կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 12:52
Քաղաքական

Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոխվել է. Արծվիկ Մինասյան

Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոխվել է. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողներին ներկայացրեց նախարարության` գերակա խնդիրների ուղղությամբ նախատեսած և կատարած աշխատանքները: Նա նշեց, որ Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը փոխվել և հաստատվել է, ունենք փաստացի  ջրվեժ՝ հետևյալ գրաֆիկով՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 11:00-17:00, մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը` ժամը  11:00-19:00, հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը` 11:00-17:00: Ի դեպ, գրաֆիկից դուրս ժամանակահատվածում շահագործողը պարտավոր է պահպանել էկոլոգիական թողքը՝ 200 լ վայրկյանում:

Նախարարը նշեց, որ կարևոր է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ըստ նրա՝ սա ոչ միայն աղբից մաքրելու ֆիզիկական գործընթաց է,  այլև՝ գաղափարախոսություն:

Շարունակելով խոսքը՝ Մինասյանն ասաց, որ այս շաբաթվանից, բնապահպանության փոխնախարարի գլխավորությամբ, հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելու են այցելություններ՝  ոչ միայն որպես պաշտոնյա, այլ նաև որպես զբոսաշրջիկ, որպեսզի էկոտուրիզմի հնարավորություններն ուսումնասիրվեն, փորձ արվի  ոլորտում առկա խնդիրները հայտնաբերել և ամեն ինչ անել, որ լուծումներ գտնվեն: Այս համատեքստում նախարարը կարևորեց նաև այն, որ ակնկալվում է ներդրումային ծրագրերի իրականացում:

«Ունեցել ենք ութ գերակա խնդիր և վեց միջոցառում: Գերակա խնդիրներից որոշները կատարվել են, որոշները կատարման ընթացքում են»,- ասաց Մինասյանը՝ ներկայացնելով նախարարության յոթամսյա գործունեության արդյունքները: Նախարարի խոսքով՝ 2017 թվականի առաջին ամիսներին ոլորտի խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվել են լուրջ աշխատանքներ:

Մինասյանը նշեց, որ նախատեսվում է Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում  ավտոմատ կենտրոնացված համակարգերի ներդրում, և այս համատեքստում  ձկնաբուծական տնտեսությունների ու խորքային հորերի հաշվառում է կատարվել, ավտոմատ համակարգերի տեղադրման վերաբերյալ ծանուցվել է: «Մայիսի 25-ից սկսում ենք ստուգումները ձկնաբուծական կենտրոններում: Խոշոր ձկնաբուծական ընկերությունները պետք է տեղադրեն ավտոմատ կառավարման համակարգեր: Ստուգումների ընթացքում մենք նախատեսում ենք կիսափակ ռեժիմի անցնելու վերաբերյալ պահանջ, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործվի ջրի պաշարը: Անխնա օգտագործման ընթացքում ձևավորվել է լուրջ վտանգ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կազմակերպվում են գործողություններ ոչ ֆորմալ քննարկումների ակումբի գաղափարի ներդրման հարցում: «Մենք ունեցանք ինչպես գիտական ասպարեզում աշխատողների, այնպես էլ նախկին պաշտոնյաների հետ քննարկում, և այդ ընթացքում լուծում են գտնում շատ կարևոր հարցեր: Ոլորտը կարիք ունի ամբողջական ներկայացման»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ ջրային պաշարների մասով անհրաժեշտ է արդյունավետ կառավարում: «Այս մասով ևս պետք է աշխատանքներ կատարվեն: Արարատյան դաշտում ամբողջական գույքագրում ենք իրականացրել»,- հայտնեց նա:

Բնապահպանության նախարարի խոսքով՝ սահմանվել են նաև հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ազգային պարկերում և արգելոցներում աշխատատեղերի և պարտականությունների հստակ բաշխում կատարել: «Օրինակ` «Դիլիջան»  ազգային պարկի պահպանումն աշխատակիցների վրա այնպես բաշխված չէ, որ հնարավոր լինի  պատշաճ պահպանում իրականացնել: Նախատեսվում է առանձնացնել պահակային ծառայություն, որը  զինված պահպանություն կիրականացնի»,- ասաց նա: