվեն իրենց թեկնածությունից, իսկ ինքը, առաջին հերթին, ընտրություններին գնում է` արդեն հրաժարական տված:

 

Երկրորդ` եթե Հայրիկյանին չհաջողվի իմի հավաքել նախագահի թեկնածուներին, ապա նա կփորձի հավաքել ընտրողներին, քանի որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ուժեղ է եւ դեր ունի հենց ընտրողների շնորհիվ:

 

Երրորդ` ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին` մարդիկ ձայն են տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, ձայն տալով Բագրատյանին` ընտրում են Բագրատյանին, ձայն տալով Սերժ Սարգսյանին` ընտրում են հենց Սերժ Սարգսյանին, ու վերջ. Իսկ ընտրելով Պարույր Հայրիկյանին, նրա ներկայացմամբ, ընտրում են բոլորին միասին, քանի որ Հայրիկյանը չի պատրաստվում մենակ տանել նախագահի բեռը: