կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 11:13
Հասարակություն

Լինել հայոց լեզվի երաժիշտ կամ «Կտոր մը երկինք» Պոլիտեխնիկում․ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց ՀԱՊՀ ոսկե հուշամեդալով

Լինել հայոց լեզվի երաժիշտ կամ «Կտոր մը երկինք» Պոլիտեխնիկում․ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց ՀԱՊՀ ոսկե հուշամեդալով

Նախօրեին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ոսկե հուշամեդալով հաղորդում է Համասլարանի կայքը:

Մաեստրո Մանսուրյանի քայլերը նախ դեպի նահատակ հերոսների հուշաքար, ծաղիկներ Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին։ Մեծանուն դասականին ուղեկցում են ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Տիգրան Ավինյանը և ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Արդեն ճեմասրահում կոմպոզիտոր Մանսուրյանին սպասում էր աշակերտների և ուսանողների բազմությունը։ Չդադարող ծափեր և սպասված կտոր մը երկինքը դարձավ սկիզբ՝ ջերմ հանդիպման։ Մաեստրոն միանգամից նկատեց իր կյանքի կարևոր զենքը՝ ռոյալը։ Արդեն պարզ էր՝ Մանսուրյանը նվագելու էր միջոցառմանը իր այցեքարտերից՝ կտոր մը երկինքը։

Արժևորելով Տիգրան Մանսուրյանի մեծ դերը հայ իրականության մեջ, ռեկտոր Գոռ Վարդանյանը մաեստրոյին շնորհեց ՀԱՊՀ ամենաբարձր պարգևը։ Ոսկե հուշամեդալը հանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Իր ելույթում Գոռ Վարդանյանը հատուկ ընդգծեց, որ համալսարանի համար լուսավոր և առանձահատուկ օր է, հիշվելու է բոլորի կյանքում։

«Առանձնակի ջերմությամբ և սիրով ենք Ձեզ հյուրընկալել Պոլիտեխնիկական համալսարանում։ Ցանկանում ենք, որ աշակերտները և ուսանողները հնարավորություն ունենան հայի մեծ կերպարի, մեծ վաստակ ունեցող մաեստրոյի հետ անմիջական շփման արդյունքում ստանան այն էներգետիկան, որը դուք կտաք։ Հանդիպումը նպատակ ունի՝ տեսնելով Ձեզ ուսանողները որպես ապագա ինժեներներ ստեղծագործեն ինչպես դուք, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր և կուռ։ Եվ կարևորը՝ մեր երիտասարդները, ինչպես դուք, իրենց կյանքը կապեն հայրենիքի հետ»,- իր ողջույնի խոսքում նշեց ռեկտորը։

Նախապես իմանալով մաեստրոյի այցի մասին, ուսանողները անակնկալ էին պատրաստել։ Մանսուրյանի դիմանկարը մաեստրոյին հանձնվեց միջոցառման ընթացքում։

Սկսվեց Մանսուրյանի անկեղծ զրույցը պոլիտեխնիկցիների հետ, տևեց մոտ երկու ժամ։ Հակիրճ պատասխաններով Մանսուրյանը ուսանողներին փոխանցեց մեծ բովանդակություն՝ հայի, հայրենիքի, հայոց լեզվի կարևոր նշանակության մասին։

Հետադարձ հայացք դեպի մանկություն, ստեղծագործական բարդ ճանապարհ և կանխատեսելի հաջողություններ։

«Մանկության տարիներին կռվազան եմ եղել, երբեք չեմ մտածել ուսուցիչներին բավարարելու ուղղությամբ։ Միշտ կռիվ եմ ունեցել»,-հատուկ շեշտեց գլխավոր բանախոսը։ Խոսելով ուսանողական կյանքի մասին Մանսուրյանը իրեն համարեց ինքնուս։ «Անհագ ընթերցասեր եմ եղել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն։ Երբ չկա ուսուցիչ, երբ մենակ ես ինքդ քեզ հետ, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում։ Այնուամենայնիվ, ինձ շրջապատել են հոգատար մարդիկ»,- հիշեց Մանսուրյանը։

Երիտասարդների մեջ ժառանգորդ տեսնելու մասին կոմպոզիտորը ակնարկեց․ «Կոմպոզիտորական արվեստը կատարողական արվեստ չէ, այլ գաղափարախոսական։ Այս պարագայում հնարավորությունները մեծ են երիտասարդների համար, նրանք սովորում են զարգացած երկրներում և վերադառնում Հայաստան։ Ես հավատում եմ, որ շարունակողներ կլինեն։ Շատ կարևոր է գործողության մեջ լինելը, պետք է մտնել միջազգային գործունեության մեջ և մասնակիցը լինել փոփոխվող աշխարհին»։

Խոսելով հայոց լեզվի երաժշտականության մասին՝ կոմպոզիտորը վստահեցրեց, որ երաժշտությունն ու հայոց լեզուն սերտորեն կապված են միմյանց։

«Այն իր շեշտադրությամբ և հնչյուններով արդեն իսկ երաժշտություն է։ Հայրենասիրական մղումների մեջ միշտ պետք է գիտակցենք հայոց լեզվի դերը։ Գործիքային երաժշտության հիմքում հենց լեզուն է։ Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համարագ»,- ընդգծեց մաեստրոն։

Խոսելով «Ռեքվիեմի» մասին Մանսուրյանը նշեց, որ հոգու պարտք ուներ Եղերնի զոհերի հիշատակի առաջ և այս գործով կարծես մարել է այդ պարտքը։ «Ռեքվիեմի» համար նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի և դասական երաժշտության միջազգային մրցանակին՝ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում։ Իրեն հատուկ պարկեշտությամբ մաեստրոն պատասխանեց հնչած բոլոր հարցերին։ Մանսուրյանը համալսարանի ռեկտորին նվիրեց խտասալիկ և երկու օրինակ իր գրքերից։ Բայց չսահմանափակվեց այդքանով։ Անսպասելի անակնկալ պոլիտեխնիկցիների համար։ Հնչեցրեց «Կտոր մը երկինք»-ը՝ տարածելով մանսուրյանական բարձրաճաշակ մեղեդին։ Իսկ ռեկտոր Գոռ Վարդանյանը Մանսուրյանին նվիրեց իր պատկերով պատրաստված, սահմանափակ քանակով արծաթե զարդ։

Հանդիպման ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը․ «Կուզեի բոլորս իրապես գնահատեինք այսօրվա քննարկման խորությունը, մաեստրոյի մտքերն ու էներգետիկան։ Դահլիճում հնչեցին Չարենցի այն տողերը, որոնք վերաբերվում են Հայաստանի փրկությանը, ես կարծում եմ այդպիսի մտքերը վերաբերվում են որոշակի ժամանակահատվածների։ Ժամանակ առ ժամանակ կարելի է հանդգնել և մեծերի հնչեցրած մտքերի հետ չհամաձայնվել։ Ես հավատացած եմ, որ Հայաստանը փրկության կարիք չունի։ Հայաստանը ունի զարգացման, կրթության, մշակութային նոր վերելքներ գրանցելու կարիք։ Նոր Մանսուրյաններ, Կոմիտասներ, Խաչատրյաններ ծնելու, իսկ այս դեպքում նոր Ալիխանյաններ և Մերգելյաններ»։

Տիգրան Ավինյանը անդրադարձավ նաև Մանսուրյանի այն մտքին, որ պետք է լինել համաշխարհային շղթայի մի մաս․ «Եթե դա երաժշտության մեջ է ճշմարտություն, տեխնոլոգիաների ոլորտում առավել կարևոր է արդի խնդիրների հետ առնչություն ունենալ և փորձել լուծումներ գտնել հենց այդ խնդիրներին»։

Հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնելով ներկաներին, հորդորեց լինել հանդուգն, ապստամբ և սիրել այն գործը, որը կատարում են։