Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում ԻԻՀ մշակույթի օրերի շրջանակներում` Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ Հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված են իրանցի գեղանկարիչների եւ ժողովրդական վարպետների` կոլաժիստ Գոլբահար Հայաթի, փայտագործ եւ մանրանկարիչ Մոստաֆա Արյաֆարի, լուսանկարիչ Օշին Զաքարյանի, գեղանկարիչ Նադեր Սայարի 100-ից ավելի աշխատանքներ:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքերով` հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումներ են անցկացվել նաեւ Մեղրիում եւ Սյունիքի մարզում. «Մյուս տարի նախատեսում ենք Սյունիքի մարզին կից իրանական մարզում անցկացնել հայկական մշակութային օրեր»:
Իրանահայ լուսանկարիչ Օշին Զաքարյանը, ով ցուցահանդեսին մասնակցում է իր 30 լուսանկարներով, մասնագիտությամբ աստղալուսանկարիչ է: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ փորձում է գիշերով նկարել աշխարհի տարբեր ազգերի մշակութային կոթողները` նույն համաստեղությունների ներքո:
«Սա մի ճանապարհ է, որ ցույց է տալիս նույն երկնքի տակ ապրող տարբեր ազգերի մշակույթները: Ես շատ ուրախ եմ, որ մշակույթի միջոցով ճանապարհներ են բացվում երկու ժողովուրդների բարեկամության համար»,- ասաց լուսանկարիչը `հավելելով, որ ցանկանում է լուսանկարել Հայաստանի մշակութային բոլոր հին կոթողները:
Զաքարյանը հույս ունի, որ ապագայում ցուցահանդեսով հանդես կգա Հայաստանում:
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը, ով ապահովել է ցուցահանդեսի դիզայնը, համարում է, որ իրանցիները հարուստ մշակույթ ունեն. «Այսպիսով` սկսում ենք լավ ճանաչել միմյանց»:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Սաթենիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ