կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 16:44
Հասարակություն

Շաքիի ՀԷԿ-ի ջրային ռեսուրսները ցերեկային ժամերին ամբողջությամբ կուղղվեն Շաքիի ջրվեժին. քննարկում` նախարարությունում

Շաքիի ՀԷԿ-ի ջրային ռեսուրսները ցերեկային ժամերին ամբողջությամբ կուղղվեն Շաքիի ջրվեժին. քննարկում` նախարարությունում

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կազմակերպվել էր քննարկում ՀՀ Սյունիքի  մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող` Հայաստանի ամենաբարձր (18 մ բարձրություն) ջրվեժի` Շաքիի խնդրի լուծման վերաբերյալ: Ներկա էին ինչպես  «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, այնպես էլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բանն այն է, որ վերջին տարիներին Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային նպատակներով:  «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ»-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. ՓՀԷԿ-ի ջրառն ազդում է ջրվեժի ջրատվության վրա:

Նախարարությունում կազմակերպված քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ, Շաքիի ջրվեժի չաշխատելով կամ ոչ բավարար չափով աշխատելով,  կորցնում ենք հսկայական հնարավորություն՝ տուրիզմի զարգացման տեսանկյունից:  «Անգամ եթե ՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է, մենք չէինք ունենա  լիարժեք թողք: Այստեղ խոսվում է ոչ թե էկոլոգիական թողքի, այլ ջրվեժի  առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու, նաև ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին»,- ասաց նախարար՝ հավելելով, որ  500-700 լիտր/վայրկյան քանակության ջուր է հարկավոր, որպեսզի ջրվեժն առաջանա:

Մինասյանի խոսքով՝ հնարավոր է սահմանել այնպիսի ռեժիմ, որը հնարավորություն կտա լուծելու խնդիրը: «Ջրվեժի օգտագործման ժամանակ, իսկ դա, որպես կանոն, ցերեկային, լուսավոր ժամերին է,  ջրահոսքն ամբողջությամբ պետք է ուղղել ջրվեժ և ապահովել լիարժեք պատկերը: Գիշերային ժամերին էլ թող որպես ՀԷԿ աշխատի»,- ասաց նա:

Նախարարը համոզված է, որ այս որոշումը բնապահպանական, տնտեսական  խնդիրները բալանսավորելու և տնտեսական ձեռքբերումներ ունենալու հնարավորություն կտա: «Մեր բոլոր  ենթահամակարգերը պատրաստակամություն են հայտնում օժանդակել այս ծրագրի լիարժեք իրականացմանը: Մենք ստանձնում ենք պարտավորություն, որպեսզի լրացուցիչ ֆինանսական   օժանդակության  մեխանիզմներ առաջարկվեն, որպեսզի այս նախաձեռնությունն իրականացվի»,- նշեց Մինասյանը:

Ի դեպ, քննարկման ընթացքում որոշում կայացվեց նմանատիպ հանդիպումներ էլի կազմակերպել, որոնց արդյունքում էլ կստեղծվի որոշման նախագիծ` ուղղված Շաքիի ջրվեժի խնդրի լուծմանը: