Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ «Ակօս»-ի
Ամսի 19-ին մեկնարկեց Հրանտ Դինք հիմնադրամի` Սաբանջը, Բողազիչի և Բիլգի համալսարանների հետ համատեղ կազմակերպած «Կործանված քաղաքակրթություն՝ ոչ մահմեդական բնակչության ունեցվածքը Օսմանյան կայսրության անկման և վաղ հանրապետական ժամանակաշրջանում» համաժողովը:
Բացման ելույթը Ռաքել Դինքնն էր:
Հիշելով 2005թ. համաժողովը՝ նա հետևյալն ասաց. «Ուղիղ 10 տարի առաջ՝ 2005թ. կայացավ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի հայերը. գիտական պատասխանատվություն և ժողովրդավարություն» անունը կրող, սակայն «Հայերի համաժողով» անունով հայտնի համաժողովը: Թուրքիայի ամենամեծ Բողազիչի, Բիլգի և Սաբանջը համասարանները կազմակերպեցին այս համաժողովը, որը կարելի է բեկումնային համարել Թուրքիայի ժողովրդավարության պատմության մեջ:
Հեշտ չէր: Այս հաստատությունները, դրանց ռեկտորները և համաժողովի կազմակերպչական աշխատանքներում տեղ գտած մարդիկ կարող էին «Թուրքիային թիկունքից հարվածող» համարվել: Սրա համար թանկ վճարեցին: Սակայն նրանք ճանապարհ հարթեցին այսօրվա համար:
Եվ ուղիղ տասը տարի հետո՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, այդ երեք համալսարանների ջանքերով նորից այստեղ ենք»:
Շնորհակալություն հայտնելով այս երեք համալսարաններին և բոլոր աջակցողներին՝ Ռաքել Դինքը շարունակեց. «Ժողովրդիս կորուստների համար ամեն օր ողբամ՝ քիչ է: Սա և՛ հայերի, և՛ մարդկության մեծ կորուստն է: Եթե նկատել եք, մեր երգերի 95 տոկոսը ողբի պես է: 1909թ. Ադանայի կոտորածից հետո Զաբել Եսայանն իր «Ավերակների մեջ» գրքում նշում է, որ դժոխային այդ օրերի խավարը և իրական խորությունը անհնար է լիովին հասկանալ: Միգուցե այդ խորությունն ամենաշատը ողբի միջոցով ենք զգում: Ժողորդական երգերի միջոցով կարողանում ենք հասնել Ադանա, Բինգյոլ, Վան և զգալ այդ գեղեցկությունների կարոտն ու ոչնչացված քաղաքակրթությունը:
Հրանտ Դինք հիմնադրամում արդեն երկու տարի է, ինչ մի խումբ երիտասարդ փնտրում է Թուրքիայում ոչ մահմեդականների ունեցվածքների մնացորդները, կազմում է հազարավոր եկեղեցիների, դպրոցների, սինագոգերի ցանկը: Ամենակարևոր աղբյուրների մեջ ամենից առաջ գանձ որոնողների կայքերն են հայտնվում: Հրանտն ասում էր. «Գետնի տակ հայերի գանձերը որոնողներն ինչքանո՞վ նկատեցին գետնի երեսին նրանց ունեցած գանձերը: Փորձը ցույց է տալիս, որ առհասարակ չնկատեցին»:
Այսօր՝ 100 տարի անց, մենք ինչու՞ ենք դեռ անցյալից խոսում այն դեպքում, երբ մեր շուրջը տեսնում ենք նորանոր տառապանքներ, երբ հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց տները, հայրենիքը, երբ մենք ականետես ենք լինում անմեղ երեխաների դաժան մահվանը, երբ քաղաքակրթությունների բախումն ավելի է ահագնանում: Ինչու՞ ենք այսքան մեծ կարևորություն տալիս 100 տարի առաջ ոչնչացած մի քաղաքակրթության:
Գուցե մեր երկիրը մինչ այժմ դուրս է մնացել այս քննարկումներից, սակայն մարդ արարածն այդ քննարկումներն արել է ըստ պատշաճի և այս համընդհանուր բանաձն է զարգացրել. «Մի՛ մոռացիր, հիշեցրու՛, որ այլևս չկրկնվի»:
«Եվ նրանք, ովքեր մոռանում են, վախենում են ոչ միայն անցյալից, այլ նաև ապագայից: Չմոռացված անցյալը նաև ապագայի երաշխիքն է»:
Մի խոսքով՝ հարյուր տարի առաջ այս հողերում, որտեղ բոլորս միասին էինք ապրում, հնագույն մի քաղաքակրթություն է ոչնչացվել: Այսօր էլ են փորձում հնագույն մշակույթներ ոչնչացնել:
Այսօր այստեղ ենք, որ ճիշտ հարցադրումներ անենք: Այսօրվա իրադարձությունները և դրանց հետևում գտնվող իրականությունն ամբողջովին կարող ենք տեսնել միայն այն դեպքում, եթե կարողանանք անցյալը ճիշտ փոխանցել: Եվ այդ ժամանակ կարող ենք կանխել չարիքներն ու ասել` «այլևս երբեք»: