Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղն ընդամենը 45 կմ է հեռու Ստեփանակերտից, ինչն էլ, դրախիկցիների կարծիքով, գյուղի առավելություններից մեկն է: Մյուս առավելությունը նրանք համարում են գյուղի՝ Հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվելը: Դրախտիկցիներն ասում են, թե այս հանգամանքների շնորհիվ հեշտությամբ են իրենց բերքը հասցնում Ստեփանակերտի շուկա, քանի որ Դրախտիկով են անցնում շրջանի բոլոր գյուղերը սպասարկող ավտոբուսները:
Վերջին տարիներին Դրախտիկում բավական աշխատանքներ են կատարվել. դպրոցն է վերանորոգվել, մարզադահլիճը, ակումբը… Այժմ աշխատանքներ են ընթանում մանկապարտեզի նոր շենքի կառուցման ուղղությամբ, լուծման ընթացքում է ջրամատակարարման հարցը: Գյուղապետ Նորայր Դավթյանի խոսքերով` 50 տեղանոց մանկապարտեզը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:
«Համահայկական հիմնադրամը մանկապարտեզով չի սահմանափակում իր աշխատանքները: Նախատեսում են նաեւ համայնքային կենտրոնի երկհարկանի կիսանկուղային շենք կառուցել, որտեղ կլինի հանդիսությունների տունը, բուժկետը՝ անհրաժեշտ պայմաններով, գյուղապետարանը եւ գրադարանը: Շենքի կառուցման համար արդեն հողատարածքը տրամադրել ենք»,- նշում է գյուղապետը: Դրախտիկի դպրոցում նախադպրոցական երկու խումբ կա՝ 20-ից ավելի երեխաներով: Նորակառույց մանկապարտեզ կհաճախեն նախադպրոցական տարիքի շուրջ 40 երեխաներ: Գյուղապետի հավաստմամբ` մանկապարտեզը կառուցվում է՝ գյուղի զարգացման միտումները հաշվի առնելով. գյուղում գնալով ավելանում են ծնունդները: Այստեղ տարեկան 10-ից ավելի երեխա է ծնվում: Ծնունդների աճի միտումը վերջին տարիներին ակնհայտ է, քանի որ, ըստ գյուղապետի, երիտասարդներից շատերն արդեն աշխատանք ունեն՝ գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների շնորհիվ, իսկ մի մասն էլ հողագործությամբ է զբաղվում… Հետեւաբար կարողանում են նաեւ ընտանիք կազմել:
|
Գյուղում հիմնականում հացահատիկային կուլտուրաների մշակությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, մի քանի ընտանիքներ էլ՝ խաղողագործությամբ: Վերջին մի քանի տարիներին սկսել են նաեւ եգիպտացորենի մշակությամբ զբաղվել: «Ճիշտ է, այս տարի եղանակային պայմանները եւ մի քանի հանգամանքներ ազդել են բերքատվության վրա, եւ գյուղացիներից շատերը մի տեսակ հիասթափվել են, բայց այդ ճյուղը զարգացնել ցանկացողներ կան»,- ասում է գյուղապետ Նորայր Դավթյանը
«Մեր համայնքն այդքան էլ պրոբլեմային չէ՝ բոլոր պայմանները կան այստեղ ապրելու եւ արարելու համար: Վերջին տարիներին դրսում ապրող գյուղացիները սկսել են գյուղում տուն կառուցել: Նման երեք ընտանիք կա՝ մեկը Հայաստանից, մյուսները՝ Ռուսաստանից… Սա նշանակում է, որ Դրախտիկում կյանքը լավացել է»,- ասում գյուղապետը, ում լիազորությունների ժամկետը կավարտվի հոկտեմբերի 14-ին: Վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին գործող գյուղապետը չի առաջադրվել: Բավական է, ասում է, հիմա թող ավելի երիտասարդը գա աշխատելու:
Այս ընտրություններին Դրախտիկում դարձյալ թեժ մրցակցություն էր:
«Երիտասարդներն ազատ ժամանակ բլոտ են խաղում այս կամ այն խանութի մոտ, այնինչ կարող են ակումբում հավաքվել ու զբաղվել ինչ-որ բանով… Ակումբը վերանորոգված է, մնում է գույքը»,- ասում է Բագրատը:
Այսպես էլ ապրում են դրախտիկցիները դրախտային բնություն ունեցող իրենց գյուղում, որտեղ հպարտությամբ են նշում, որ Արցախյան շարժումից հետո գյուղից հեռացող չի եղել, բացի մի ընտանիքից, որը, նրանց խոսքերով, փոշմանել է: Իսկ Դրախտիկում բնակություն հաստատելու ցանկացողներ այսօր էլ կան:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ