Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի բնության հուշարձանների ցանկը», դրա Ջրագրական հուշարձաններ ենթաբաժնում ընդգրկվեց նաեւ Թռչկանի` 28,7 մետր բարձրությամբ ջրվեժը (Շիրակի մարզ): Բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ բնության հուշարձաններն անձեռնմխելի են, եւ որ ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կվտանգի այն:
Չիչխան գետի Թռչկան վտակի վրա գտնվող Թռչկանի ջրվեժի մոտ նախատեսված է ՀԷԿ-ի շինարարություն, որն իրականացնում է «Ռոբշին» ՍՊԸ-ն: Թեեւ ընկերության տնօրինությունը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հավաստիացրել է, որ իր գործունեությունը ոչ մի կերպ չի ազդի բնության հուշարձանի վրա, սակայն բնապահպաններն անհանգստանում են, որ Թռչկանը կարժանանա այն ճակատագրին, որին տարիներ առաջ արժանացավ Շաքիի ջրվեժը:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ շահագործողն արդեն ձեռք է բերել բոլոր փաստաթղթերը` աշխատանքներ իրականացնելու համար: Բացի այդ` հավաստիացնում են, որ կօգտագործվի ջրվեժի ավելորդ ջուրը:« Խիստ վերահսկողություն է սահմանվելու ամառային սեզոնին, երբ ջուրը կքչանա ջրվեժում, այդ դեպքում ՀԷԿ-ը չի աշխատի: Միայն կաշխատի այն դեպքում, երբ ջուրը, սեզոնի հետ կապված, կավելանա, եւ կազմակերպությունը ավել ջուրը կվերցնի շահագործելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարությունը նմանատիպ խոստումներ էր տալիս նաեւ Շաքիի ջրվեժի վրա այսօր շահագործվող ՀԷԿ-ի շինարարությունից առաջ, որի սեփականատերը, ի դեպ, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Այսօր Շաքիի ջրվեժով կարելի է հիանալ միայն այն ժամանակ, երբ ՀԷԿ-ի տնօրինությանը որոշակի գումար է մուծվում:
Բնապահպանության նախարարությունը շարունակելո՞ւ է հավաստիացնել, որ ամեն ինչ վերահսկվելու է: