կարևոր
6895 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-21 22:59
Աշխարհ Քաղաքական

Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին. Բորել

Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին. Բորել

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս սրման հետևանքով գրանցված մարդկային կորուստների համար։ Այս մասին ասվում է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարությունում։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար հասանելիությունը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն ՄՔԴ-ի 2023 թվականի փետրվարի և հուլիսի հրամանների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքն ապահովելու համար։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։

ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։

ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունության, անվտանգության և շարունակականության ապահովման հարցում: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր հրատապ հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում,  և լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն:

Եվրամիությունը լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսության կազմակերպմանը, առավելապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց երկարատև խաղաղություն ապահովելու նպատակով»։